Որքա՞ն կարելի է սուտ խոսել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը, ապա մեր տնտեսության վիճակն ավելի վատ կլիներ: Նրա բերած հիմնական փաստարկներն այն են, որ վերջին երկու տարիներին հաստատված աշխարհաքաղաքական պայմաններում, միեւնույն է, Հայաստանի տնտեսության վիճակը վատ էր լինելու: «Որովհետեւ այն ազդեցությունը, որն ունի տնտեսական գործոնը, մասնավորապես էներգակրի գների նվազումը, դրա հետ կապված ԵՏՄ-ում բնակչության եկամուտների նվազումը եւ մնացած գործոնները՝ փոխանցումների նվազումները, անկախ նրանից՝ լինեինք ԵՏՄ-ում, թե ոչ, ազդելու էր Հայաստանի  տնտեսության վրա: Այն փաստի շնորհիվ, որ մենք մտել ենք Եվրասիական տնտեսական միություն, այդ ազդեցությունը թուլացել է»,- ասել է Գաբրիելյանը:

Բայց ողջ խնդիրն այն է, որ երբ ԵՏՄ-ի անդամակցությունը դեռ քննարկվում էր, ՀՀ իշխանությունները միաբերան պնդում էին, որ այդ քայլը մեր տնտեսությանը զարգացման մեծ խթան է տալու: Այն ժամանակ, թերեւս, նույն Վաչե Գաբրիելյանը դիտմամբ կամ պատահմամբ մոռացել էր էներգակիրների գների նվազման եւ դրա արդյունքում Ռուսաստանի բնակչության եկամուտների նվազման մասին: Բայց անգամ այս պայմաններում գործող իշխանությունները փորձում են արդարանալ, թե իբր, միեւնույն է, միանայինք-չմիանայինք, վիճակը վատ էր լինելու:

Նկատենք, որ Հայաստանի քաղաքական կյանքի ամենամեծ խնդիրը ստախոսության՝ նման երեւույթներն են: Ի վերջո, ՀՀ պաշտոնյաները երբ պետք է գիտակցեն, որ իրենք պատասխանատվություն են կրում իրենց ասածների համար: Երբ ասում են, որ ԵՏՄ-ին անդամակցությունը տնտեսապես ձեռնտու է, բայց հետագայում հակառակն է ապացուցվում, պետք է բոլորով ասպարեզից հեռանան, այդպես ավելի ազնիվ է: Թեեւ մեր օրերում ազնվության մասին հիշատակումները հեքիաթների ժանրից են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս