ԼՂՀ-Ն ԿԴԱՌՆԱ ԼԻԱՐԺԵՔ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ խորհրդարանի կայքում երեկ հրապարակվեց Արցախում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ըստ որի՝ հայկական երկրորդ պետությունը պատրաստվում է կիսանախագահականից անցում կատարել լիարժեք նախագահական կառավարման համակարգի: Հայեցակարգում չի նշվում, թե երբ է անցկացվելու սահմանադրական հանրաքվեն, եւ դրանից հետո առաջին նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները երբ են անցկացվելու: Սակայն առանց այդ էլ իրավիճակը պարզ է: Դեռեւս այս տարվա հունիսի 9-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները որոշել են, որ սահմանադրական փոփոխություններից հետո Բակո Սահակյանը կշարունակի պաշտոնավարել մինչեւ 2020 թվականի մայիսը` ԼՂՀ 6-րդ գումարման խորհրդարանի լիազորության ավարտը: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Արցախում սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան մինչեւ եկող տարվա սեպտեմբերը, արդյունքում միաժամանակ կարձանագրվի, որ մինչեւ գործող խորհրդարանի լիազորության ավարտը կգործի կառավարման հին կիսանախագահական կարգը, գործող նախագահը կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոր ԱԺ-ի եւ նախագահի ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան միաժամանակ` 2020 թվականի ապրիլին:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից 4 հոգու առաջիկայում ազատ կարձակեն: Ենթադրվում է, որ նրանց նկատմամբ կփոխվի խափանման միջոցը` երկամսյա կալանքը: Ըստ նույն լուրերի՝ դրանք այն անդամներն են, որոնք իրավապահներին ասել են, թե չեն իմացել՝ ուր են գնում եւ ինչ են անելու ու բանից անտեղյակ հայտնվել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում: Չի բացառվում նաեւ, որ նրանք օժանդակել են իրավապահներին` տեղի ունեցածի մասին ցուցմունք տալով, ներկայացնելով խմբավորման անդամներից յուրաքանչյուրի գործողությունները եւ դերակատարությունը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գեւորգ Մելքոնյանը եւ Ռուբեն Գրիգորյանը հուլիսի 31-ին իրավապահներին հանձնվել էին ընդհանուր խմբի անդամներից ավելի շուտ: Արդյունքում Գեւորգ Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը չկիրառվեց, եւ նա երկու օր անց ազատ արձակվեց` հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ:

 

 

 
«Վիկիլիքսի» գաղտնազերծած փաստաթղթերից մեկը, որում Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը պատմել է Ռոբերտ Քոչարյանի հետ իր զրույցի մասին, փաստում է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման առնչությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը տարիներ շարունակ նույն է եղել: Պարզվում է, որ դեռեւս 2006թ. փետրվարի 10-ին Ռամբուեում տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ բանակցությունների ժամանակ հայկական կողմը նույն այն մոտեցումն է դրսեւորել, ինչ որ հետագայում Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը եւս համաձայնել է ԼՂՀ կարգավորման շրջանակներում, որպես առաջնահերթ քայլ, Ադրբեջանին հանձնել Արցախի պաշտպանական գոտու այն հինգ շրջանները, որոնք նախկին ԼՂԻՄ վարչական տարածքում չեն եղել: Սակայն համաձայնությունը չի կայացել, քանի որ, ինչպես հետագայում եւս, Ալիեւը չի համաձայնել, որ Քելբաջարի ու ԼՂՀ-ի ապագա կարգավիճակի համար անցկացվելիք հանրաքվեի հստակ ժամկետ նշանակվի 3 կամ 5 տարի հետո:

 

 

 
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Երեւան-Էջմիածին մայրուղու հարեւանությամբ` «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, պատրաստվում է գյուղատնտեսական մթերքների շուկա բացել: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել Առաքել Մովսիսյանից: Վերջինս մեզ հետ զրույցում չհերքեց այդ լուրերը: «Ես չեմ կառուցում, բայց իմ գլխավորությամբ են կառուցում, որ մեր տարածաշրջանի ժողովուրդը առանց գումարի մտնի այդ շուկայի մեջ, ապահով պայմաններում վաճառի, վատ բան եմ անո՞ւմ: Ես չկամ, բայց ասել եմ՝ եթե դնելու եք, ուրեմն ժողովրդին պետք է ձրի մտցնեք ներս: Դրսից եկել են, ուղղակի ես առել եմ այդ հողերը, Մոսկվայից բարերար է, Ռուբեն Մանուկյանն է»,- պատմեց Առաքել Մովսիսյանը: Մի խոսքով, մարդիկ գումար են ներդնում, բիզնես են հիմնում, որպեսզի եկամուտ ստանան, բայց ձեռքի հետ էլ հասցնում են բարերար դառնալ: Հանուն ժողովրդի են որոշել գումար վաստակել, իրենց համար չեն անում:

 

 

 
ՏԵՍԱՎ՝ ԻՆՉ ԵՂԱՎ
Հատկապես ապրիլյան պատերազմի օրերին ընդհատակ անցած եւ ձկների նախանձը շարժող լռությամբ միայն հիշատակվող ՀՀ արտգործնախարարն առանց անհարմար զգալու օրեր անց «ջրի երես դուրս եկավ» եւ վերստին կրկնեց արդեն ձանձրացնող միտքը, թե ինքը ոչ թե «ճառ ասող է, այլ զանգ կախող»: Մի կողմ թողնելով այն, որ դիվանագետի առաջնային հմտություններից մեկը դրսեւորվում է հենց գրագետ ճառ ասելու մեջ, արձանագրենք, որ Է. Նալբանդյանի կախած զանգերն էլ որեւէ կերպ ո՛չ տեսանելի են, ո՛չ էլ լսելի:
Սակայն Նալբանդյանի լռությունը, թերեւս, պատճառներ ունի՝ նախկինի դառը դասերից բխող: Մի քանի տարի առաջ, երբ Նալբանդյանին եւ նրա ղեկավարին թվում էր, թե հայկական հեռահար ռազմավարական շահերը ստորադասելով իրավիճակային լուծումներին, իրենք կարող են հասնել թուրքերի հետ հարաբերությունների կարգավորմանը. ՀՀ ԱԳՆ-ում եւ Հանրապետական կուսակցությունում ամեն առիթով եւ անառիթ հայտարարում էին, թե այսուհետ Հայաստանը վարում է «նախաձեռնողական արտաքին քաղաքականություն»:
Ընդ որում, որպեսզի ակնառու դառնա, թե որքան էին այդ մարդիկ կտրված իրականությունից, հիշենք, թե ինչ կանխատեսումներ էին հնչում տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված: Այս օրերին հանրապետականների թեւի տակ գործող եւ ՀՀ երկու փոխարտգործնախարարների հայր /աներ հայր/ հանդիսացող Խոսրով Հարությունյանը, օրինակ, 2009 հոկտեմբերին կանխատեսում էր, որ մինչեւ տարեվերջ հայ-թուրքական սահմանը կբացվի: Ավելին՝ ինչպես եւ քրիստոնեության 1700-ամյակից առաջ, նա արդեն իսկ հաշվում էր, թե դրանից մեր պետբյուջեն որքան եկամուտ կունենա: Ինքը՝ Նալբանդյանը եւս չէր խուսափում «ճառեր ասելուց»՝ ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վարդագույն հեռանկարները:
Իրադարձությունների հետագա զարգացումից հետո Թաթա Սիմոնյանի «Տեսար՝ ինչ եղավ» հայտնի երգի մոտիվներով Նալբանդյանի հաջորդ ճառասացությունը դրսեւորվեց ՀՀ-ԵՄ շուրջ 4 տարի տարվող բանակցությունների ընթացում: Հայ-թուրքական գործընթացի տապալումից հետո նոր՝ Եվրոպական ինտեգրացիայի վարդագույն հեռանկարներից խոսող Էդ. Նալբանդյանը էլի ջանք ու եռանդ չէր խնայում՝ ներկայացնելու այն օգուտները, որոնք ՀՀ քաղաքացիներին սպասվում էին այդ գործընթացի արդյունքում: Սակայն վերստին Նալբանդյանը հայտնվեց «Տեսար՝ ինչ եղավ» իրավիճակում, քանզի նախաստորագրումից ընդամենը երկուսուկես ամիս առաջ ամբողջությամբ պատրաստ Ասոցացման համաձայնագիրը, այդ թվում եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի, ընդամենը մեկ գիշերվա մեջ ի չիք դարձան՝ Սերժ Սարգսյանի կամքով, կամ, ավելի ճիշտ, կամքի բացակայությամբ:
Եվ ուրեմն, հիմա շատ պետք չէ մեղադրել Նալբանդյանին. մարդն ուղղակի չգիտի՝ ինչ խոսի, ինչ բովանդակության «ճառեր ասի», որ կարճ ժամանակ անց չհայտնվի անհարմար վիճակում:




Լրահոս