Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է Սագուրամ գյուղի մոտակայքում Ռուսաստանից Հայաստան բնական գազ մատակարարող գազամուղի պայթեցման փորձը: Ահաբեկչական գործողության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալվել են Վրաստանի հինգ քաղաքացիներ՝ Բեկա Բ.-ն, Վլադիմիր Ռ.-ն, Մինդիա Ռ.-ն, Ջաբա Մ.-ն, Նուրի Չ.-ն: Բացի այդ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով ձերբակալված է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լեւան Մ.-ն, իսկ հանցագործության մասին տեղեկություններ ունենալու եւ չիրազեկելու համար՝ քաղաքացի Իրակլի Բ.-ն:
Թե ինչպիսի դրդապատճառներ կարող էին լինել գազամուղի պայթեցման համար, եւ տարածաշրջանային որ խաղացողների ձեռագիրը կարող է լինել դրանում, «Ժողովուրդ»ը փորձեց պարզել Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանից եւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանից:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյան
-Պարո՛ն Պետրոսյան, երեկ Վրաստանի հատուկ ծառայությունները հայտնեցին, որ կանխել են Ռուսաստանից Հայաստան գազ մատակարարող խողովակաշարի պայթեցումը: Ի՞նչ հավելյալ մանրամասներ են Ձեզ հայտնի, եւ Ձեր կարծիքով՝ ովքե՞ր կարող էին լինել նման ահաբեկչության պատվիրատուները:
-Ուզեցել են տեռոր կազմակերպել` գազամուղի հետ կապված, որը անցնում է Սագուրամ գյուղով, օպերատիվ տվյալներով չեն հասցրել իրագործել իրենց ոճրագործությունը, այս պահին ձերբակալված են 7 հոգի: Քննությունը գնում է: Նշեմ, որ իրավապահ մարմինները բավականին մեծ աշխատանք կատարել են, որ իրենք չհասցրեցին իրագործել այդ հանցագործությունը: Երկու ամիս աշխատել են այդ ուղղությամբ, որ կարողացան հայտնաբերել ու ձերբակալել այդ հանցագործներին:
-Իսկ ի՞նչ կասեք հնարավոր պատվիրատուների մասով, ո՞ւմ էր պետք այս փուլում նման գործողությունը: Արդյո՞ք դա կապ ունի Հայաստանում վերջին իրադարձությունների կամ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածության հետ:
-Երեւի թե չէ, չեմ կարող ասել: Ով ոնց է մտածում, ինչ է մտածում, ինչն է պատճառը, չեմ կարող ասել, կարող է պատահել, որ երրորդ պետությունը պատվեր է տվել, հազար ու մի բան կարելի է այստեղ մտածել:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյան
-Պարո՛ն Թորոսյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞վ կարող էր պայմանավորված լինել Վրաստանում գազատարի պայթեցման փորձը, դա ո՞ւմ կարող էր այս պահին ձեռնտու լինել:
-Շատ վտանգավոր երեւույթ է դա, հիշեցնեմ, որ այդպիսի երեւույթներ տեղի են ունեցել Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1980-ականների վերջից մինչեւ պատերազմի ավարտը` 1994 թվականը: Սա կարծես թե պատերազմից հետո առաջին փորձն էր: Տեղեկատվության մեջ նշված է, որ Վրաստանի քաղաքացիներ են, իմ կարծիքով, եթե քաղաքական ենթատեքստ ունենա, ապա միանշանակ կարող է կազմակերպված լինել ադրբեջանական կողմից եւ Վրաստանի՝ ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիները կարող են լինել: Հնարավոր է այդպիսի բան, քանի որ գազամուղ պայթեցնելը ողջ էությամբ քաղաքական գործընթաց է, եւ, բնականաբար, դա ձեռնտու է որոշակի ուժերի, որոշակի պետությունների, ովքեր Վրաստանում բավականին լուրջ ներկայություն եւ ազդեցություն ունեն: Բայց կարծում եմ՝ կարելի է առաջ չընկնել իրադարձություններից եւ սպասել քննության ընթացքին:
-Այսինքն՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ այս փորձը կապ ունի ղարաբաղյան հակամարտության հետ:
-Կարելի է կապ տեսնել ղարաբաղյան հակամարտության` այս պահին առկա իրավիճակի հետ, բայց եթե պարզվի, որ ադրբեջանցիներ են, թեկուզ Վրաստանի քաղաքացիություն ունեցող:
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԵԼԸ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՅԼ Է
Օգոստոսի 19-ին հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը պատրաստվում է մասնակցել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում սեպտեմբերի 18-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին: Այս որոշումը անսպասելի էր ոչ միայն այն պատճառով, որ Խանդոյանը ներկայումս կալանքի տակ է, այլեւ «Սասնա ծռեր» խմբի կողմից բազմիցս արված այն հայտարարությունների պատճառով, որ ընտրությունների միջոցով երկրում հնարավոր չէ որեւէ փոփոխության հասնել:
Նշենք նաեւ, որ «Հիմնադիր խորհրդարանի», «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը եւս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ բացառում է խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցությունը հենց նույն պատճառաբանությամբ:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել «Հիմնադիր խորհրդարան»ի անդամ Ալեք Ենիգոմշյանին:
-Պարո՛ն Ենիգոմշյան, օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներից Արայիկ Խանդոյանը պատրաստվում է մասնակցել Ծաղկահովիտ համայնքի ՏԻՄ ընտրություններին: Հաշվի առնելով այն փաստը, որ իշխանափոխության համար պայքար ծավալող «Սասնա ծռեր»-ը, ինչպես նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները մշտապես հայտարարել են, որ երկրում հնարավոր չէ ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, այս որոշումը հարցերի տեղիք է տալիս: Ինչո՞ւ այժմ որոշվեց նման քայլի գնալ:
-Իմանալով «Սասնա ծռեր»-ի գաղափարախոսությունը, մոտեցումները եւ ելնելով այն փաստից, որ «Սասնա ծռեր»-ի կարեւոր մասը «Հիմնադիր խորհրդան»-ի անդամներ են կամ այդ շրջանակի գաղափարակիցներ, կարող եմ ասել, որ ներկա ռեժիմի վերահսկողության տակ Հայաստանում ընտրություն չի կարող կայանալ եւ ցանկացած նման փորձ երկրում ընդհանուր իրավիճակը փոխելու նպատակով անիմաստ է. սա մնում է անփոփոխ, եւ Արայիկ Խանդոյանի քայլը չի դրժում այս մոտեցումը: Այդ դեպքում կարելի է հարց տալ. եթե փոփոխություն չկա, ինչու է Արայիկ Խանդոյանը մասնակցում ընտրություններին, պետք է ասեմ, որ Արայիկ Խանդոյանի քայլը իր կողմից որոշված քայլ է, այլ ոչ թե ընդհանուր «Սասնա ծռեր»-ի, ոչ մի նման հայտարարություն չի եղել «Սասնա ծռեր»ի կամ նրանց խոսնակի կողմից, դա իր որոշումն է եղել:
-Այնուամենայնիվ, սա չի նշանակո՞ւմ, որ այս քայլը հակասում է ձեր ընդհանրական մոտեցմանը:
-Դրա նշանակությունը արդյոք հակասում է «Սասնա ծռեր»-ի կամ «Հիմնադիր խորհրդարան»-ի՝ այս առումով դիրքորոշման հետ, ես վստահ եմ, որ հակասության մեջ չէ այն պատճառով, որ Արայիկ Խանդոյանի քայլը շատ կոնկրետ մեկ կետում մարտավարական քայլ է, որը ռազմավարության առումով ոչ մի փոփոխության չի ենթարկվում, առավել եւս, եթե մենք հաշվի առնենք, որ Արայիկ Խանդոյանը համայնքապետի թեկնածու է ներկայանում իր ծննդավայրում, իր բնակավայրում:
-Պարո՛ն Ենիգոմշյան, տեսակետ կա, որ մինչեւ «Սասնա ծռեր»ի կողմից իրականացված գործողությունները, երբ հարթակից էիք փորձում իշխանափոխության հասնել, հեղինակության պակաս էր զգացվում, այդ պատճառով ցանկություն չկար որեւէ ընտրության մասնակցել: Սակայն վերջին իրադարձություններից հետո, երբ համընդհանուր ճանաչում ձեռք բերեցիք, տեսաք ընտրություններին մասնակցելու անհրաժեշտություն: Ի՞նչ կասեք:
-Բացարձակապես անընդունելի եւ մերժելի մեկնաբանություն է: Հեղինակություն չկար, հիմա կա. ես ամբողջությամբ բացառում եմ, որ նման բան գոյություն ունի, եւ հնարավոր չէ, որ գոյություն ունենա: «Հիմնադիր խորհրդարան»-ը եւ «Սասնա ծռեր»-ը սկզբունքային մարդիկ են:
Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ
ԱՐՍԵՆՅԱՆԸ «ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ Է»
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանին պատկանող ընկերությանը «քցելու» գործով հետախուզում է հայտարարվել «Ֆուդ ինտերնեյշնլ սերվիս» ՍՊԸ-ի նկատմամբ: Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսի 25-ին «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ռոյալ Բեյկերի» ՍՊԸ-ի: Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ը պահանջում է պատասխանողից հօգուտ իրենց բռնագանձել 85 հազար դրամ: Թե ինչ գործարքի արդյունքում է 85 հազար դրամ պարտք գոյացել, «Ժողովուրդ»-ին պարզել չհաջողվեց: Բայց որ 85 հազար դրամի համար գիգանտ ընկերությունը իր երբեմնի գործընկերոջը դատի է տվել, տպավորիչ է: Հավանաբար ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանի ֆինանսական վիճակն այնքան էլ լավ չէ, որ մնացել է 85 հազար դրամ պարտքի հույսին:
ՀՆԱԶԱՆԴ Է
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 18-ին ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում պետք է տեղի ունենան քաղաքապետի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները 3-ն են՝ «Լեւ խաչ» ընկերության տնօրեն, ՀՀԿ-ական Լեւոն Խաչատրյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ՆՎՎ պետի տեղակալ, ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը եւ «Արման-12» ՍՊԸ տնօրեն, ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանը: Գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Սաշա Հակոբյանն այդպես էլ չառաջադրվեց: «Ժողովուրդ»-ը Հակոբյանից հետաքրքրվեց՝ արդյոք նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվել, որ չի առաջադրվել: «Նման բան չկա: Չառաջադրվեցի, որովհետեւ ես կուսակցական լինելով՝ կուսակցության որոշումը չխախտեցի: Իսկ կուսակցությունը որոշում էր կայացրել սատարել Դավիթ Համբարձումյանին»:
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի Սյունիքի եւ Տավուշի մարզերում սեպտեմբերի 18-ին սպասվող ընտրություններում առաջադրվել են համայնքի ղեկավարի 571 եւ ավագանու անդամի 2 հազար 844 թեկնածուներ: Հիշեցնենք, որ առաջադրումները տեղի են ունեցել օգոստոսի 14-ից 19-ը: Համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան 237 համայնքներում: Այսինքն՝ համայնքի ղեկավարի մեկ պաշտոնի համար առաջադրվել է միջինը 2,4 թեկնածու: Իսկ 295 համայնքներում տեղի են ունենալու ավագանու անդամի ընտրություններ: Ըստ այդմ, մեկ համայնքի ավագանու տեղերի համար կպայքարեն միջինը 9,6 թեկնածուներ: