ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած եւ նույնիսկ սպասվող ընտրությունները «Պահպանողական» կուսակցությունը զավեշտալի է համարում: Կուսակցության քարտուղար Թաթուլ Մկրտչյանի խոսքերով «Պահպանողական» կուսակցությունը «ամենայն հավանականությամբ կմասնակցի համապետական ընտրություններին, թեեւ կատարվածներն ու գալիքները ընտրություն անվանելը զավեշտալի է»: Իսկ եթե զավեշտալի է համարում, ինչո՞ւ է մասնակցում: Հարցին Մկրտչյանը այսպիսի պատասխան տվեց. «Մի հիմար օրենքով սենց սահմանվեց, որ եթե կուսակցությունը չի մասնակցում «ընտրություններին», կորցնում է իր կարգավիճակը, այդ նույն հիմարությամբ թվային ցենզ է սահմանված, մենք էլ ստիպված պահպանում ենք այդ ձեւական կողմերը, բայց ինքներս հստակ գիտենք` ինչ ենք ուզում, եւ դա ամրագրել ենք մեր ծրագրերում»: Մեր այն դիտարկմանը, թե  «Պահպանողական» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է դաշինքո՞վ, թե՞ միայնակ, քարտուղարն ասաց. «Պահպանողական» կուսակցությունը կլինի այն դաշինքում, որի ծրագրային առաջնային կետում բացեիբաց կներառվեն քաղաքական, մեր կարծիքով կենսական խնդիրների հստակ պատասխաններ, օրինակ` ԿԳԲ-ի ներքին գործակալական արխիվների բացում, լեզվի ու հանրակրթության մասին օրենքներում վերջին դավաճանական փոփոխությունների անհապաղ վերացում եւ այլն»: ՊԿ քարտուղարի խոսքերով իրենց կուսակցությունը նախ եւ առաջ «հոգեկեցություն է, եղբայրակեցություն, ապա նոր քաղաքական կառույց»: Կուսակցության քարտուղարը նշեց, որ իրենց կուսակցության անդամների թիվը «դե, 3 հազարի կարգի էլի, սական անկեղծ ասեմ` յուրաքանչյուր կուսակցությունում բառի բուն իմաստով քաղաքական գործիչները լավագույն դեպքում երկնիշ թվերով են հաշվվում»: Մեր զրուցակցի կարծիքով այսօր Հայաստանի  քաղաքական կյանքում ամենից շատը պակասում է «հենց քաղաքականությունը». «Էսօր զբաղված են գուշակություններով, թե Ռուսաստանն ո՞ւմ կուզի, ո՞ւմ չի ուզի, ի՞նչ անեն, որ հատկապես իրենց ուզի: Մի տեսակ ռուսական ազդեցության գործակալական ցանց է հայ ազդեցիկ քաղաքական դասը: Մինչդեռ խնդիրը պետք է լիներ Ռուսաստանից անկախանալը, խնդիրը պետք է լիներ մեր քաղաքական միտքը ռուսականից ազատագրելը: Գաղութներում քաղաքականություն չի կարող լինել, գաղութները հրահանգներ կատարող սպասարկուներ են»: ՊԿ քարտուղարը հավելեց նաեւ, որ այդ հարցում դաշնակիցներ թերեւս կունենան, իսկ պոտենցիալ անկախականները կլինե՞ն. «Չէի կամենա պրոյեկտ վիժեցնել, թո՛ւյլ տվեք բավարարվել արդեն իսկ ասածով»: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐԱՅՆ




Լրահոս