ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔ
Մինչ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարում է, թե նախարարությունն ամեն ինչ անում է Սեւանա լճում ձկնագողության դեպքերը բացառելու համար, երեկ հերթական մահվան դեպքն արձանագրվեց Սեւանա լճում որսագողության ժամանակ:
Ժամը 12:00-ին տեղեկություն ստացվեց, որ Սեւանա լճում՝ Արտանիշ գյուղի մոտ, կա ջրահեղձված քաղաքացի: Փրկարարները հայտնաբերեցին, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի բնակիչ 41-ամյա Պողոսյան Կորյունն է, իսկ նույն մարզի Ծովազար գյուղի բնակիչ Վարուժան Յազրյանին փրկարարները փրկեցին: Վերջիններս լճի վրա են եղել ափից գրեթե 300 մետր հեռավորությամբ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ծովագյուղի ղեկավար Վահրամ Գեւորգյանը պատմեց, որ Կորյունն ու Վարուժանը խեցգետին են որսացել. «Դե երեւի նավակի հետ կապված խնդիր է առաջացել, ու տեղի է ունեցել այս դեպքը»:
Բայց չէ՞ որ բոլորն էլ խեցգետին որսալու անվան տակ ձկնագողությամբ են զբաղվում եւ շատ հաճախ այսպիսի ծանր ճակատագրի արժանանում. այս դիտարկմանը գյուղապետը պատասխանեց. «Ձկնագողության համար շատ խորը պետք է գնան, եւ, առհասարակ, ձկնագողությունն օրը ցերեկով չեն անում, այլ գիշերները»:
Նշենք, որ ջրահեղձ եղած Կորյունն ամուսնացած էր եւ ուներ մեկ չափահաս որդի:

ՇԱՏԱԽՈՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ
Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը, ուսումնասիրելով քաղաքապետարանի 2007թ. կատարած արտաքին  հեռախոսազանգերի ցուցակը, սկանդալային բացահայտում է արել. «Պարզվել է, որ յուրաքանչյուր ամիս միջին հաշվով արտասահման խոսվել է 200-300 հազար դրամի խոսակցություն: Դրանք խոսվել են 8-11 երկիր, որոնք ոչ մի կապ չունեն Գյումրի քաղաքի քույր-եղբայր քաղաքների հետ. Հոլանդիայի հետ է խոսվել, Ռոստով է խոսվել, Մոսկվա, Դուբայ, Կանադա, Ամերիկա, բնականաբար, եւ այլն, եւ այլն: Էդ գումարը, կրկնում եմ, ամեն ամիս կազմել է 200,000 մինչեւ 270,000-300,000 դրամ: Սա տարեկան, պատկերացնո՞ւմ եք, մոտավորապես ինչ թիվ է»:

ՏԵՂԱՓՈԽԵ՛Ք
Պահպանողական կուսակցությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում ազատ արձակել Շանթ Հարությունյանին եւ կալանավորված մյուս անձանց, ինչպես նաեւ «մեր ազգային սգո օր դեկտեմբերի 2-ից մեկ այլ ժամանակահատված տեղափոխել ՌԴ նախագահի այցի ժամկետը»: Հիշեցնենք, որ 1920թ. դեկտեմբերի 2-ին ստորագրվել է  Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ
ԵՄ-ի աջակցությամբ անցկացված մոնիթորինգի արդյունքներով Արեւելյան գործընկերության երկրներում մեդիայի ազատության ցուցանիշով առաջատարը Մոլդովան է, ապա Վրաստանը, իսկ Հայաստանը երրորդ տեղում է: Մեր երկրին հաջորդում է Ուկրաինան, որին հետեւում է Ադրբեջանը: Ամենաանազատ մեդիա ունեցող երկիրը Բելառուսն է:




Լրահոս