Ադրբեջանի ԱԳ նախարարի` հերթական չարդարացող լավատեսական սպասումները. ստահոդ հայտարարություններով ցանկանում են Հայաստանում խուճապային տրամադրություններ առաջացնել. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, երեկ Թբիլիսիում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին, ուշագրավ հայտարարություն է արել: «Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման բանակցությունները ճիշտ ուղու վրա են: Դա կարեւոր դրվագ էր:

Տրամադրվածություն եւ համոզմունք կա, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, ինչն իր հերթին կարող է բանակցային պրոցեսում բեկման հանգեցնել: Մենք կարծում ենք, որ նման հնարավորությունն առկա է»,- ասել է Մամեդյարովը:

Թե կոնկրետ ինչն է հիմք տվել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին Սանկտ Պետերբուրգի հանդիպումից երկու ամիս անց նման լավատեսական հայտարարությունների համար, դժվար է ասել: Հիշեցնենք, որ Մամեդյարովը գրեթե նույնքան ոգեւորված հայտարարում էր բանակցային գործընթացում առաջընթացի լուրջ հիմքերի մասին նաեւ 2015թ. մայիսին՝ Մոսկվայում իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

Սակայն ինչպես տեսանք, նրա լավատեսական սպասումները մինչ օրս չարդարացան, ավելին՝ Ադրբեջանը ստիպված եղավ ռազմական ագրեսիայի դիմել՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեռյալ կետից որեւէ ձեւով առաջ շարժելու եւ գերտերությունների ուշադրությունն իր պահանջների վրա հրավիրելու համար:

Եւ հիմա Մամեդյարովի կողմից ընդգծումը, թե հենց Պուտինի միջնորդությամբ կայացած հանդիպումից ադրբեջանական կողմը շատ գոհ է, իրականում ավելի շատ քարոզչական բնույթի հայտարարություն է՝ ուղղված Հայաստանի լսարանին: Ըստ ամենայնի, Ադրբեջանում մտածում են, որ Հայաստանում ծավալվող հակառուսական տրամադրությունների, «Լավրովի պլանի» իրագործման ուղղությամբ Կրեմլից գործադրվող ճնշումների մասին արտահոսքերի պայմաններում հայտարարել, թե Սանկտ Պետերբուրգում կայացել է մի համաձայնություն, որը կարող է բեկման հանգեցնել, կարող է Հայաստանում խուճապային տրամադրություններ առաջացնել՝ կրկին սրելով «տարածքները հանձնելու» շուրջ անցած երկու ամիսներին ծավալվող մասսայական փսիխոզը:

Սակայն հատկապես օգոստոսի 18-ին Շավարշ Քոչարյանի հայտարարությունից հետո, որին, ի դեպ, հաջորդեցին նաեւ Հայաստանի եւ ԼՂՀ ՊՆ նախարարների նույնաբովանդակ հայտարարությունները՝ այս պահին փոխզիջումների անհնարինության մասին, ինչպես նաեւ սահմանային դիրքերի ամրապնդման ուղղությամբ վերջերս կատարված հսկայական աշխատանքը նման շահարկումների դուռը, գոնե առժամանակ, փակել են: Այնպես որ, Մամեդյարովի ջանքերը իզուր են, իսկ եթե բեկում են ցանկանում, թող նախ կատարեն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ սահմանային վերահսկողության շուրջ:

 




Լրահոս