«Էրեբունի» ԲԿ-ից ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Մանուկյանին այսօր կվիրահատեն: Արամին այսօր ոտքի կրկնակի վիրահատության կենթարկեն:
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանն արդեն կարողանում է քայլել, իսկ Արամը դեռևս խնդիրներ ունi: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Այսօր կվիրահատեն նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Նշենք, որ հուլիսի 26-ին ՊՊԾ գնդի տարածքում Աշոտ Պետրոսյանը ստորին վերջույթների հրազենային վնասվածք է ստացել, ինչպես նաև՝ հրազենային վիրավորման արդյունքում աջ ազդրի կոտրվածք: Հենց նույն օրը Աշոտ Պետրոսյանը ենթարկվել էր վիրահատության:
Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը՝ կազմակերպված խմբի կողմից և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք շրջանառելը։ Աշոտ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը։