Այսօր արդեն լրացավ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման 12-րդ օրը: Երեկ առավոտյան բերման ենթարկվածներից շատերն ազատ արձակվեցին, փոխարենը եղան ձերբակալություններ: Ձերբակալվածների թվում էր նաև «Սասնա ծռեր» խմբավորման անդամների և հասարակության մեջ կապող օղակ Ալեք Ենիգոմշյանը, ում փաստաբանը հայտնել էր հաշմանդություն ունեցող Ենիգոմշյանի համար չկան համպատասխան պայմաններ՝ նա չի կարողանում հաց ուտել, շարժվել:
Քաղաքացիներն այս անգամ հավաքվել էին Ազատության հրապարակում և ի տարբերություն մնացած օրերի հավաքը սակավամարդ էր: Ազատության հրապարակում էր նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով պատանդի կարգավիճակում մի քանի օր պահվում էր ՊՊԾ գնդում: Ելույթներ ունենալուց հետո Ազատության հրապարակում որոշում կայացվեց երթով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Երթի մասնակիցները հորդառատ անձրևի տակ «միացում» վանկարկելով առաջ են քայլում: Երթն առաջնորդում է Արմեն Մարտիրոսյանը: Սակայն նրանք մինչ Բաղրամյան փողոց գնալը Մարտիրոսյանի հորդորով Ֆրանսիայի հրապարակում կանգ առան: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ինքը չի ասել գնում ենք Բաղրամյան պողոտա, այլ ասել է, որ գնում ենք դեպի Բաղրամյան պողոտա և նշեց, որ հենց Ֆրանսիայի հրապարակում էլ կմնան՝ խաղաղ անհնազանդության հայտնելով:
Երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում թեև դեռևս ամբողջությամբ կանգնած էր, բայց մարդկանց թիվը Ֆրանսիայի հրապարակում գնալով պակասում է: Արմեն Մարտիրոսյանը կոչ արեց գնալ հետ դեպի Ազատության հրապարակ: Նրա կոչին միացան քչերը, մի մասն էլ տուն գնացին: Դավիթ Սանասարյանն ասաց, որ մի քանի կարևոր փողոցներ փակելն անհնազանդության դրսևորում էր:
Արմեն Մարտիրոսյանն Ազատության հրապարակում հավաքվածներին տուն ուղարկեց և տեղեկացրեց, որ վաղը ժամը 19:00-ից ևս հավաքվեն Ազատության հրապարակում: Ըստ նրա՝ իրենք նախատեսել էին փողոցներ փակել և ապա երթով գնալ դեպի Խորենացու փողոց, սակայն չստացվեց՝ առաջին հերթին եղանակի պատճառով: Հետևենք զարգացումներին….