ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Ագարակ համայնքում գործող քարի արտադրամասն արդեն երկար ժամանակ է` փակել է ագարակցիների սրբատեղի տանող ճանապարհը: Արտադրամասի թափոնները, տարիներ ի վեր անարգել կերպով լցվելով ձոր, կուտակվել եւ փակել են մատուռ տանող ճանապարհը: Ագարակի բնակիչները բողոքում են ստեղծված իրավիճակից` պահանջելով բացել սրբավայրի` անանցանելի դարձած  ճանապարհը: Ագարակցիների սիրելի սրբավայր հիմա այցելում են միայն այն բնակիչները, որոնք երիտասարդ են եւ կարողանում են, ժայռերը մագլցելով, հասնել սրբատեղի: Բնակիչները պատմում են, որ արտադրամասի աշխատակիցներին բազմիցս հորդորել են չփակել ձորի ճանապարհը, նրանք էլ ամեն անգամ խոստացել են բացել այն, սակայն մինչ օրս չեն արել:
Ագարակի ղեկավար Ռուբիկ Բարխուդարյանը, սակայն, հակառակ սեփական համայնքի բնակիչների, վստահեցնում է, որ քարի արտադրամասը գործում է` չխախտելով ոչ մի կարգ: Ինչ վերաբերում է փակ ճանապարհին, ապա այն խոստացել են շուտով անցանելի դարձնել: Համայնքի ղեկավարը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստեց, որ ճանապարհը քարերից ազատելու համար ե՛ւ գրավոր, ե՛ւ բանավոր դիմել է արտադրամասի ղեկավարին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գարնանը գյուղատնտեսական աշխատանքներն սկսելուն պես կբացեն նաեւ այդ ճանապարհը:
Նշենք, որ Ագարակի հէկ արտադրական կոոպերատիվի ենթակայության տակ գործող քարի արտադրամասը 6 տարվա պատմություն ունի: Այն մոտ 1200 բնակիչ ունեցող Ագարակ համայնքի բազմաթիվ բնակիչների ապահովել է աշխատանքով: Ինչպես համայնքի ղեկավարն է փաստում, նաեւ պարտաճանաչ հարկատու է, ամսական 2 մլն պետական հարկ է մուծում: «Ճանապարհի հետ կապված դժգոհությունն է, դա էլ արդեն կարելի է լուծված համարել»,-հավաստիացրեց Ռուբիկ Բարխուդարյանը: Անդրադառնալով քարի արտադրամասում պարբերական բնույթ կրող պայթյուններին, ինչից նույնպես բողոքում են բնակիչները, նա ափսոսանքով նշեց, որ այդ հարցում համայնքապետարանի հետ համաձայնություն չկա, սակայն նաեւ վստահություն հայտնեց, որ առաջիկայում այդ հարցը նույնպես կկարգավորվի:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս