Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպել են Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները, որտեղ քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ անվտանգությունից մինչեւ կոմունիկացիոն խնդիրներ: Դրանից հետո՝ օգոստոսի 9-ին, Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, որտեղ նույնպես կարեւորվել է տնտեսական համագործակցության խորացումը: «Մենք պետք է ոչ միայն վերականգնենք նախկին մակարդակը, այլեւ գերազանցենք այն, գնանք ավելի առաջ։
Դա պետք է իրականացվի գործարար շրջանակների օգնությամբ»,- ասել է ՌԴ նախագահը: Նրա խոսքով՝ հանդիպմանը ներկա բոլոր անձինք շահագրգռված են համատեղ նախագծերի իրագործմամբ: Դրանից առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է գործարկելու «Թուրքական հոսք» գազատարը, որը ռուսական գազը Թուրքիայով պետք է հասցնի Եվրոպա: ՌԴ-ն բարդություններ ունի ուկրաինական ճակատում եւ հայտնվել է պատժամիջոցների տակ, որի արդյունքում տնտեսական լուրջ խնդիրներ ունի:
Սիրիական հարցում իր անցանկալի ինքնուրույնության եւ կառավարման դիկտատորական հատկանիշների խորացման պատճառով Էրդողանը նույնպես հայտնվել է բավական բարդ իրավիճակում Արեւմուտքի հետ հարաբերություններում: Հատկապես հեղաշրջման փորձից եւ մահապատիժը վերականգնելու` Էրդողանի ցանկությունից հետո ավելի է խորացել միմյանց նկատմամբ անվստահությունը: Ակնհայտ է, որ ՌԴ-ն ու Թուրքիան, որոնց հարաբերություններն Արեւմուտքի հետ վերջին շրջանում բարդացել են, եւ առաջացել է շատ մեծ անվստահություն, օբյեկտիվորեն պետք է ձգտեին միմյանց: Այս ամենը, իհարկե, չէր կարող աննկատ մնալ:
Արեւմուտքը չի կարող թույլ տալ այլ բեւեռների առաջացում իր սահմանին, բայց նաեւ հասկանում է, որ որքան վանում է Ռուսաստանին, այնքան ավելի է մեծանում հակառակ բեւեռի առաջացման ռիսկը:
Մյուս կողմից էլ Թուրքիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ, կարեւոր ստրատեգիական նշանակություն ունի: Այստեղ ոչ միայն տնտեսական ու կառուցվածքային, այլեւ ռազմա-քաղաքական եւ անվտանգության շահերի խնդիր է առաջ գալիս, ուստի ԵՄ-ն ու ԱՄՆ-ն իրենց ուշադրության կենտրոնում են պահում ռուս-թուրքական գործակցությունը: Բրյուսելն ու Վաշինգտոնը այս փուլում ձգտում են ցուցաբերել որոշակի զգուշավոր մոտեցում, որպեսզի չսրեն իրավիճակն ու չխթանեն ռուս-թուրքական կամ ռուս-իրանական հարաբերությունների այս կամ այն տեսքով ինստիտուցիոնալացումը: ՆԱՏՕ-ից արդեն իսկ արձագանք է եղել Պուտին-Էրդողան հանդիպման կապակցությամբ, որը, ըստ էության, պրոակտիվ արձագանքի նշանակություն ունի, այսինքն՝ եղած իրավիճակին կանխարգելիչ պատասխան տալու կամ այն չսրելու քաղաքական-տեղեկատվական ինչ-որ միջավայրի ձեւավորում:
Այսպես՝ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ հանդիպումը հատուկ մեկնաբանության կարիք չունի: Սա ոչ թե անտարբերության, այլ հակառակը՝ մեծ, բայց քողարկված ուշադրության դրսեւորում է: «Թուրքիան կարեւոր դաշնակից է, իսկ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի համար կարեւոր է պահպանել բաց կոմունիկացիան»,-ասված է նույն հայտարարությունում: Ինչպես երեւում է, կիրառվում է ճկուն արձագանքման մարտավարությունը: ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ փոխում է իր մարտավարական մեթոդները՝ «կոշտ ուժից կամ մեթոդներից» անցնելով «փափուկ ուժին» եւ հակառակը, որպեսզի ստեղծի հավասարակշիռ վիճակ եւ կանխի աշխարհաքաղաքական մարգինալացման գործընթացները: Նա ճնշում է այնքան, քանի դեռ դա պայթյունավտանգ չէ, այնուհետ կոնֆլիկտը կամ մրցակցությունը տեղափոխում է համագործակցության դաշտ, որն էլ շահում է՝ ունենալով կազմակերպական-կառուցվածքային եւ ֆինանսական հսկայական ռեսուրսներ: Այսպիսի մարտավարությունը առավելապես կիրառելի է Ռուսաստանի նկատմամբ, քանի որ վերջինն ունի բավական մեծ ռեսուրսներ, հատկապես գերհզոր ռազմուժ եւ «անկանխատեսելի էլիտար վարքաբանություն»:
Արեւմտյան ստրատեգները հասկանում են, որ մարգինալացված տերություններն իրենց գործողություններում դառնում են ռադիկալ, փնտրում են միմյանց ու միավորվում, դրա համար որոշել են փոքր-ինչ մեղմել իրավիճակը: Նրանք, ընդգծելով Թուրքիայի կարեւորությունը, Անկարային հասկացնում են, որ դեռ Արեւմուտքի հետ կամուրջներն այրված չեն, իսկ Ռուսաստանի հետ գործընկերությունը ողջունվում է եւ կարող է լինել շարունակական: Իհարկե, դիվանագիտական լեզուն շատ հարուստ է ու երկիմաստ, հետեւաբար, ՆԱՏՕ-ի հայտարարությունը պետք է մեկնաբանել նաեւ որպես նախազգուշացում, որ եթե այսպես շարունակվի, ապա Դաշինքը կամ, ընդհանրապես, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կսկսեն ավելի լրջորեն զբաղվել նրանցով, եւ առկա լավ հարաբերությունները կարող են փչանալ: Ավելի պարզ ասած՝ ամեն կողմ վերը նշված հայտարարությունը կհասկանա այնպես, ինչպես պետք է, որ հասկանա ու անի համապատասխան հետեւություններ:
Բայց մի բան պարզ է, որ ստեղծված իրավիճակում արեւմտյան տերությունները փորձելու են իրականացնել լարվածության թուլացման եւ պրեւենտիվ քաղաքականություն՝ խուսափելով ռուս-թուրքական ռադիկալ դրսեւորումներից: Իսկ թե ինչ հետեւություններ կանեն Անկարան ու Մոսկվան, կախված կլինի նրանց դաշնակցության արժեքային եւ շահերի իրական արտահայտման բնույթից:
Արման Սահակյան