ԵՏՄ-ի կողմնակիցները պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած երեք օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իրանի, Ադրբեջանի, ապա Թուրքիայի, երեկ էլ Հայաստանի նախագահների հետ ունեցած հանդիպումների եւ դրանց հնարավոր հետեւանքների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանի հետ:

-Պարո՛ն Մարուքյան, ինչպե՞ս եք գնահատում ռուս-թուրքական հարաբերությունների վերաջերմացումը: Ընդամենը 7 ամիս տեւած խռովությունից հետո մեր ոխերիմ թշնամին եւ դաշնակիցը նորից խոսում են ռազմավարական գործընկերության մասին: Սա ի՞նչ վտանգներ է բերելու Հայաստանին, մասնավորապես Ղարաբաղի հարցում:

-Ժամանակին, երբ հարաբերությունները խզվել էին, ես ասել եմ, որ դա շատ կարճ է տեւելու, եւ շատ արագ վերականգնվելու են, այդպես էլ եղավ: Հիմա Թուրքիայի նախագահը, ըստ էության, աշխարհի կողմից ընկալվում է որպես բռնապետ: Ռուսաստանի հետ մտերմացումը խոսում է այն մասին, որ Էրդողանը արեւմուտքի կողմից մերժված առաջնորդ է, նրա տնտեսական շահերը այս պահին շատ վնասված են, եւ Ռուսաստանի հետ սանկցիաները մեծ ազդեցություն են ունեցել, եւ միակ տարբերակն այն էր, որ վերականգնվեն հարաբերությունները:

Ռուսաստանը հրավիրում է Թուրքիային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մասնակցության, կարծում եմ՝ սա ռազմավարական գործընկերոջ քայլ չի կարող գնահատվել եւ, բնականաբար, ի վնաս մեզ աշխատող հանգամանք է: Այստեղ պետք է ուրախությամբ նշեմ, որ գոյություն ունի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Մինսկի համանախագահ երկրներ, այսինքն՝ միայն Ռուսաստանը չէ, եւ, բնականաբար, նրանք իրենց հակակշռող դերը կունենան, չպետք է որեւէ կերպ թույլ տալ, որ Թուրքիան ներգրավվի պրոցեսների մեջ եւ որեւէ դերակատարում ունենա:

-Երեկ տեսանք, թե ինչպես Էրդողանը մի քանի րոպե ցուցադրաբար սպասեցրեց Պուտինին, ով բավականին անհարմար վիճակում հայտնվեց: Սա ի՞նչ էր նշանակում:

-Չեմ կարող ասել: Հայտնի է, որ Ռուսաստանի նախագահը տարբեր երկրների առաջնորդներին ժամերով սպասեցրել է, հիմա էլ իրեն մի քանի րոպե սպասեցրեցին, եւ դա արեց Էրդողանը: Նորմալ է, ինչ ասեմ, իրար արժանի գործընկերներ են:

-Արդյո՞ք դա Էրդողանի կողմից հատուկ էր արված, եւ կարող ենք պատկերացնել նման մի իրավիճակ, երբ, օրինակ, Սերժ Սարգսյանը մի քանի վայրկյան սպասեցներ Պուտինին:

-Արարողակարգային հարց է: Ցանկացած իրավիճակում կարող է դա տեղի ունենալ, բայց Պուտինի պարագայում դա ավելի շատ նկատվեց զուտ այն հանգամաքով, որ աշխարհի հզոր երկրի առաջնորդն է:

-Օգոստոսի 8-ին Պուտինը Բաքվում նույնքան ջերմագին ողջագուրվում էր Հայաստանի մեկ այլ թշնամու` Ադրբեջանի նախագահի հետ, նաեւ ջերմ ժեստեր փոխանակում Իրանի նախագահի հետ:

Կարծես այս ուղղությամբ եւս գործընթացները առաջ են գնում` Հայաստանի շահերի հաշվին: Գոնե Իրանի մասով ի՞նչ է անում Հայաստանը` իր առաջնայնությունը ապահովելու եւ Ադրբեջանից ավելի նախընտրելի գործընկեր լինելու համար:

-Հիմա պրոցեսները շատ արագ են զարգանում: Իրանի հետ կապված մենք պետք է պատրաստ լինեինք այս գործընթացներին, բայց մենք պատրաստ չէինք դրան, եւ հարեւան երկրներն են դրանից օգտվում, այդ թվում՝ Վրաստանը: Եւ սա տեսլական եւ ռազմավարական մոտեցումներ չունենալու խնդիր է, արտաքին քաղաքականություն չունենալու խնդիր է:

Իսկ ինչ վերաբերում է Ալիեւի հետ ջերմ հանդիպմանը, դա նորություն չէ, ես չեմ զարմացել, ինչ կա այդտեղ զարմանալու, եղբայրական երկրներ են: Ես պետք է ասեմ, որ այս իրավիճակում Ռուսաստանի շահերը մեր շահերի հետ չեն համընկնում, իսկ պետությունները շահերով են առաջնորդվում, բարեկամական-բան, հեքիաթներ են. դա պետք է հստակ հասկանաք եւ ինչքան շուտ, այդքան լավ:

-Պուտին-Սարգսյան հանդիպման ընթացքում, ըստ Ձեզ, արդյո՞ք Հայաստանի առջեւ դրվել է տարածքային զիջումների վերջնագիր: Հաշվի առնենք, որ նախօրեին Ալեքսանդր Դուգինը հայտարարել էր, որ 5 շրջանները, որպես առաջին քայլ, վերադարձնելու հարցում թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանն ու Թուրքիան համաձայն են: Հայաստանն ինչպե՞ս կարող է այդ 4 երկրների կամքին դիմագրավել:

-Ամեն ինչ էլ հնարավոր է: Դրա համար Հայաստանը չպետք է իր ունեցած բոլոր ձվերը դնի մեկ զամբյուղի մեջ, զամբյուղի անունն էլ Ռուսաստանի Դաշնություն է, որովհետեւ զամբյուղը վայր կընկնի, ու բոլոր ձվերը կկոտրվեն: Հետեւաբար պետք է դիվերսիֆիկացված քաղաքականություն վարել, եվրամիության հետ ասոցացված համաձայնագիրը վավերացնել, այսօր արեւմուտքում մեր գործընկերներին չկորցնել, պահպանել, ինչը, սակայն, ներկայումս չի ստացվում, ինչպես տեսնում ենք:

-Այսօր արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հաշվին Արցախի հարցում անթույլատրելի զիջումների պարտադրանքի գնով հասնել նրան, որ Ադրբեջանը մտնի ԵՏՄ: Արդյո՞ք սա Սերժ Սարգսյանի կողմից 2013 թ. սեպտեմբերի 3-ին մեկ գիշերվա մեջ կայացրած որոշման արդյունքը չէ, ինչպե՞ս ենք սրա դիմացն առնելու:

-Ասոցացման համաձայնագրի 4 տարվա բանակցությունները այնուհետեւ եվրոպական, արեւմտյան մեր գործընկերներին նման վատ իրավիճակում դնելը, ԵՏՄ մտնելը, բերելու էր սրան, եւ սրա մասին 11 թվականից ասում ենք: Ինչ ասել ենք, տեղի է ունենում, ես չեմ զարմանում:

Նորմալ է ամեն ինչ, քաղաքական ամբողջ պալիտրան կողմ էր, 7 պատգամավոր է դեմ քվեարկել, այն փաստարկումներով, որ մեր անվտանգության համար է: Այդ մարդիկ հիմա քաղաքական պատասխանատվություն պետք է կրեն, կամ գոնե ասեն, որ մենք սխալ էինք այդ ժամանակ, ու հիմա ելքեր փնտրեն:

Արփինե Թովմասյան




Լրահոս