ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՈՒԳԱՆՈՒՄ ԵՆ ԾԽՈՂՆԵՐԻՆ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Երեւան տրանս» ՓԲԸ-ի համապատասխան աշխատակիցները երկար ժամանակ է, ինչ շրջում են Երեւանում եւ տուգանում հասարակական տրանսպորտի այն վարորդներին, որոնք վարելու ժամանակ ծխում են: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց ընկերության աշխատակից Լիլիթ Հակոբյանի հետ. «Այո՛, երկար ժամանակ է, ինչ նման ստուգումներ են իրականացվում Երեւանում: Իհարկե, նրանց նաեւ տուգանում են»: Նշենք, որ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքով սահմանափակվում է ծխախոտի օգտագործումը քաղաքային տրանսպորտում եւ փոխադրամիջոցներում, ներառյալ ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները, ինչպես նաեւ օդակայանները, ավտոբուսի եւ գնացքի կայարանները: Ի դեպ, ղեկին բջջայինով խոսելու եւ ծխելու համար վարորդները տուգանվում են 5000 դրամով:

ԴԵՖԻՑԻՏ
Ձվի հայաստանյան շուկայում արձանագրված վերջին թանկացումների հետեւանքով Երեւանի մի քանի սուպերմարկետներում եւ խանութներում գրեթե մեկ շաբաթ է, ինչ ձվի դեֆիցիտ է առաջացել: Մասնավորապես «Մոսկվիչկա» սուպերմարկետը գրեթե հինգ օր «Էկո» ֆիրմայի ձու չի ստացել, իսկ մյուս ընկերությունները միայն երեկ են սկսել ձու մատակարարել: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայաստանյան շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող 5 սուպերմարկետներում մեկ հավկիթը թանկացել էր 5 դրամով: Այս պատճառով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում, ձվի թանկացման հետ կապված, քննարկումներ են ընթանում, եւ տնտեսվարողները ներկայացնում են իրենց պատճառաբանություններն ու հիմնավորումները: Նշենք, որ ձվի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններն են՝ «Երեւանի թռչնաֆաբրիկան»-ն, «Լուսակերտ», «Արզնի» եւ «Արաքս» թռչնաֆաբրիկաները:




Լրահոս