Սեպտեմբերի կեսին «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ կհեռարձակվի նոր սերիալ, որը հավակնում է դաշտում եղած նույն ֆորմատի մյուս արտադրանքներից տարբերվել իր թեմատիկայով: Սերիալը կոչվում է «Լրագրողները» եւ գլխավորապես պատմում է լրագրողների մասնագիտական գործունեության մասին: Խմբագիրը, որին մարմնավորում է դերասան Արթուր Կարապետյանը, եւ 4 լրագրողներ առաջիկայում կհետաքննեն Հայաստանի համար այնպիսի հրատապ խնդիրներ, ինչպիսիք են մենաշնորհները, ազատամարտիկների` պետության կողմից անտեսված լինելը, ծառահատումներն ու քանդված գործարանները:
«Սոցիալական ծանր դրության մեջ ապրող ազատամարտիկների թեման առանձնակի կարեւորություն ստացավ ապրիլյան պատերազմից հետո. նույնիսկ այն դեպքում, երբ նրանք դժգոհ էին իշխանությունների վերաբերմունքից, հայրենիքին սպառնացող առաջին իսկ վտանգի դեպքում նորից զենք վերցրին ու գնացին պատերազմ: Ինչ վերաբերում է, օրինակ, մենաշնորհների թեմային, բոլորս էլ տեղյակ ենք, որ չնայած իշխանությունները պնդում են հակառակը, բայց Հայաստանում կան մենաշնորհներ, եւ դրանց առնչությամբ գործում են չգրված ներքին օրենքներ:
Դե, ծառահատումների խնդրին, կարծում եմ, բախվել է յուրաքանչյուրը. այսօր մեր երկրում ծառերը հատվում են հիմնականում մի նպատակով. որպեսզի տեղում բարձրահարկ շենքեր կառուցվեն: Սյուժետային չորրորդ գիծն էլ կզարգանա նախկինում արդյունաբերական մեծ նշանակություն ունեցող, իսկ այժմ քանդված, անմխիթար վիճակում գտնվող գործարանների թեմայի շուրջ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց սերիալի ռեժիսոր Կարեն Քոչարյանը` հավելելով, որ որոշ ժամանակ անց սերիալի շրջանակում կբարձրացվեն ուրիշ չորս խնդիրներ:
Դիտելով սերիալի թիզերը` կարելի է տեսնել կարճ, կիպ զգեստներով եւ բարձրակրունկներով լրագրողների կերպարներ: Ռեժիսորից հարցրինք` արդյոք շատ չեն հեռացել մեր իրականությունից. «Եկեք չմոռանանք, որ մենք գործ ունենք գեղարվեստական ֆիլմի հետ, որը ինչ-որ չափով հորինված է: Եթե ես ունենայի ամեն բան ճշգրիտ կերպով ցույց տալու խնդիր, կնկարահանեի փաստավավերագրական ֆիլմ: Իսկ սա ֆիլմ է, որտեղ պետք է լինեն նաեւ սիրուն տղաներ ու աղջիկներ»,-պատասխանեց նա:
Կ. Քոչարյանը, անդրադառնալով սերիալի առանձնահատկություններին` տեղեկացրեց, որ հեռուստադիտողներին սպասվում է հետաքրքիր անակնկալ. «Նախագծի շրջանակում մենք կունենանք star guest: Այսինքն` սերիալում կհայտնվեն հանրության կողմից ճանաչված լրագրողներ, որոնք իրենց գործունեության ընթացքում վերոնշյալ խնդիրների բարձրացման, ինչու ոչ, նաեւ լուծման հարցում հաջողություններ են գրանցել:
Այդ լրագրողները, բնականաբար, չեն խաղա, նրանք «կմարմնավորեն» իրենք իրենց: Այսինքն` սերիալի գեղարվեստական մատուցումը փորձելու ենք հնարավորինս մոտեցնել իրականությանը: Հյուրերից մեկը, օրինակ, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն է»,-մանրամասնեց ռեժիսորը:
Նա հավելեց, որ սերիալում կներկայացվի նաեւ լրագրողների անձնական կյանքը, որը հաճախ խոչընդոտում է մասնագիտականին եւ հակառակը: Հեռուստադիտողները ականատես կլինեն հերոսների սիրային կապերին, ընտանեկան խնդիրներին եւ այլն:
Աննա Բաբաջանյան