Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 14 տարի, եւ կիրակի օրը Եռաբլուրը կրկին մարդաշատ էր: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընկերները եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ գնացել էին ծաղկեպսակ դնելու նրա շիրմաքարին: Եվ, ինչպես ամեն տարի, այս տարի եւս հուշահամալիրն արտահայտում էր մեր քաղաքական դաշտում առկա իրավիճակն իր ամենացնցուն դրսեւորումներով, թե քաղաքական ուժերը մարդկային ինչ փոխհարաբերություններ ունեն միմյանց հետ:
Նկատենք, որ ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի պաշտոնական այրերը Եռաբլուրում սակավաթիվ էին: Պատճառներից մեկը, թերեւս, այն էր, որ այս տարի նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ չկան, որպեսզի Եռաբլուր պանթեոն ծաղկեպսակ տանելու արարողությունը քաղաքականացվեր եւ մատուցվեր որպես հումանիստական քայլ:
Վազգեն Սարգսյանի շիրմաքարին անձամբ չայցելեց Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը բավարարվեց ծաղկեպսակ ուղարկելով, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սահմանափակվեց միայն ԱԺ բակում գտնվող հուշաքարի մոտ ծաղկեպսակ դնելով: Չեկան նաեւ բազմաթիվ այլ պաշտոնյաներ: Սակայն ավանդույթը չէր խախտել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը Եռաբլուր պանթեոն էր եկել վաղ առավոտյան եւ անձամբ դասավորել սպարապետի շիրմաքարի ծաղիկները:
“Ժողովուրդ”-ը փորձեց Եռաբլուր այցելած բարձրաստիճան պաշտոնյաներից, պատգամավորներից պարզել, թե ինչ են մտածում 14 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության մասին, եւ արդյոք 1999թ. տեղի ունեցած ահաբեկչության գործն ամբողջությամբ բացահայտված է:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
-Պարո՛ն Օհանյան, ճիշտ է, հոկտեմբերի 27-ի հանցագործությունն իրականացնողները դատապարտված են, սակայն հասարակության մի ստված հատվածի մոտ արմատացած կարծիք կա, որ պատվիրատու կազմակերպիչներն իրականում ազատության մեջ են: Դուք այս տարիների ընթացքում ի՞նչ պարզեցիք Ձեզ համար. արդյո՞ք ահաբեկչությունը բացահայտված է, թե՞ դա էլ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանության պես կմնա չբացահայտված առեղծված:
-Ես հավատում եմ մեր արդարադատությանը, որը գոյություն ունի Հայաստանում, եւ այսօր, բացի այդ պաշտոնական տվյալներից, այլ եզրակացություններ անելու տեղ չկա: Շատ տարբեր կասկածներ կարող են լինել, սակայն պետք է հավատանք այն իրողությանը, ինչը որ կա: Իհարկե, մենք դատապարտում ենք այն, ինչ եղել է, մանավանդ մեր սպարապետի առումով: Մենք եկել ենք այստեղ, որպեսզի վառ պահենք սպարապետի հիշատակը՝ որպես մեր երկրի պաշտպանության նախարարության, մեր մարտական ընկերների համախմբող խորհրդանիշի, մարդու, որը կանգնած է եղել մեր պայքարի ակունքներում եւ մեր պետականության կերտմանը մեծ դերակատարություն է ունեցել:
-Այսինքն՝ Դուք վստահ եք, որ սպանությունն ամբողջությամբ բացահայտվա՞ծ է:
-Այս պահին այլ համոզմունքի տեղ չկա:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան
-Եթե նայենք աշխարհում աղմկահարույց սպանությունները, օրինակ՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանությունը, ապա առ այսօր մարդիկ շարունակում են այդ ուղղությամբ մտածել, անձնական նախաձեռնությամբ են գործողություններ իրականացնում: Հասարակության մեջ միշտ էլ դա մնում է: Դա օբյեկտիվ է, ու այն ոչ ոք չի կարող շտկել: Եթե Միացյալ Նահանգներում այդ հարցերի պատասխանները չկարողացան մինչեւ վերջ տալ եւ հասարակության սեփականություն դարձնել, մեզանում, բնականաբար, պետք է մնան այդ հարցերը: Դա կա, չես կարող ժխտել, որ այդ հարցը մնաց: Բայց կարող է լինել իրավիճակ, որ այդ հարցերի պատասխանը դու երբեք էլ չստանաս, տասը տարի, հիսուն տարի, հարյուր տարի հետո էլ չստանաս: Կարող է՝ պատահականությամբ ինչ-որ տեղից ստանաս, բայց որքան հեռանաք, այդքան դրա պատասխանները ստանալու հնարավորությունները փոքրանալու են: Այս ամենը մեր պետության համար շատ մեծ հարված էր, շատ լուրջ փորձություն էր, որից չկարողացանք դուրս գալ: Տա Աստված, որ մեր երկրում դրա նման հարյուր անգամ փոքր դեպքերը չկրկնվեն:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյան
-Ամեն ինչ էլ կարծում են, որ լսենք իրենց, ամեն ինչ կասեն: Հանցագործությունը եղել է, հանցագործները բռնվել են, ու դա փաստացի է եւ վերջ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյան
-Ես վաղուց հոկտեմբերի 27-ը չեմ մեկնաբանում:
Հիշեցնենք, որ երբ Գ. Ջհանգիրյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ էր, հայտարարել էր, որ հոկտեմբերի 27-ի մասին կխոսի այն ժամանակ, երբ լինի ազատ քաղաքացի: Դատելով պատգամավորի մեկնաբանությունից՝ կարելի է ենթադրել, որ 27-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը, թեեւ պետական բարձր պաշտոն չունի, սակայն դեռեւս ազատ քաղաքացի չէ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ժողովուրդ” օրաթերթի 648 համար