Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված վերջին հարցազրույցի, թերեւս, ամենակարեւոր մասը այդպես էլ աննկատ մնաց: Ինչպես հայտնի է՝ հուլիսի 16-ին Սերժ Սարգսյանը մեկնել էր Ստեփանակերտ: Չնայած բոլորի համար պարզ էր, որ նա գնացել է ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված Արցախի ղեկավարության դիրքորոշումը ճշտելու նպատակով, սակայն պաշտոնապես այդ հանգամանքն ամեն կերպ հերքվում էր: Այնինչ՝ Վիտալի Բալասանյանն իր վերը նշված հարցազրույցի ամենասկզբում ասում է. «Նախագահի (Սերժ Սարգսյանի-խմբ.) այցի շրջանակը հետեւյալն էր՝ հանդիպում բոլոր քաղաքական ուժերի հետ, շարժման նախկին ակտիվիստների հետ, նախկին հրամանատարների հետ: Մեկ խնդիր կար դրված. նախագահը հարց էր բարձրացրել՝ ինչպիսին ենք մենք տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդրի քաղաքական լուծումը եւ ուղիները: Մենք տեսակետներ ենք հայտնել: Որեւէ որոշում ընդհանրապես չի կայացվել հանրապետության նախագահի կողմից, ինչպիսին հնչեցվում է այսօր, իբր Սերժ Սարգսյանը այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, տարածքների հանձման խնդիր է դրված: Ես, որպես բավական ճանապարհ անցած մարդ, հավաստիացնում եմ բոլորին, որ այդպիսի խոսակցություն ընդհանրապես չի եղել»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, հենց արցախցիների կարծիքը պարզելու նպատակով է գնացել Ստեփանակերտ, սակայն իր վերջնական որոշման մասին ոչինչ չի ասել: Ու այդպես էլ պարզ չէ. Արցախի հիմնահարցի լուծումը ինչ զիջումների գնով է լինելու: Բնական հարց է ծագում՝ այդ դեպքում ինչու այդ մասին ի սկզբանե հրապարակային չեն հայտարարում, ինչու են ամեն կերպ հանրությունից իրականությունը թաքցնում: Հիշեցնենք, որ այդ այցի նպատակների մասին նախագահականի տարածած հաղորդագրությունում միայն հետեւյալ նախադասությունն էր նշված «Քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը եւ դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր»:
«Վիկիլիքսի» գաղտնազերծած փաստաթղթերից մեկը, որը «Ժողովուրդ» օրաթերթը թարգմանել է, լույս է սփռում ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների փուլերից մեկի` 2010 թվականի հունվարի 25-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ` Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ-Իլհամ Ալիեւ հանդիպման վրա: Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Դոնալդ Լունի հետ հանդիպման ժամանակ Ալիեւն ասել է, որ Սոչիում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Սերժ Սրագսյանը պնդել է, որ ԼՂՀ-ի կարգավիճակը սահմանող հանրաքվեի կամ պլեբիսցիտի անցկացման ժամկետները ի սկզբանե պետք է սահմանվեն: Հենց այս հանգամանքն էլ պատճառ է դարձել, որ բանակցությունները տապալվեն, քանի որ ադրբեջանական կողմը հանրաքվեի ժամկետի հստակեցմանը դեմ է եղել: Բանակցությունների տապալման մյուս պատճառ, ըստ Ալիեւի, ՌԴ այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինի` ԼՂՀ խնդրի հետ կապված անձնական ծրագրեր ունենալու հանգամանքն է եղել, ինչի արդյունքում Մեդվեդեւի միջնորդությամբ բանակցությունները տապալվել են:
Հայաստանի իրավապահները ուշագրավ խորամանկության են դիմել. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորման «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող անդամներից մի քանիսին եւ անցած տարվա նոյեմբերի 25-ի Նորք-Մարաշում բացահայտված «հանցավոր» խմբի անդամներից մի քանիսին միեւնույն խցում են պահում: Իրավապահները այդպիսով փորձել են պարզել, թե արդյոք նրանք միմյանց ճանաչում են, եւ հնարավոր է, որ երկու խմբերն իրար հետ կապված են եղել: Ի դեպ, «հանցավոր» խմբի գործով արդեն մի քանի ամիս է՝ քննչական ոչ մի գործողություն չի կատարվում: Բայց միեւնույն է՝ քրեական գործը դատարան չի ուղարկվում: Մյուս կողմից էլ այս գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը պարտաճանաչ դիմում է դատարան՝ մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները՝ երկամսյա կալանքների ժամկետները, կրկին եւ կրկին երկարացնելու համար:
ՀՀ ՊԵԿ-ի համարձակությունը չի բավարարում հուլիսին պետական բյուջե մուտքագրված հարկերի եւ տուրքերի չափը հրապարակել: Նկատենք, որ այս վարքը ՊԵԿ-ի մոտ նոր է ի հայտ եկել, բայց սպառնում է դառնալ քրոնիկական: Մինչ վերջերս ամեն ամսվա ընթացքում հավաքված հարկերի եւ տուրքերի չափը ՊԵԿ-ը հրապարակում էր հաջորդ ամսի 1-ին կամ 2-րդ աշխատանքային օրը: Պետբյուջեի պլանի թերակատարման մասին «Ժողովուրդը» նախկինում արդեն տեղեկացրել էր, բայց ողջ խնդիրն այն է, որ այս գործընթացը շարունակվել է նաեւ հուլիսին, ու իրավիճակն ավելի է բարդացել: Ուստի ՊԵԿ-ում գլուխ են կոտրում, թե ինչպես կարող են թվերը մի փոքր բարելավել, որպեսզի հնարավոր լինի դրանք հրապարակել: Ի դեպ, երեկվա դրությամբ պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ ծախսվել է 816 միլիարդ 309 միլիոն դրամ: Սա այն դեպքում, երբ վեց ամսվա կտրվածքով բյուջեի մուտքերը կազմել են ընդամենը 512 միլիարդ դրամ, իսկ հուլիսի արդյունքներով այդ թիվը լավագույն դեպքում 600 միլիարդ դրամի սահմաններում է լինելու:
ՎԵՐՋՆԱԳՐԱՅԻՆ
Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը հաջողությամբ կանխելուց հետո առաջին անգամ Ռուսաստան այցելած եւ Վլադիմիր Պուտինի մոտ կրկին «թանկագին ընկերոջ» կարգավիճակ ձեռք բերած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փաստորեն, որոշել է Արեւմուտքի հետ հարաբերություններում «վա բանկ» գնալ: Նախօրեին Սանկտ-Պետերբուրգում ստանալով Պուտինից բոլոր անհրաժեշտ «դաբրոները»՝ թե՛ զբոսաշրջության, թե՛ ապրանքաշրջանառության, թե՛ «Ակկույու» ատոմակայանի կառուցման եւ «թուրքական հոսքի» գործարկման հարցում՝ Էրդողանն իրեն առավել վստահ է զգում եւ այլեւս պատրաստ է իր բռնապետությանը սպառնացող ցանկացած վտանգ կասեցնել, անգամ եթե դրա համար անհրաժեշտ լինի խզել հարաբերություններն իր ռազմավարական դաշնակցի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ:
Համենայն դեպս, երեկ Էրդողանի արած հայտարարությունն այդ մասին է խոսում: Նա, մասնավորապես, անդրադառնալով ԱՄՆ-ում հանգրվանած Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանը՝ նախագահական նստավայրի առջեւ հավաքված ցուցարարներին ասել է. «Վաղ թե ուշ Ամերիկան ընտրություն կկատարի Թուրքիայի եւ «ՖԵՏՕ»-ի («Ֆեթուլլահականների կազմակերպություն») միջեւ: Կամ հեղաշրջումներ կազմակերպող «ՖԵՏՕ»-ն, կամ ժողովրդավարական Թուրքիան: Նա պետք է ընտրություն կատարի»,- նշել է Էրդողանը: Այսպիսով՝ այլեւս ԱՄՆ-ի հետ վերջնագրերի լեզվով խոսող Էրդողանը բավականին զգայուն սահմանագիծ է հատել, եւ եթե սրանից հետո ԱՄՆ-ն արտահանձնի Գյուլենին, ապա դա կնշանակի, որ Թուրքիայի նման երկիրը կարող է ԱՄՆ-ի նման գերտերությանը պարտադրել իր կամքը: Մյուս կողմից էլ, եթե ԱՄՆ-ն, այնուհանդերձ, չգնա Գյուլենի արտահանձնմանը, դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, ընդհուպ մինչեւ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալուն:
Թե ինչպես կընթանան զարգացումները, պարզ կդառնա արդեն կարճ առաջիկայում, սակայն մեր՝ հայերիս համար Թուրքիայի հետ կապված ցանկացած փոփոխություն հղի է նոր վտանգներով: Մասնավորապես, եթե նախկինում Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հանդիսացել է այն զսպիչ գործոնը, որը, այնուհանդերձ, թույլ չի տվել, որ վերջինս առավել ծավալվի Ադրբեջանին ցուցաբերվող իր աջակցության մեջ, ապա հիմա Թուրքիայի ձեռքերը վերջնականապես ազատվում են, եւ դժվար թե այս փուլում նրա հետ նոր սիրախաղ սկսած Ռուսաստանը կապանք դնի Թուրքիայի ձեռքերի վրա: Առավել եւս, որ խոսք է գնում նոր՝ մեծ եվրասիական տիրույթի ձեւավորման մասին, որում կարեւոր դերակատարություն է վերապահված Թուրքիային:
Միով բանիվ, որ կողմ նայում ենք, վտանգներ են եւ մարտահրավերներ, որոնց, սակայն, դիմագրավող որեւէ ինստիտուտ Հայաստանում չի գործում: Նախօրեին լուծարված ազգային անվտանգության խորհուրդը դրա ցցուն օրինակն է: