Շոյգուն Ադրբեջանին է փոխանցել Ռուսաստանի ռազմական պլանը. ռուսական աղբյուրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Զաքիր Հասանովը փոխանակվել են Կասպից ծովում հավաքական անվտանգության համակարգերի ստեղծման և ռուսական զենքի մատակարարման պլաններով, գրում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը:

«Այդ ջանքերի վերջնական նպատակը տարածաշրջանում վստահության ամրապնդումն ու դեպքերի կանխարգելումն է: Դրան զուգահեռ քննարկվել է նաև Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը»,-«Իզվեստիա»-ին հայտնել է ռազմական-դիվանագիտական շրջանակներում տեղեկացված աղբյուրը:

Պարբերականի աղբյուրի խոսքով՝ Սերգեյ Շոյգուն Բաքու այցի ընթացքում Ադրբեջանի ղեկավարությանն է փոխանցել ռուսական ռազմական գերատեսչության առաջարկների փաթեթը և ադրբեջանական կողմից պատասխան առաջարկներ ստացել:

Բաքու այցի մեկ այլ կարևոր թեմա է դարձել ՌԴ-ի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը: Պարբերականի աղբյուրը պատմել է, որ խոսքը մի քանի տարի առաջ կնքված խոշոր պայմանագրի մասնակի վերանայման մասին է

«Իզվեստիա»-ի տեղեկություններով՝ Ադրբեջանը կարող է Մի-35 մարտական ուղղաթիռներ գնել, ինչպես նաև Բաքվում կարող են հետաքրքրվել «Պանցիր» զենիթային համակարգերով, որոնք արդյունավետ են անօդաչուների և օպերատիվ-տեխնիկական հրթիռների դեմ:




Լրահոս