Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Այստեղ նրան դիմավորում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին և Վատիկանի ղեկավարին Հայաստանում դիմավորում են հատուկ արարողակարգով:
Սրբազան քահանայապետին դիմավորում են նաև մանկական երգչախումբը, իսկ ժամանման պահին երեխաների կողմից նրան մատուցվեց հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրան և լավաշ: Օդանավակայանի նախագահական տերմինալում տեղի կունենա կարճատև զրույց ՀՀ Նախագահի և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ:
Այնուհետև սրբազան քահանայապետը կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ տեղի կունենա Պապի բարիգալստյան հրաշափառի արարողությունը, որից հետո էլ կտրվի ծրագրի պետական մասի պաշտոնական մեկնարկը: Այնուհետև Սրբազան քահանայապետը կժամանի նախագահի նստավայր, որտեղ առանձնազրույց կունենա ՀՀ նախագահի հետ, որից հետո ՀՀ Նախագահը և Սրբազան քահանայապետը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին:
Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ: