Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Սամվել Բալասանյանին սատարելու որոշում է կայացրել նաեւ Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ)։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է կուսակցության տարածած հաղորդագրությունից։
«Հուլիսի 14-ին տեղի ունեցավ Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) քարտուղարության նիստը, որի օրակարգային հարցերից մեկը Գյումրիի ավագանու ընտրություններին ՄԻԱԿ-ի մասնակցությունն էր: Հաշվի առնելով ՄԻԱԿ-ի վերջին չորս տարիների ընթացքում ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության կազմում եւ նրա շրջանակներից դուրս ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության հարուստ ավանդույթներն ու օրինակելի փորձը, ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսին աջակցելու հստակ դիրքորոշումը, ՄԻԱԿ քարտուղարությունը որոշեց Գյումրիի ավագանու ընտրություններին պաշտպանել ՀՀԿ թեկնածու, Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին եւ միանալ նախընտրական դաշինքին»,-նշված է հայտարարության մեջ:
ՄԻԱԿ քարտուղարության առաջիկա նիստում կհաստատվի կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների ցանկը, որը կարող է ներկայացվել ավագանու միասնական ցուցակում:
Նշենք, որ հոկտեմբերի 2–ին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածու Սամվել Բալասանյանին սատարելու որոշում են կայացրել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի գլխավորած Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը, ինչպես նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի գլխավորած «Ազգային միաբանություն» կուսակցությունները։