Հանրապետությունում ցանկացած ցնցում, լարված իրավիճակ զբոսաշրջության բնագավառի վրա անհետևանք չեն մնում. մասնագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ից ՀՀ ոստիկանության Էրեբունի ՊՊԾ շենքում տեղի ունեցող իրադարձությունները բացասական հետեւանք կարող են ունենալ նաեւ զբոսաշրջության վրա: Տուրիստները թերեւս կխուսափեն գալ Հայաստան: Էրեբունի ՊՊԾ շենքի գրոհը արդեն հասցրել է անհանգստություն պատճառել նաեւ տեղական ավիագործակալություններին: Մարդկանց մոտ մտավախություն կա` գնալ-չգնալ, քանի որ Երեւանում իրավիճակը հանգիստ չէ:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Զբոսաշրջային ավիագործակալների ազգային ասոցացիայի խորհուրդի» նախագահ Անդրանիկ Վանցյանի հետ:

-Պարո՛ն Վանցյան, ՀՀ ոստիկանության Էրեբունի ՊՊԾ շենքի գրոհը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ զբոսաշրջության բնագավառի վրա:

-Հանրապետությունում ցանկացած ցնցում, լարված իրավիճակ, բնականաբար, զբոսաշրջության բնագավառի վրա անհետեւանք չեն մնում: Ոչ ոք չի ցանկանում գնալ մի երկիր, որտեղ կրակում են, կամ իրենց կյանքին վտանգ է սպառնում: Ամեն դեպքում ներկա իրավիճակը դրական ազդեցություն հաստատ չի ունենա:

-Իսկ այս մի քանի օրերի վերլուծությունն ունե՞ք: Հասցրե՞լ եք ուսումնասիրել՝ վերջին դեպքերը ազդե՞լ են, թե՞ ոչ:

-Դա այդպես արագ չի կարող արձանագրվել, որովհետեւ մարդիկ մեկ օրում չեն ծրագրում իրենց ճանապարհորդությունը: Դա 20 օր կամ մեկ ամիս անց կերեւա: Քանի որ մարդիկ կան, որոնք մեկ կամ երեք ամիս առաջ են ծրագրել իրենց շրջագայությունները: Իսկ այս դեպքերի արդյունքում կհրաժարվեն իրենք դեպի Հայաստան ճանապարհորդությունից, դեռեւս հայտնի չէ: Միանշանակակ վաղ է այս թեմայի շուրջ կանխատեսումներ ասել: Բայց միեւնույն է՝ նմանօրինակ դեպքերը, բնականաբար, թողել են եւ կթողնեն բացասական հետեւանք: Ավելին՝ այն կարող է արտագաղթին նպաստի:

-Էրեբունի ՊՊԾ շենքի գրոհի արդյունքում կա՞ն ավիագործակալություններ, որոնք մտահոգված են:

-Մեր՝ «Զբոսաշրջային ավիագործակալների ազգային ասոցացիայի խորհուրդը» յուրաքանչյուր շաբաթվա մեջ մեկ անգամ նիստ է գումարում, ինչի ժամանակ քննարկվում է առկա խնդիրները: Դրանց լուծման ուղղությամբ փորձում ենք ճանապարհներ գտնել, լուծումներ առաջարկել: Ներկա իրավիճակի շուրջ նույնպես քննարկում անցկացվել է, իհարկե, բոլորն էլ մտահոգված են: Այսպես ասեմ, որ այսօր մեր իրավունքները մենք ենք միայն պաշտպանում, ոչ մի պետական կառույց տեղյակ չէ ոլորտից: Նախորդ տարիների հետ համեմատ այս տարի գրեթե բոլոր ավիագործակալությունների ավիատոմսերի վաճառքի մոտ 30-35 տոկոս նվազում կա: Իսկ թե ինչ պատկեր կլինի զբոսաշրջության ոլորտում Էրեբունի ՊՊԾ շենքում կատարվող իրադարձությունների արդյունքում, այս պահին հստակ չեմ կարող ասել: Ավելի ուշ պարզ կդառնա: Իսկ ավիատոմսերի անկումը այս տարեսկզբից է սկսել:

-Պարո՛ն Վանցյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը այս թեմայի շուրջ ինչ-որ քննարկումներ, հանդիպումներ իրականացրել է իրավիճակը մեղմելու, այս ֆոնին զբոսաշրջիկներին գրավելու ուղղությամբ:

-Տուրիզմի վարչությունը, որպես պետական կառույց, երբեւէ առարկայական աջակցություն չի ցուցաբերել: Կլինեն որոշ ավիագործակալություններ հակառակը կպնդեն, որովհետեւ իրենց հետ ինչ-որ ընկերական, բարեկամական կապեր ունեն: Ինչ-որ աջակցություն, ինչ-որ ծրագրերի առաջարկ այդպիսի համակարգված մոտեցում այսքան ժամանակ չեմ տեսել:

Հ.Գ. Հուլիսի 17-ից Էրեբունի ՊՊԾ շենքի գրոհն ու հետագա զարգացումները թե ինչ ազդեցություն կարող են ունենալ զբոսաշրջության վրա, ոլորտի պատասխանատուները առայժմ հրաժարվում են խոսել այդ մասին: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ե՛ւ էկոնոմիկայի նախարարությունից, ե՛ւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից: ՔԱԳՎ-ից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ այս հարցի հետ կապված իրենք իրավասու չեն: Իսկ էկոնոմիկայի նախարարությունից, լսելով հարցը, խոստացան զանգահարել եւ պատասխանել: Սակայն ողջ օրվա ընթացքում մենք այդպես էլ էկոնոմիկայի նախարարությունից զանգ չստացանք: Թերեւս այս պատասխանատվությամբ ու օպերատիվությամբ էլ մեր երկրում տուրիզմն են զարգացնում պետական մարմինները:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս