ՏԱՍԸ ՀՆԱՎԱՅՐԻՑ ՄԵԿՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոսում ենք Թուրքիայում, Ադրբեջանում ոչնչացվող հայկական հուշարձանների մասին, բայց շատերս Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում, նույնիսկ մեր բնակավայրում գտնվող հուշարձանների տեղը չգիտենք կամ էլ գիտենք, բայց անխնա ոչնչացնում ենք։
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, օրերս մամուլի ասուլիսում ներկայացնելով «Վայրի բնության եւ  մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի հետ Տավուշի եւ Լոռու մարզերում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, մասնավորապես նշեց, որ, օրինակ, Ջիլիզա, Ոսկեպար գյուղերի տարածքում չբացահայտված բազում հնավայրեր, հուշարձաններ, խաչքարեր կան: Իսկ դրա պատճառն այն է, որ շատերը «զլանում են սրբազան հայրենիքի կածանները տրորել»։ «Ժողովուրդ»-ն  ըստ արժանվույնս չգնահատվող մշակութային հուշարձանների շուրջ զրուցեց հուշարձանագետի հետ։
-Ե՞րբ եւ ո՞ւմ կողմից են Ձեր վերջին ուսումնասիրությունները կատարվել։
-«SOS մշակույթ» ծրագրի շրջանակներում իրականացրած, երկու տարվա տեւողությամբ ծրագիր էր, որն ընդամենը մի քանի օր առաջ ավարտվեց, եւ դրա շրջանակներում հինգ միավոր տպագրական աշխատանքներ լույս տեսան։ Մեր` «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ը ՀՀ մի քանի բնակավայրերի հանրակրթական չորս դպրոցներում (Ալավերդի եւ Ախթալա քաղաքներ, Բերդավան եւ Վարագավան գյուղեր) ձեւավորված ակումբների աշակերտների մասնակցությամբ իրականացրեց հայրենագիտական բովանդակությամբ բազմաթիվ հանդիպումներ, ինչպես նաեւ համատեղ արշավներ դեպի իրենց իսկ բնակավայրերի մերձակայքում գտնվող պատմական հուշարձաններ։ Այդ ընթացքում դպրոցականները ծանոթացան տվյալ հուշարձանի պատմությանը եւ ձեռք բերեցին միջնադարյան վիմագրեր վերծանելու որոշակի գիտելիքներ, մասնակցեցին մի շարք հուշարձանների չափագրման, ինչպես նաեւ հնավայրերի տարածքների մաքրման աշխատանքներին։
-Դուք նշեցիք, որ Ջիլիզայում շատ կան չբացահայտված հնավայրեր: Ջիլիզայի հետ կապված` մեկ այլ բան էլ կա։ Շատերն են ասում, որ այնտեղ հայ-վրացական սահմանն անտառի փեշով է որոշվում, եւ, ըստ տեղեկությունների, անտառը հատվում է հայկական կողմից, այսինքն՝ դրանով իսկ մենք ոչ միայն անտառ, այլեւ տարածքներ ենք կորցնում։ Մտավախություն չունե՞ք, որ մի օր այդ հուշարձաններն էլ տարածքների հետ կհայտնվեն Վրաստանում։
-Ես գիտեմ, որ այդ տարածքում կա ուղեկալ, կան սահմանը հսկող հայ սահմանապահներ, եւ չեմ կարծում, որ Ձեր ասածը կարող է տեղի ունենալ։ Գուցե դրանք վաղուցվա տեղեկություններ են, բայց այսօրվա վիճակով չեմ կարող ասել, որ վրացիներն անտառը հատում են, հատելով մտնում Հայաստանի սահման։
-Ոչ թե վրացական, այլ հենց հայկական կողմից է հատվում, հայերն են դա անում եւ, ծառերը որպես շինանյութ ու վառելափայտ վաճառելով, փող աշխատում:
-Չգիտեմ։ Գուցե կհատեն եւ հատում են, բայց սա արդեն ուրիշ խնդիր է։
-Իսկ մինչ Ձեր նշած գրքերի հրատարակումը այդ բնակավայրերի հուշարձանների մասին ուսումնասիրություններ կատարվե՞լ են, հանրագիտարանային կամ վերլուծական մակարդակով գրքեր եղե՞լ են։
-Օրինակ` Ոսկեպարի դեպքում միայն այնտեղի եկեղեցին է հայտնի, որով զբաղվել եւ որի մասին գրել են ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա գիտնականներ, ճարտարապետներ։ Եվ  դրա մասին շատ նյութեր կան։ Մինչդեռ Ոսկեպար գյուղի տարածքում հնավայրերի թիվը հասնում է մոտ 20-ի, այնտեղ կան բերդեր, երկու վանական համալիր` առաքելական եւ քաղկեդոնական… Իսկ Ջիլիզա գյուղի միայն Չախալաբերդի վերաբերյալ կան նյութեր, որոնց հեղինակը ճարտարապետ Գառնիկ Շախկյանն է։ Մեր հրատարակած գիրքը Ջիլիզայի տասը հնավայր է ընդգրկում, այսինքն՝ տասից մեկն է մինչեւ հիմա ներկայացված եղել։
-ՀՀ կրթության եւ գիտության նախարարին դիմե՞լ եք, որպեսզի, բացի վերոնշյալ 4 դպրոցներից, այլ դպրոցներում էլ նման խմբակներ ստեղծվեն։
-Այս ծրագրի շրջանակում լույս տեսած «Ձեռնարկ հայրենատիրության» գրքույկի հասցեատերերը հենց Ձեր ասած կրթական ոլորտի պատասխանատուներն են։ Արդեն այն փոխանցել են կրթության նախարարին, իսկ թե ինչ արձագանք կունենա, չեմ կարող ասել։ Կապրենք, կտեսնենք։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս