«ՀԱՐԳԵԼԻ՛ ՆԱԽԱԳԱՀ, ԲՆԱԿԱՐԱՆՍ ԵՆ ԽԼՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն դիմած Գայանե Աբրահամյանը մեղադրում է «Նորվիկ» վարկային կազմակերպությանը` խաբեության միջոցով տունն իրենից խլելու, իսկ դատական ատյաններին` կողմնակալ վճիռներ կայացնելու մեջ: «Նորվիկ»-ն էլ իր հերթին վստահեցնում է, որ կազմակերպությունը որեւէ մեղավորություն չունի:
2008-ին քաղաքացի Գայանե Աբրահամյանին անհրաժեշտ է եղել մոտ 15.000 դոլարի վարկ վերցնել: Տիկինը պատրաստ է եղել գրավ դնել բնակարանը, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց, մեքենա պետք է գներ եւ առաջին կարգի հաշմանդամ ամուսնու բուժման ծախսերը հոգար: «Սակայն քանի որ իմ աշխատավարձը կազմում էր ընդամենը 50.000 դրամ, իմ դիմած վարկային կազմակերպությունը հրաժարվեց վարկ տրամադրել: Հետո հարեւանուհիս առաջարկեց «Նորվիկ» վարկային կազմակերպությունից վարկ վերցնել»,-պատմեց Գ. Աբրահամյանը: Ի վերջո, տունը գրավ դնելով՝ Գայանեն վարկ է վերցնում ու, ինչպես ինքն է պնդում, դառնում խաբեության զոհ. «Պայմանագիր կնքեցինք, բայց խաբեության միջոցով. ես տեղյակ չեմ եղել, որ պայմանագիր եմ կնքել, նույնիսկ պայմանագիրը կազմելուն մասնակից չեմ եղել: Ես իզուր ստորագրեցի այդ կեղտոտ պայմանագիրը: Երբ արդեն վարկի գումարը ստանալու ժամանակն էր, այն վերցնել չհաջողվեց. պատճառաբանեցին, թե մի քանի օրից նոր կլինի: Հետո՝ որոշակի ժամանակ անց, հաջողվեց ճշտել, որ իրականում մեր` իմ ու ամուսնուս փոխարեն վարկը վերցրել է հարեւանուհուս պատկանող ՍՊԸ-ն եւ վաղուց օգտագործել»:
Գայանե Աբրահամյանը ստիպված դիմում է իրավապահ մարմիններին, ընթացքում պարզվում է, որ նման եղանակով այլ պայմանագրեր էլ են կնքվել, եւ այլ քաղաքացիներ եւս տուժել են` գրավադրելով իրենց բնակարաններն արդեն ստացված եւ ժամկետանց վարկի դիմաց:
Դատարանում երկարատեւ գործընթացից  հետո, ի վերջո, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացնում է դատավճիռ, ու, ինչպես տուժած տիկինն է նշում, հանցագործների մեծ մասը դառնում է վկա, եւ միայն հարեւանուհուն` Շ. Ամիրխանյանին են դատապարտում: «Դատարանից խնդրեցինք անվավեր ճանչել խարդախությամբ կնքված պայմանագիրը, սակայն դատարանը մերժեց իմ պահանջը: Աշխարհում չկա եւ չի կարող լինել մի օրենք, որը խաբեությամբ կնքված գործարքը համարի օրինական, միայն Հայաստանում են պատահում նման վիճակներ: Տվյալ գործով արդարադատությունը չի իրականացվել օրենքին համապատասխան, քանի որ  առկա են օրենքի վրա ազդող այլ շահեր եւ անձինք»,-ընդգծեց մեզ դիմած քաղաքացին: Ըստ տիկնոջ` դատավորները կողմնակալ են եղել` բարիդրացիական հարաբերություններ ունենալով «Նորվիկ» կազմակերպության հետ:
Գ. Աբրահամյանը դիմում է ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն նրա սպասելիքները կրկին չեն արդարանում: «Վճռաբեկ դատարան էլ հասանք, սակայն նույնիսկ չլսեցին գործը եւ հետ ուղարկեցին: Ես դիմում-բողոք եմ ներկայացրել ՀՀ նախագահին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին եւ այլոց: ՄԻՊ-ը եւս, տեսնելով դատավորի կողմից թույլ տված խախտումները, դիմել էր նրանց պատասխանատվության ենթարկելու խնդրանքով, սակայն ստացվել էր, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բացակայում են: Սա է մեր դատաիրավական համակարգը: Ինչքան էլ բարեփոխումների մասին խոսեն, միեւնույն է, դատարաններում մեզ նման հասարակ մարդիկ չեն կարողանում իրենց իրավունքները պաշտպանել»,-դժգոհեց Աբրահամյանը: Նա մեր թերթի միջոցով դիմեց նաեւ երկրի բարձրագույն ղեկավարությանը` «հարգելի՛ նախագահ, բնակարանս են խլում»` հուսալով, որ ՀՀ նախագահը կհանձնարարի  միջոցներ ձեռնարկել անարդարություն իրականացրած մարդկանց պատժելու համար, ինչպես նաեւ թույլ չի տա, որ վարկի դիմաց գրավ դրված բնակարանն իրենից խլեն:
Կատարվածի կապակցությամբ զրուցեցինք նաեւ «Նորվիկ» վարկային կազմակերպության ներկայացուցչի հետ: Իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Միհրան Պողոսյանը նշեց, որ քաղաքացի Աբրահամյանը եթե անգամ տուժածի դերում է, դրանում «Նորվիկ»-ի մեղքը չկա. «Եթե պարտավորություն են ստանձնում մեր կազմակերպության հանդեպ եւ չեն իրագործում, հարցը լուծվում է դատական կարգով, իսկ դատարանը, ինչպես գիտենք, համապատասխան որոշումն արդեն իրականացրել է»:
Ինչ վերաբերում է քաղաքացու` պայմանագրի կազմման գործընթացին մասնակից չլինելուն, Մ. Պողոսյանը նշեց. «Կազմակերպությունը պարտավոր չէ այդ փաստաթղթի կազմմանը մասնակից դարձնել հաճախորդին. կազմակերպությունը ներկայացնում է իր պայմանները, եւ եթե քաղաքացին հարմար է գտնում, ստորագրում է: Այնպես որ, «Նորվիկ»-ին խարդախության մեջ մեղադրելու իրավունք չունեն»:
Խարդախության արդյունքում իր բնակարանը կորցրած Գայանե Աբրահամյանը ՀՀ-ում արդարադատության հաստատմանը չհասնելու դեպքում պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս