ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՋՐԱԳՆԴԱԿ ԷԼ ՈՒՆԵՆՔ
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, Գյումրիում անցկացվել է ջրագնդակի միջազգային պատանեկան մրցաշար, որին մասնակցել են Թբիլիսիի «Լիգամուս», Երեւանի «Վիկտորիա», «Սպիտակ», «Արմադա», Գյումրու եւ Վանաձորի համանուն թիմերը:
Ճիշտն ասած, այս լրատվությունը զարմացրեց մեզ, քանի որ ջրագնդակի մասին Հայաստանում կարծես թե վաղուց բոլորը մոռացել էին։ Բայց պարզվեց, որ դա այդքան էլ այդպես չէ, քանի որ Հայաստանում այս պահի դրությամբ առնվազն հինգ պատանեկան թիմ կա։ Դե, եթե կա պատանեկան թիմ, ուրեմն վաղն էլ կլինի երիտասարդական… Գուցե դեռ վաղ է երազելը, բայց շարունակենք ներկայացնել լրատվությունը։ Հինգ խաղում նույնքան հաղթանակ է տոնել եւ մրցաշարի հաղթող ճանաչվել «Լիգամուս»-ը: Նրան հաջորդել են «Վիկտորիա»-ն եւ «Սպիտակ»-ը: Իսկ մրցաշարը կազմակերպել էր ջրագնդակի հայկական դաշնությունը, որի նախագահ Կարեն Գյունաշյանը զրույցի ժամանակ ասել է, որ Գյումրի եւ Վանաձոր քաղաքները երբեւիցե չեն ունեցել ջրագնդակի թիմեր: Եվ միայն այն բանից հետո, երբ ստեղծվել է մարզաձեւի հայկական դաշնությունը, Երեւանից մասնագետներ են գործուղվել երկրի երկրորդ եւ երրորդ քաղաքներ: Պարզվել է, որ այդ քաղաքներում շատ են սիրում ջրագնդակ մարզաձեւը: Եվ դա թույլ է տվել կարճ ժամանակում կազմավորել թիմեր, որոնք մասնակցեցին միջազգային մրցաշարի եւ այն էլ Գյումրիում, որտեղ երբեք ջրագնդակի որեւէ մրցաշար չի անցկացվել: Մրցումներին ներկա են եղել նշանավոր բռնցքամարտիկ Մեխակ Ղազարյանի ղեկավարած քաղսպորտկոմիտեի աշխատակազմը, Վանաձորի, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները եւ ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիայից Յուրի Դրոզինը: Վերջինը ջրագնդակի հայկական դաշնության մասնագետների ուղեկցությամբ այցելել է Վանաձոր եւ տեղի մարզիչների հետ անցկացրել տեսագործնական պարապմունք:

«ՀԵՆՐԻԽԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԼԱՎ ԽԱՂԱԼ»
Մյունխենի «Բավարիա»-ի գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, որն ամռանն է տեղափոխվել «Բորուսիա»-ից, խոսել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին. «Կարծում եմ՝ լավ է խաղում: Երեւում է, որ Մխիթարյանը կարողանում է լավ խաղալ ու կարող է «Բորուսիա»-ին օգտակար լինել ինչպես Գերմանիայի առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում»: Գերմանիայի հավաքականի խաղացողն անդրադարձել է նաեւ Դորտմունդի «Բորուսիա»-ի լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու հնարավոր տեղափոխությանը «Բավարիա». «Շատ ուրախ կլինեմ, եթե Լեւանդովսկին համալրի «Բավարիա»-ի կազմը: «Բորուսիա»-ում մենք շատ լավ էինք հասկանում միմյանց»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս