ՊՊԾ գնդի տարածքը զավթելու գործով կալանավորված ազատամարտիկի վեց անչափահաս երեխաները դրսում մնալու վտանգի առաջ են կանգնել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնաբերվել են հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք: Նրանց թվում էր ազատամարտիկ Մհեր Մազմանյանը:

Վերջինս 6 անչափահաս երեխա ունի: Նրանց խնամքի համար ընտանիքը բավարար միջոցներ չունի, սոցիալապես անապահով վիճակում են:

ArmLur.am-ի հետ զրույցում Մազմանյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց, որ եթե այդ պայմաններում զրկում են մարդուն ազատությունից, ապա, ըստ օրենքի, պարտավոր են պետբյուջեից գումար հատկացնել այդ ընտանիքին:

Փաստաբանը նշեց, որ այս հարցով բացի քննություն իրականացնող մարմնից դիմել է նաև ՄԻՊ-ին:

ArmLur.am-ին ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ դեռևս այդ գործով որևէ նոր բան չկա:

Ազատամարտիկ Մհեր Մազմանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը): Նրան ձերբակալել և երկամսյա կալանք են նշանակել  ՊՊԾ գունդը գրաված անդամների հետ հեռախոսային խոսակցություն ունենալու պատճառով:

Մազմանյանի պաշտպանն ասում է, որ հիմա չեն ուզում խորանալ մեղադրանքի բովանդակության մեջ, այժմ կա ավելի  հրատապ խնդիր. «Մենք հուսով ենք, որ շատ մոտ ապագայում հնարավորություն կստեղծվի Մազմանյանի համար, որ ցուցմունք տա, և ինքը կետ առ կետ կներկայացնի, թե իր յուրաքանչյուր բառն ինչին է վերաբերել: «Այս պահին մենք ա´յլ խնդիր ունենք: Տվյալ անձն իր խնամքին ունի 6 անչափահաս երեխա, և պետք է նրանց խնամքի խնդիրը լուծել»:

Ազատամարտիկի հարազատները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ նա տան միակ աշխատողն է, ընտանիքը Երևանում բնակվում է վարձակալությամբ. այժմ վեց անչափահաս երեխաները կանգնած են փողոցում մնալու վտանգի առաջ:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս