ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՎՃԻՌԸ ԲԵԿԱՆՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. հունիսի 20-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քր. օր.-ի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով առաջադրված մեղադրանքով արդարացնել ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքում հաշվառված, Բերդ քաղաքում բնակվող, 1970թ. ծնված Կորյուն Ալավերդյանին: Դատարանը վճռել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Մասիս Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Կ. Ալավերդյանը 2012թ. հունվարի 18-ին կազմակերպել է համաքաղաքացի Վլադիմիր Վանեսյանի բնակարանից կատարված գողությունը: Նրա կազմակերպմամբ Վանաձոր քաղաքի բնակիչներ Վահե Թումասյանը եւ Մասիս Խաչատրյանը, նախնական համաձայնության գալով, դռան կողպեքը կոտրելու միջոցով մուտք են գործել Վ. Վանեսյանի բնակարան եւ ննջասենյակի մետաղյա պահարանից գողացել ընդհանուր արժեքով 38 մլն 488 հազար 75 դրամի ոսկե զարդեր եւ գումար: Վ. Թումասյանն իրավապահների կողմից չի հայտնաբերվել:
Դատավճռի հրապարակման հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Վ. Վանեսյանը եւ նրա կինը՝ Գայանե Մելքումյանը, Երեւանում դժգոհություն էին հայտնել Զ. Զաքինյանի կայացրած դատավճռից եւ ցանկանում էին նամակով դիմել ՀՀ նախագահին: «Ես արդարադատություն եմ իրականացրել: Կ. Ալավերդյանն արդարացվել է, քանի որ հանցակազմ չկար»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Զ. Զաքինյանը:
Նշենք, որ ավելի քան 38 մլն դրամ արժեքով գողոնից դատարանում առկա է եղել ընդամենը մեկ մատանի՝ որպես իրեղեն ապացույց: Տուժող Վ. Վանեսյանը պատճառված վնասի վերականգնման պահանջ չի ներկայացրել դատարան, սակայն հունիսի 20-ին կայացված  վճռով տուժող կողմին իրավունք է տրվել դրա համար քաղաքացիական հայցով դիմել դատարան:
Այս քրեական գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ներսես Չիլինգարյանը քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարան վերաքննիչ բողոք է ներկայացրել Զ. Զաքինյանի կայացրած դատավճռի դեմ` պահանջելով ամբողջությամբ բեկանել հունիսի 20-ին կայացված դատավճիռը եւ Մ. Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քր. օր.-ի 177-րդ հոդվածի 1-ին եւ 1.1 կետերով նշանակել ավելի խիստ պատիժ, իսկ Կ. Ալավերդյանին պատասխանատվության ենթարկել ՀՀ քր. օր.-ի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով:
Եվ ահա քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 20-ին որոշել է Ն. Չիլինգարյանի, ամբաստանյալ Մ. Խաչատրյանի պաշտպան Մ. Դավթյանի, տուժող Վ. Վանեսյանի ներկայացուցիչ Հ. Արսենյանի վերաքննիչ բողոքները մերժել: Դատարանը որոշել է Կ. Ալավերդյանի վերաբերյալ ՀՀ քր. օր.-ի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով, Մ. Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. հունիսի 20-ի դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս