ԼԻՍԿԱՅԻ ՈՐԴՈՒ ՕԳՆԱԿԱՆԸ՝ ԴԱՏԱԽԱ՞Զ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մինչեւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ԱԺ-ը չներկայացնի ՀՀ գլխավոր դատախազի անունը, ամեն օր հասարակական ու քաղաքական շրջանակներում շարունակվելու է քննարկվել դատախազի հավանական թեկնածուի հարցը: Երեկ էլ՝ ողջ օրվա ընթացքում, համառորեն տեղեկություններ էին շրջանառվում, որ ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվելու ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը:
Իսկ ո՞վ է: Նա համարվում է ՀՀ նախագահի նստավայրի “կադրը”: Ս. Սարգսյանին շրջապատող երիտասարդները, այդ թվում եւ երիտասարդ ՀՀԿ-ականները, վերջին շրջանում մշտապես զբաղվել են Գ. Կոստանյանի լոբբինգով: 
Հնարավորինս շատ մարդիկ են միջնորդել, որպեսզի Գ. Կոստանյանը նշանակվի այդ պաշտոնում, սակայն, “Ժողովուրդ”-ի տեղեկություններով, մինչեւ երեկ Ս. Սարգսյանը Կոստանյանի մասին այսպիսի կարծիք էր հայտնել. “Գեւորգը լավ տղա է, բայց շատ երիտասարդ է: Դատախազի պաշտոնն իրավաբանի համար գերագույն աստիճանն է”: Արդյոք կհաջողվի երիտասարդներին համոզել Ս. Սարգսյանին՝ կպարզվի շատ մոտ ապագայում: Սակայն երիտասարդ ՀՀԿ-ականները երեկ՝ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում, վստահեցրին, որ նախօրեին քննարկվել է դատախազի հավանական թեկնածուի հարցը, ու այս պահի դրությամբ ամենահավանական թեկնածուն հենց Գ. Կոստանյանն է:
Նշենք, որ անկախ իշխանական երիտասարդների ցանկությունից՝ Գ. Կոստանյանը դատախազությունում “ընդունված” անձ չէ, ու դժվար թե նրան “գրկաբաց” ընդունեն: Հիշեցնենք, որ դեռեւս 2011թ., երբ Գ. Կոստանյանը նոր էր նշանակվել այդ պաշտոնում, կոնֆլիկտ ունեցավ այսօր արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ այն բանի համար, որ փորձել էր բջջային հեռախոսով մտնել Ա. Հովսեփյանի աշխատասենյակ: Երբ Հովսեփյանը նկատողություն էր արել, որ հեռախոսով չի կարելի, Կոստանյանը թողել ու հեռացել էր: Այդ օրվանից նա համարվում է դատախազության համար ոչ հարազատ պաշտոնյա:
Իսկ վերջին ամենախայտառակ քայլը, որը կատարեց Գ. Կոստանյանը՝ դրանով արժանանալով հասարակության արհամարհանքին ու անվստահությանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն արդարացնելու մասին հայտարարություններն էին: 
Հունիս 1-ին Ս. Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքից հետո, որի ժամանակ մահացավ Ավետիք Բուդաղյանը, կալանավորվեց Ս. Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը՝ մեղադրվելով Ա. Բուդաղյանի սպանության համար: Սակայն Գ. Կոստանյանը դեռ գործի հաջորդող օրերին հրապարակավ հայտարարեց, թե Խաչատրյանի որդին անմեղ է, քանի որ ինքնապաշտպանություն է գործել, ու նրա շնորհիվ էլ ՀՀԿ-ական Լիսկայի որդին ու թիկնապահն ազատություն ստացան: Ահա թե ով է ցանկանում դառնալ ՀՀ գլխավոր դատախազ եւ ինչ սկզբունքներով է պաշտպանելու ՀՀ օրենսդրությունը:
Հիշեցնենք, որ “Դատախազության մասին” ՀՀ օրենքի համաձայն՝ “Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuեւորել քաղաքական զuպվածություն եւ չեզոքություն”: Մինչդեռ Գեւորգ Կոստանյանը դեռ Սերժ Սարգսյանի օգնական աշխատած տարիներից եղել է ՀՀԿ-ին կից չինովնիկ:
Ի դեպ, Գ. Կոստանյանի հայրը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի  25.09.2013թ.




Լրահոս