Արդեն երկու շաբաթ է, ինչ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր ՍԷֆիլյանը գտնվում է կալանքի տակ: Հիշեցնենք, որ 2016թ. հունիսին 20-ին ՀՀ քննչական կոմիտեն կալանավորել էր Ժիրայր Սէֆիլյանին, քանի որ մայիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի ժամանակ մեքենաներից մեկում հայտնաբերվել էր զենք-զինամթերք, ինչը վերագրվեց Սէֆիլյանին: Այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նշենք, որ անցել է տեւական ժամանակ, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ինչ կապ ունի Ժիրայր Սէֆիլյանը հայտնաբերված զենք-զինամթերքի հետ, ում է նա տվել զենք, կամ ով է ասել իրավապահներին, թե հենց Ժիրայր Սէֆիլյանն է նրանց զենք տվել: Առեղծվածային այս պատմության գործով նախաքննությունը դեռեւս շարունակվում է: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, մինչ օրս հայտնի չէ, թե ինչ կապ ուն Ժիրայր Սէֆիլյանը այս պատմության հետ: Վերջինիս բռնել են այն բանի համար, որ ուրիշ մարդկանց մոտ զենքեր են հայտնաբերել ու ասում են, որ այն Ժիրայր Սէֆիլյանինն է: Ինչքանո՞վ է, ըստ Ձեզ, լուրջ այս մեղադրանքը:
-Ոչ մի բանից տեղյակ չեմ, ոչինչ չեմ կարող ասել:
-Փաստորեն, Ձեզ նման դեպքերը չեն հուզում: Իսկ Դուք ի՞նչ երաշխիք ունեք, որ Ձեզ հետ նման կերպ չեն վարվի: Գուցե գտնվեն զենք ունեցողներ, որոնք ցուցմունք կտան, որ դրանք Ձերն են, ու ստացվում է՝ Ձեզ պետք է կալանավորե՞ն: Առայժմ քննչական կոմիտեն մեղադրանքի այլ հիմնավորման մասին չի հայտարարում:
-Ոչ մի բանի չեմ տիրապետում, ոչինչ չեմ կարող ասել: Հիմի ինչ կլինի ինձ հետ, վաղը, Աստված վերեւն է, ներքեւը ես եմ: Երաշխիքը մամուլի ազատությունն է, որը մենք այսօր ունենք: Քաղաքացիական հասարակության ձեւավորումն էլ վերջին ժամանակներս գնում է առաջ:Դեպի դրան ենք գնում:
-Ինչպես գիտենք՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ով ուզում է, կարող է գնալ ու 800 հա կորցրած տարածքները հետ վերցնել: Ժիրայր Սէֆիլյանն էլ հայտարարել էր, որ պատրաստվում է ազատագրել այդ հողերը: Ինչո՞ւ հենց նա կալանավորվեց: Դուք այդ զուգադիպության մեջ տարօրինակ ոչինչ չեք տեսնո՞ւմ:
-Եթե այդպիսի հայտարարություն եղել է, բացարձակ ոչ: Իսկ եթե ինչ-որ ձերբակալմանը նախորդող գործողություններ են եղել, ուրեմն այդպես է եղել:
Քնար Մանուկյան