Արման Թաթոյանը`«երկնագույների օմբուդսմենի» ինստիտուտի ձևավորման մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2015 թվականի նոյեմբերի 11-ին Եվրամիությունը «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության» համաձայնագրի հիման վրա ֆինանսավորում էր հատկացրել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարգավորումներ իրականացնելու համար:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` որոշում եմ. Հաստատել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ 2015 թվականի դեկտեմբերի 2-ին եւ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը»,- գրված է Սերժ Սարգսյանի հրամանագրում, որն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Ինչեւէ: ԵՄ-ն մի շարք ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հարցով առանձնացրել էր նաեւ սեռական փոքրամասնությունների մասով օրենքում կարգավորումներ իրականացնելու հարցը, որը փաստացի ձեւավորելու է «երկնագույների օմբուդսմենի» ինստիտուտ:

Դեռեւս 2016 թվականի մայիսի 4-ին գրել էինք, որ ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, ներկայիս օմբուդսմեն Արման Թաթոյանը ԵՄ անդամների եւ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հետ համատեղ հանդիպման ժամանակ առաջարկել էր, որ այդ ինստիտուտը ստեղծվի հենց ՄԻՊ գրասենյակին կից: Իհարկե, այս տարբերակը ամենեւին էլ Կարեն Անդրեասյանի սրտով չէր, բայց նա ոչինչ չէր կարողացել անել: Եւ, ահա, իրադարձություններն այնպես զարգացան, որ Արման Թաթոյանն ինքը դարձավ իր իսկ առաջարկի կատարողը:

Ինչպե՞ս է ԵՄ ծրագիրն իրագործվելու: «Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ զրուցեց Արման Թաթոյանի հետ, ով նախ ասաց.

-Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, խորհուրդ եմ տալիս ավելի մանրամասնորեն ուսումնասիրել այդ փաստաթղթերը, դրանք բոլորը հրապարակային դաշտում առկա են:

-Այսինքն՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից «երկնագույների պաշտպանություն» իրականացնող հանձնաժողով չի՞ ստեղծվելու:

-Ո՛չ, այդպիսի բան նախատեսված չէ, խոսքը բոլորովին այլ բանի մասին է եղել:

-Կոնկրետ ասեք, խնդրում եմ, ի՞նչ կարգավորումների մասին է խոսքը:

-Խոսքը վերաբերում է հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը, տարեցների իրավունքների պաշտպանությանը: Այս կարեւոր հարցերի մասին է խոսքը, դուք ուսումնասիրեք այն նրբությունը, որ ամեն ինչ հստակ լինի:

-Դուք ՀՀ արդարադատության փոխնախարար եղած ժամանակ չե՞ք առաջարկել այդ հանձնաժողովը ստեղծել ՄԻՊ գրասենյակին կից` չկանխատեսելով, որ հետագայում Դուք կարող էինք օմբուդսմեն նշանակվել եւ ինքներդ իրականացնել այդ գործառույթը:

-Ո՛չ, Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Կրկին ասում եմ, որ խոսքը վերաբերում է հաշմանդամների իրավունքների պաշտպանությանը, եւ այդ նախագծի մշակման հետ Մարդու իրավունքների պաշտպանը որեւէ առնչություն չունի: Ես Ձեզ վստահեցնում եմ, եկեք, մի՛ փնտրեք բաներ, որոնք գոյություն չունեն:

Քնար Մանուկյան




Լրահոս