Երբ պետությունը հայտնվում է սնանկացման եզրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական բյուջեից արդեն իսկ ծախսվել է 704 միլիարդ 702 միլիոն դրամ, որը կազմում է ընդհանուր տարվա համար նախատեսված միջոցների 49,2 տոկոսը: Առաջիկա վեց ամիսների համար պետբյուջեում ծախսելու համար մնացել է 727 միլիարդ 50 միլիոն դրամ:

Ինչպես արդեն նշել ենք՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դեռեւս չի հրապարակում, թե այս տարվա հունիսին հարկերից եւ տուրքերից ստացված եկամուտները որքան են կազմել: Այս տարվա պետական բյուջեով նախատեսված է, որ առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները պետք է կազմեն 543 միլիարդ 957 միլիոն դրամ: Նշված գումարից հարկերից եւ տուրքերից ստացված եկամուտները պետք է կազմեին առնվազն 519 միլիարդ 687 միլիոն դրամ: Մյուս կողմից հայտնի է, որ այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով հարկերից եւ տուրքերից ստացված եկամուտները կազմել են 419 միլիարդ 667 միլիոն դրամ: Այսինքն՝ պետական բյուջեի եկամուտների պլանը կատարելու համար հարկային եւ մաքսային մարմինները մեկ ամսում` հունիսին, պետք է հավաքագրեին ավելի քան 100 միլիարդ դրամ: Նման խնդիր պետական եկամուտների կոմիտեն կարող էր լուծել միայն տնտեսվարողներին քերթելու ճանապարհով, քանի որ անցած` 2015 թվականի արդյունքներով հունիսին հավաքագրվել է 90 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր:

Նախորդ տարիներին եւս գրեթե նույն ցուցանիշն է եղել: Հետեւաբար ՊԵԿ-ը չէր կարող հենց այնպես հարկային մուտքերը մեկ ամսվա կտրվածքով ավելի քան 10 տոկոսով հենց այնպես ավելացնել: Այդ կառույցը պլանը կարող էր կատարել միայն տնտեսվարողներին «ռեկետի» ենթարկելով: Առաջիկայում, երբ ՊԵԿ-ը կհրապարակի այս տարվա առաջին կիսամյակում հավաքագրված հարկեր եւ տուրքերի չափը, պարզ կդառնա, թե տնտեսվարողների նկատմամբ ինչ ուժգնության «ռեկետ» է կիրառվել:

Պետական բյուջեի նախնական տարբերակով, որը խորհրդարանի կողմից հաստատվեց, նախատեսված էր, որ պակասուրդը, այսինքն՝ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի տարբերությունը կազմելու է 191 միլիարդ դրամ: Սակայն հետագայում պետական բյուջեի ծախսային մասը 1 տրիլիոն 385 միլիարդ 447 միլիոն դրամից հասցվեց 1 տրիլիոն 431 միլիարդ 752 միլիոն դրամի: Բնականաբար, պետբյուջեի եկամտային մասի ավելացման մասին խոսք լինել չի կարող, քանի որ ՀՀ իշխանությունները դեռեւս անցած տարվանից խոստովանում են, որ 2016 թվականը ծանր տարի է լինելու, եւ եթե հաջողվի նախորդ` 2015 թվականի չափով եկամուտ ունենալ, ապա գոհ պիտի լինենք:

Անցած տարի պետական բյուջեի եկամուտները կազմել էին 1 տրիլիոն 167 միլիարդ 744 միլիոն դրամ, որից հարկեր եւ տուրքերը կազմել են ընդամենը 1 տրիլիոն 67 միլիարդ 900 միլիոն դրամ: Այլ կերպ ասած՝ եթե ընթացիկ տարում պետական բյուջեի եկամուտները կրկնեն անցած տարվա ցուցանիշը եւ կազմեն 1 տրիլիոն 170 միլիարդ դրամի սահմաններում, ապա դա արդեն կարելի է հաջողություն համարել: Այսինքն՝ ստացվում է, որ այս տարվա պակասուրդն իրականում կազմելու է ավելի քան 260 միլիարդ դրամ, ոչ թե 191 միլիարդ, ինչպես նախատեսված է խորհրդարանի կողմից անցած տարվա դեկտեմբերի 9-ին ընդունված պետական բյուջեի մասին օրենքով: Ըստ այդմ, պակասուրդի կիսամյակային պլանը եւս փոփոխության է ենթարկվել: Նախնական տարբերակով, առաջին կիսամյակի կտրվածքով այն պետք է կազմեր 100 միլիարդ դրամ: Սակայն ներկա պայմաններում ՀՀ կառավարությունը պարտադրված է կիսամյակի կտրվածքով պակասուրդի ցուցանիշն ավելացնել առնվազն մինչեւ 130 միլիարդ դրամ:

Ինչպես հայտնի է՝ այս տարվա սկզբից սկսած ՀՀ կառավարությունը պետական պարտքը ամեն ամիս ավելացնում է: Պետական պարտքը ավելանում է ինչպես արտաքին պարտքի մասով` նորանոր վարկեր ներգրավելու միջոցով, այնպես էլ ներքին պարտքի կտրվածքով` պետական պարտատոմսեր թողարկելու ճանապարհով: Մասնավորապես հունիսին պետական պարտատոմսեր թողարկելու ճանապարհով պետական ներքին պարտքը ավելացել է ավելի քան 36 միլիոն դոլարով: Մեր տեղեկություններով՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններն սկսել են իրենց մտահոգությունը հայտնել ՀՀ կառավարության կողմից ներքին պարտքը սրընթաց ավելացնելու առնչությամբ:

Այլ կերպ ասած՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունները համոզված չեն, որ ՀՀ կառավարությունը ներքին պարտքն անընդհատ ավելացնելով, ի վերջո, կկարողանա մնալ վճարունակ եւ ստիպված չի լինի դեֆոլտ հայտարարել: Սովորական ընտանիքի օրինակով սա նշանակում է, որ միջազգային ֆինանսական կառույցները կասկածներ ունեն, որ ՀՀ կառավարությունը պարտատոմսեր թողարկելու միջոցով բարձր տոկոսով այնքան պարտքեր կկուտակի, որ, ի վերջո, ստիպված կլինի խոստովանել, որ սնանկ է եւ չի կարող պարտատերերի գումարները վերադարձնել: Ուստի միջազգային ֆինանսական կառույցները ՀՀ կառավարությանը խորհուրդ են տալիս ստեղծված իրավիճակից դուրս գալու այլ ուղիներ գտնել, որպիսիք տեսադաշտում դեռեւս չեն նշմարվում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս