Նոյեմբերի 4-ին՝ կեսօրից հետո, Նոյեմբերյանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի համակարգող, սոցիալական ծառայության պետ Սամվել Բեգլարյանի ուղեկցությամբ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը շրջում էր համալիր կենտրոնի բակում, ուսումնասիրում տարածքը: Քաղաքապետից տեղեկացանք, որ ուսումնասիրում են շենքի ջրահեռացման համակարգը փոխելու խնդիրը: Անձրեւներից, տեղումներից հետո շենքի ջրհորդանների ջուրը թափվում է կառույցի հիմքի մեջ` աստիճանաբար խարխլելով այն: Քաղաքապետն ասաց, որ իրենք մտադիր են անձրեւաջրերն ուղղել համալիր կենտրոնին հարակից Զորավար Անդրանիկի փողոց, որտեղից էլ ասֆալտի վրայով, առվի ձեւով դրանք կհեռանան: Զարմանալի է, որ շենքի հիմնանորոգման ժամանակ չեն մտածել ջրահեռացման խնդիրը լուծելու մասին:
Նշենք, որ համալիր կենտրոնի հանդիսավոր բացումը կատարվել է վերջերս՝ 2013թ. սեպտեմբերի 24-ին: Կենտրոնի բացմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, այլ պաշտոնատարներ: Նոյեմբերյանի պոլիկլինիկայի նախկին շենքը նախորդ տարիներին պետական բյուջեի միջոցներով 2 անգամ հիմնանորոգվել է, փոխվել է շենքի տանիքի ծածկը, տեղադրվել են ցինկապատ թիթեղներ: Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն հիմնելու նպատակով շենքը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով եւ պետբյուջեի ֆինանսավորմամբ նորից վերանորոգվել է, տեխնիկապես հագեցվել:
Բացման միջոցառման ժամանակ սոցապ նախարարն ու մարզպետը նորաստեղծ հիմնարկի համակարգող Սամվել Բեգլարյանի ուղեկցությամբ շրջեցին համալիրի տարածքում, ծանոթացան պայմաններին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե որքան գումար է ծախսվել համալիր կենտրոնի ստեղծման համար, նախարար Ասատրյանը կոնկրետ թիվ չնշեց՝ հայտնելով, որ նման կենտրոնների ստեղծման, տեխնիկապես հագեցման համար ծախսվում է 100-150 հազար դոլար: Նշենք, որ նորաբաց համալիրի շենքում լուծված չէ ոչ միայն ջրահեռացման, այլեւ խմելու ջրի մատակարարման հարցը: Պարոն Ասատրյանին հարցրինք, թե ինչպես է լուծվելու կենտրոնի ջրամատակարարման խնդիրը, չէ՞ որ նորաստեղծ հիմնարկի սանիտարական հանգույցներից օգտվելու են ոչ միայն դրա տասնյակ աշխատակիցները, այլեւ այցելուները, այդ թվում՝ հաշմանդամներ: Նախարարն ասաց, որ կտեղադրվի ջրի բաք, եւ այդ ձեւով ջրի խնդիրը կլուծվի: Մինչ այժմ ջրի բաք տեղադրված չէ: Ավելին, հսկայական տարածք զբաղեցնող կենտրոնն անգամ հավաքարար չունի: Հավաքարարի հաստիք պետք է ստեղծվի 2014թ. սկզբին:
Տավուշ