Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը լավ հիմք կդնի ԼՂ հակամարտության հարցով բանակցություններ վարելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«ԼՂ հարցով մեր դիրքորոշումը բոլորին հայտնի է: Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ փոխըմբռնման և այն ջանքերի համար, որոնք Դուք գործադրում եք այդ հարցի լուծման համար»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Ցավոք, մեկ կողմի ցանկությամբ նման հակամարտությունները չեն կարգավորվում: Եվ մենք ուրախ կլինեինք, եթե այսօր մենք կարողանանք առաջընթաց գրանցել ձեռքբերված համաձայնությունների իրականացման հարցում, այսինք՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմներ ստեղծել: Եվ դա աշխատանքային տրամադրություն կստեղծի բանակցություններ անցկացնելու համար»,- հավելել է ՀՀ նախագահը:
ՌԴ նախագահն իր հերթին համաձայնվել է քննարկել այդ հարցերը:
Նշենք, որ ավելի ուշ տեղի կունենա Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը: