Մեղադրանք է առաջադրվել՝ Ասիրյան եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 26-ամյա Ռ. Սահակյանին՝ հունիսի 30-ին Ասիրյան եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հունիսի 30-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2000 թվականին ծնված Հ. Ասիրյանը, 1988թ. ծնված Ա. Ասիրյանը և 1990թ. ծնված Ռ.Սահակյանը: Հուլիսի 1-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Հ.Ասիրյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ասիրյան եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Ռ.Սահակյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի Հույսի ավան թաղամասում Ռ.Սահակյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, մոտեցել է Սահակ Ասիրյանին, և անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ասիրյան ավագ եղբայրների և Ռ.Սահակյանի միջև։ Վերջինիս ձեռքին տեսնելով դանակ՝ նրանց է միացել նաև կրտսեր Ասիրյանը և փորձել օգնել եղբայրներին, որի ժամանակ էլ Ասիրյան եղբայրներից երկուսը դանակահարվել են, վնասվածքներ է ստացել նաև Ռ.Սահակյանը։ Տուժած 2 եղբայրներին երրորդ եղբայրը ընկերոջ ավտոմեքենայով տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ կրտսեր Ասիրյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ռ.Սահակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին




Լրահոս