Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատի շուրջ ուշագրավ իրադարձություններ են արձանագրվում: Սակայն տնօրեն Նվեր Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե վախենալու ոչինչ չունի:
Բայց մինչ զրույցին անդրադառնալը հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին տուն-ինտերնատում խեղդամահ էր եղել հիվանդներից մեկը` 84-ամյա Լեոնիդ Ադունցը: Մեզ հասած տեղեկություններով՝ Ադունցին խեղդամահ էր արել հիվանդանոցի հիվանդներից մեկը: Դեպքի առթիվ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնել էին, որ Ադունցը մահացել է սրտամկանի ինֆարկտից:
Սակայն, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, դեռեւս օգոստոսի 25-ին Լեոնիդ Ադունցի եւ հիվանդներից մեկի միջեւ լուրջ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Իսկ թե որքանով են այս դեպքերը միմյանց հետ կապված, հետաքննությունը կպարզի:
Սա դեռ վերջը չէ. հոկտեմբերի 5-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ինքնասպան էր եղել տուն-ինտերնատի բնակիչ, 1957թ. ծնված Արմո Ավակիմյանը` 2-րդ հարկի հիվանդասենյակներից մեկի պատուհանից ցած նետվելով:
Նոյեմբերի 2-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում երրորդ բաժնի հիվանդ Արմենուհի Գրիգորյանը փայտով ծեծի էր ենթարկվել: Կասկածներ կային, որ նրան ծեծել են հիվանդները: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ անձամբ Արմինեն կատարվածից հետո շատ վախեցած է եւ հրաժարվում է մատնացույց անել իր վրա հարձակվողներին:
Իսկ մինչ այդ էլ «Հետք»-ը գրել էր, որ տուն-ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը ինտերնատի հիվանդներին տանում էր Ներքին Շորժա, որպեսզի նրանք պահեին իր անասունները: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Վարդենիսի բաժնի ծառայողները պարզել էին, որ Նվեր Հովհաննիսյանը 2011-ի ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս: Նրան կալանավորել էին: Սակայն Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց, ու նա կրկին աշխատում է նույն տեղում:
Այս բոլոր իրադարձությունների մասին Նվեր Հովհաննիսյանը մշտապես խուսափել է խոսել ու բացատրություններ տալ: Վերջին դեպքի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձել էր մեկնաբանություն ստանալ տուն-ինտերնատի տնօրենից, սակայն վերջինս համառորեն չէր պատասխանել մեր հեռախոսազանգերին:
Նոյեմբերի 4-ին Նվեր Հովհաննիսյանն անձամբ զանգահարեց խմբագրություն եւ առաջարկեց գնալ Վարդենիս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու: Հովհաննիսյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ:
-Մենք զանգահարել ենք, փորձել ենք հասկանալ, թե ինչ է կատարվում տուն-ինտերնատում, սակայն Դուք, լսելով, որ Ձեզ «Ժողովուրդ» օրաթերթից են զանգահարում, մշտապես շտապ անջատել եք հեռախոսը:
-Եթե չեք ճշտում, ուրեմն սուտ ինֆորմացիա եք տպում: Եկե՛ք, տեղո՛ւմ ճշտեք եւ նո՛ր գրեք: Կարող է՝ զբաղված եմ եղել եւ չեմ պատասխանել: Դուք եկե՛ք եւ ստուգե՛ք: Ես խնդրում եմ, ինչ մարմիններ ուզում եք՝ վերցրե՛ք, եկե՛ք, մի հատ ստուգե՛ք, եթե տվյալ անձնավորության վրա ծեծի հետքեր կան, Դուք կտեսնեք, էդ ժամանակ նո՛ր գրեք: Դա իմ արժանապատվության խնդիրն է:
-Վստա՛հ եղեք, որ «Ժողովուրդ»-ը հետեւողական է լինելու, եւ մենք սուտ տեղեկություն չենք հրապարակել: Կգանք եւ անձամբ կծանոթանանք իրավիճակին: Սակայն մի՛ մոռացեք, որ այս դեպքով տուն-ինտերնատում իրավիճակը չի փոխվում, սարսափելի սկանդալային դեպքեր են արձանագրվել այդտեղ Ձեր պաշտոնավարման օրոք:
-Ի՞նչ սարսափելի, սա հոգեբուժարան է, ասե՛ք տեսնեմ՝ սարսափելին ո՞րն է:
-Հոկտեմբերի 5-ին ինքնասպանության դեպք է գրանցվել: Ի՞նչ կասեք, մի՞թե սա սկանդալ չէ:
-Քրեական գործ է բացված, համապատասխան մարմիններն իրենց եզրակացությունը կտան:
-Սեպտեմբերի 3-ին Ձեր հիվանդներից Լեոնիդ Ադունցին խեղդամահ էին արել: Սա ինչո՞վ եք բացատրում:
-Խեղդամահ բառ չի եղել, եզրակացությունը կա:
-Լավ, գուցե ինչ-որ հանգամանքներում խեղդամահն այլ բառ է գրվել, բայց փաստը կա, չէ՞: Իսկ Դո՞ւք չէիք Ձեր հիվանդներին տարել Ներքին Շորժա, որպեսզի նրանք պահեին Ձեր անասունները: Դրա մասին էլ փաստեր կան:
-Այդպիսի դեպքեր չեն եղել, սրանից-նրանից վերցնելով՝ սուտ փաստեր են հրապարակում:
-Ձեզ մոտ սովորությո՞ւն է ամեն ինչին սուտ որակում տալը:
-Ուրեմն նստում եք մեքենա, գալիս եք տուն-ինտերնատ, եթե փաստերն իրականությանը համաձայնեն, գրե՛ք, այլ ոչ թե անհիմն բաներ գրեք: Մեր բոլոր աշխատակիցների, բժիշկների պահանջը դա է:
-Այդ դեպքում ինչո՞ւ եք խառնվել իրար, ինչի՞ց եք վախենում:
-Ես վախենալու ոչինչ չունեմ: Ինչի վրա կասկածում եք, եկե՛ք, անձա՛մբ տեսեք, ծանոթացե՛ք նյութերին: Ինչը կհամապատասխանի իրականությանը, հրապարակե՛ք:
-Մենք կգանք: Բայց մինչ այդ պատասխանե՛ք. ինչպե՞ս է Ձեր մորեղբոր որդին՝ Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, մշտապես հաջողացնում Ձեզ «ջրից չոր դուրս բերել»:
-Նման բան չկա:
Ի դեպ, մեր հրապարակումից հետո տուն-ինտերնատում բավական լարված իրավիճակ է եղել: Բացի տնօրեն Հովհաննիսյանից՝ մեզ հետ զրույցում իրավիճակը փորձում էր փրկել նաեւ գլխավոր բժիշկ Մ. Ղահրամանյանը՝ նշելով, թե Արմենուհի Գրիգորյանն էպիլեպսիկ հիվանդ է ու այնքան է ընկել, որ մարմինը քարտեզ է դարձել. «Նրա հետ ամեն ինչ կարող է լինել, բայց ի՞նչ է նշանակում, որ բժիշկներն են ծեծել, չի կարելի նման բան հրապարակել, մենք աշխատում ենք, իսկ դուք նման բաներ եք հրապարակում»:
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը հետեւողական է լինելու տուն-ինտերնատում տեղի ունեցող դեպքերին:
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ ԻՐԱՐ ԵՆ ԽԱՌՆՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ