Բժիշկը ցանկություն է հայտնել մտնել ՊՊԾ գունդ. Բաց նամակ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բժիշկ Արմեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով բաց նամակ է հղել ՀՀ Առողջապահության նախարարին եւ խնդրել հնարավորություն տալ իրեն մտնել ՊՊԾ գուն եւ օգնություն ցուցաբերել ապստամբներին:

«Պարոն նախարար

հավատալով, որ բժիշկի պարտականությունն է մշտապես կարիքավորի կողքին գտնվել եւ բուժօգնություն ցուցաբերել, ցավով նկատեցի, որ ապստամբներին մի քանի օր առանց բուժօգնության մնալու համար ոչ մի բժիշկ իր խոսքը չհնչեցրեց: Էլ ավելի ցավեցի, որ վերջին օրվա ընթացքում մամուլի հեղեղված է պատանդ բժիշկների վերաբերյալ տեղեկատվությամբ:

Հաշվի առնելով,

* որ նախորդ օրերին շտապօգնության ոչ մի բուժաշխատող ՊՊԾ-ի տարածքում գտնվելուց հետո երբեք չգանգատվեց ապստամբների կողմից վատ վերաբերմունքի համար,

* որ ապստամբները իրենց մոտ պատանդ չպահեցին անգամ ոստիկաններին,

* որ մամուլով եւ հեռուստատեսությամբ հնչում եմ միակողմանի կոչեր,

ես, որպես ՀՀ քաղաքացի, կարծում եմ, որ նման միակողմանի կոչերը եւ անհրաժեշտ քայլերի բացակայությունը վնասում են բժշկի անվանը:

Այդ պատճառով կոչ եմ անում`

1. վերսկսել կանոնավոր կերպով շտապօգնության հերթափոխով ապահովել ՊՊԾ տարածքի մարդկանց բուժօգնությունը, ինչպես որ առաջին օրերին էր: Այլապես ստացվում է տպավորություն, որ ջուրը եւ բուժանձնակազմը ոստիկանների համար էր այնտեղ, այլ ոչ բոլորի համար: Որպես բժիշկ, ես այն կարծիքին եմ, որ անգամ թշնամին պիտի հայ բժշկի կողմից օգնություն ստանա, հետեւաբար ապստամբներին առանց բուժօգնության թողնելը համարում եմ սխալ:

2. դա կատարել հատուկ պատրաստվածություն ունեցող բժշկական անձնակազմով: Կարծեմ ունենք նման պատրաստություն ստացած անձնակազմ, ովքեր ծառայում են ՆԱՏՈյի կազմում, կամ վերջին հաշվով ունենք ռազմական եւ ոստիկանական բժշկական անձնակազմ:

3. Միանշանակ ԱՆ-ն պիտի փաստի, որ ապստամբներին առանց ջուր թողնելը նույնպես հակահիգիենիկ է, հատկապես ամռան շոգերին, եւ պետք է քայլեր ձեռնարկվեն ջրամատակարարման վերականգնման համար` վարակիչ հիվանդությունների առաջացումը կանխելու համար: Կարծում եմ բոլորիս հայտնի է նաեւ, որ երկարատեւ քաղցը կարող է մարդկանց մոտ դյուրագրգռություն եւ ոչադեկվատություն առաջացնել` անկախ իրենց կամքից:

Հասկանալի է, թե դա ինչ հետեւանք կարող է բերել, եւ ովքեր ստիպված կլինեն կիսել դրա պատասխանատվությունը:

4. բուժօգնության, ինչպես նաեւ ջրի եւ սննդի մատակարարման խնդրում ընդգրկել Կարմիր Խաչին, եթե այլ տարբերակ չկա այդ խոչընդոտը հաղթահարելու:

Եթե ԱՆ-ը եւ այլ կառույցներ, այդ թվում Կարմիր Խաչը, չի կարող կազմակերպել այս, ապա ես` բժիշկ Արմեն Գալստյանս պատրաստ եմ որպես բժիշկ մասնակցելու ՊՊԾ գնդում գտնվող ապստամբների բուժօգնությանը, փոխարինելով այնտեղ գտնվող բժիշկներից մեկին,

* եթե լինի երաշխիք, որ իմ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ` բժշկական գործունեության համար աշխատանքի հետ կապված կամ պետական օրգանների կողմից հալածանքի չեմ ենթարկվի,

* եթե երաշխիք լինի, որ ոստիկանության կամ այլ օրգանների կողմից չեմ գնդակահարվի (ապստամբների կողմից երաշխիք չեմ պահանջում),

* եթե ԱՆ-ը ապահովի անհրաժեշտ բժշկական գործիքներով եւ դեղորայքով, ջրով (անշուշտ դեղորայքն ու ջուրը կարող են կամավորականներն էլ ապահովել, բայց տեսնում ենք, որ ոստիկանությունը արգելում է դրանք ներս տանել):

Վստահ եմ, որ այս կոչին կմիանան շատ բժիշկներ, եթե վերոհիշյալ երաշխիքները Դուք, որպես իշխանության ներկայացուցիչ, կարողանաք տրամադրել:

Նախապես նշեմ, որ վիրաբույժ չեմ, հետեւաբար վիրաբուժական ծառայություն ցուցաբերել չեմ կարողանա (այլ միայն վերքերի ու վնասվածքների դեպքում առաջին բուժօգնություն):

Նաեւ հասկանում եմ, որ բժիշկի աշխատանքի որակը 24 ժամից իջնում է` հատկապես սննդի եւ ջրի բացակայության պայմաններում, հետեւաբար այնտեղ գտնվող բուժաշխատողները փոխարինման կարիք ունեն (նույնը կվերաբերի հետագայում ցանկացած մեկին, ով նրանց կփոխարինի):

Բժիշկ գործընկերներիս եմ դիմում. նամակը գրված է իմ անունից, քանի որ ես պարզապես չգիտեի, թե ուրիշ ով կմիանար: Բայց այն կարող է լինել Ձեզանից յուրաքանչյուրինը հավասար չափով, ով ներքեւում իր ցանկությունը եւ անուն ազգանունը կնշի:

Հարգանքներով` Արմեն Գալստյան»,-գրված է բաց նամակում:




Լրահոս