«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ արդեն ՀՀԿ նիստում ելույթ է ունեցել` խոսելով վարչապետ նշանակվելուց հետո կատարելիք իր ծրագրերի մասին: Ու այսօր ամենաշատ հնչող հարցն այն է, թե ինչու Հայաստանից նեղացած, հեռացած Կարեն Կարապետյանը վերադարձավ: Ինչպես հայտնի է՝ ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններից հետո նոր վարչապետը պետք է նշանակվի ՀՀ նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով:
Եթե անգամ ՀՀԿ-ն խորհրդարանում պահպանի մեծամասնությունը, ապա միեւնույն է՝ Կ. Կարապետյանն այլեւս չի կարողանա նշանակվել ՀՀ վարչապետ, քանի որ նոր Սահմանադրությամբ վարչապետը պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի եւ վերջին չորս տարին մշտապես բնակված լինի Հայաստանում: Իսկ նա 2011-ից չի բնակվում Հայաստանում, ինչը նշանակում է, որ լավագույն դեպքում 7 ամիս է պաշտոնավարելու, որից հետո պետք է հրաժարական տա: Հետեւաբար, հարց է առաջանում, թե ինչու է նա համաձայնել:
Ըստ ամենայնի, նրան անհրաժեշտ է վարչապետի պաշտոնն օգտագործել եւ բացի «Գազպրոմի» նախագահ Ա. Միլլերից, կապեր հաստատել ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ: Ու երբ նրան բարձր աշխատավարձով աշխատանք առաջարկվի, չի բացառվում՝ կրկին լքի Հայաստանը: Հիշեցնենք` Տիգրան Սարգսյանի համար էլ ՀՀ վարչապետի պաշտոնը լավ «տրամպլին» դարձավ` ՌԴ էլիտայում տեղավորվելու համար որպես ԵՏՄ վարչապետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: