Օրերս «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն տարածեց սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ: Պատճառների եւ կուսակցության հետագա քայլերի մասին «Ժողովուրդը» զրուցեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու մասին՝ նշելով, որ Դուք ենթարկվել եք բռնաճնշումների: Կարելի՞ է ենթադրել, որ այդ բռնաճնշումները Ձեզ պառակտել են:
-Պառակտվելու խնդիր չկա, ուղղակի կազմակերպչական առումով այլեւս չենք հասցնի որեւէ ձեւով մասնակցել, քանի որ ես էի, այսպես ասեմ, գլխավոր բանակցողը անձերի եւ ուժերի հետ: Ըստ էության, այդ պրոցեսն էլ է կանգնել, որ ինչ-որ ձեւով միասնական պայքար մղենք, ինչի կողմնակիցն ենք եղել միշտ, խոսքը դրան է վերաբերում: Գումարած դրան, ըստ էության, մեր նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարել:
-Եթե Դուք համարում եք, որ այս մթնոլորտում հնարավոր չէ մասնակցել ընտրություններին, ապա ինչպե՞ս պետք է մասնակցեք 2017 թվականի ԱԺ ընտրություններին, չէ՞ որ ժամանակահատվածը կարճ է:
-2017 թվականի հետ կապված որեւէ քննարկում չենք արել, բայց կարելի է հստակ ասել, որ մինչեւ այդ իսկապես շատ բաներ են փոխվելու: Ակնահայտ է, որ ինչ-որ դինամիկ փոփոխությունների շրջափուլ ենք մտել, նաւ ինձ համար միանշանակ է, որ եթե դաշինքով մասնակցենք, ապա դա այնպիսի դաշինք պետք է լինի, որը իր մեջ կրում է Հայաստանի ինքնիշխանության վերականգնման, Հայաստանի ազգային պետական շահի պաշտպանության քայլեր, եւ ակնհայտ է, որ Հայաստանը ինքնիշխանության, ազատության, ինքնուրույն որոշումներ կայացնելու դիրքից այնքան է հեռացել, որ պետք է շատ ջանքեր թափի, որպեսզի վերադառնա սուբեկտայնության աստիճանի, որովհետեւ այս պահին, ցավոք սրտի, օբյեկտ է դարձել Ռուսաստանի ձեռքին:
-Այսինքն՝ հնարավոր է, որ ԱԺ ընտրություններին մասնակցեք դաշինքո՞վ:
-Չենք քննարկել, բայց հնարավոր է՝ գուցե առանձին մասնակցենք, գուցե ընդհանրապես չմասնակցենք, որովհետեւ կարող է քաղաքական դաշտի ճնշումներն ավելի խստանան, ավելի շատ անօրինականություններ լինեն: Այս մասին դեռ վաղ է խոսել:
-Իսկ ինչո՞ւ ՏԻՄ ընտրություններին դաշինքով չմասնակցեցիք:
-Գլխավոր բանակցողը ես էի, եւ ինձ ազատազրկեցին: Կուսակցության ամբողջ ուշադրությունն իր անդամների ազատագրման ուղղությամբ է եղել եւ ոչ թե ՏԻՄ-ի:
-Արդյո՞ք իշխանափոխություն սկսելու համար պետք չէ սկսել հենց ՏԻՄ ընտրություններից:
-ՏԻՄ ընտրություններն ինչ կապ ունեն, եթե ամբողջ բյուջեն գտնվում է մարզպետի ձեռքին, եթե ոստիկանությունը, պետական տարբեր օղակները այդ ճնշումները բանեցնում են: Ասենք թե մի քանի գյուղապետ եղան, դա ինչ է տալու: Գյուղապետը լիազորվա՛՞ծ է, որ ցուցակների հավելագրումների ուղղությամբ քննչական գործողություններ անի, իրավական հետապնդում իրականացնի, ամեն լիազորություն ունի՞ գյուղապետը, իհարկե, ոչ:
-Այսինքն՝ կուսակցությունը միայն ԱԺ ընտրություններո՞վ է հետաքրքրված:
-Ո՛չ, կուսակցությունը շատ կարեւորում է ՏԻՄ մակարդակը: Դրա համար մեր ծրագրային դրույթների մեջ ՏԻՄ լիազորությունների մեծացումն ու հստակեցումն է եւ, ընդհանրապես, ՏԻՄ համակարգի փոփոխությունը երկրում: Այս պարագայում, ինչպես հիմա է, մարզպետներ կան, որոնք, ըստ էության, տնօրինում են ամբողջ բյուջեն, եւ գյուղապետերն անմիջականորեն կախվածության մեջ են մարզպետներից, եւ մենք տեսնում ենք, որ գյուղապետերի ձեռքին ոչինչ չի լինում: Շատ կարեւորելով ՏԻՄ-ը` հասկանում ենք, որ գլխավոր փոփոխությունները ոչ թե ՏԻՄ-ով են լինելու, այլ պառլամենտական ընտրություններով այս պարագայում, որովհետեւ նախագահական չի լինելու, իսկ եթե կարողանանք պայքարել արտահերթ նախագահական ընտրությունների համար, ապա նաեւ նախագահական ընտրություններով:
-Եվ, ի վերջո, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում՝ «նախկին» «Ժառանգությունը» վերականգնելու համար:
-Նախկին «Ժառանգությունը» վերականգնել պետք չէ, որովհետեւ «Ժառանգությունը» չի քանդվել, որ նախկինն էլ վերականգնվի: 2004 թվականից ինչ մենք գործում ենք, անընդհատ լուսանցքում ենք հայտնվում տարբեր գնահատականների, բայց ամեն մի ընտրություն ցույց է տալիս, որ իրականության մեջ միակ կուսակցությունը, որը նվազ հնարավորություններով եւ այդքան ճնշումների ենթարկվելով միշտ հասարակության համակրանքը շահում է, «Ժառանգությունն» է:
Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԻՆՔՆԱՌԱՋԱԴՐՈ՞ՒՄ Է ԻՐԵՆ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 3-ին «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել էր ղարաբաղյան խնդրին, տնտեսական գործընթացներին, ինչպես նաեւ երկրում ձեւավորված բարոյաքաղաքական մթնոլորտին:
Թե ինչ մեսիջ էր փորձում փոխանցել նախկին նախագահը եւ ում էր այն ուղղված, «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանից եւ քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանից:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյան
-Տիկի՛ն Աճեմյան, ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում գործող իշխանության հասցեին հնչեցված քննադատությունը:
-Երկրորդ նախագահը պարբերաբար հարցազրույցներ է տալիս` քաղաքական, տնտեսական իրավիճակի հետ կապված: Մեր երեք նախագահներն էլ խիստ տարբերվում են ե՛ւ իրենց մարդկային, ե՛ւ քաղաքական գործիչ տեսակով: Այս առումով երկրորդ նախագահը երեւի թե տարբերվում է իր հարցազրույցների սրությամբ, այսինքն՝ որոշակի դրույթներ կան, որ մենք բոլորս էլ համաձայն ենք, բայց ինքս մտածում եմ՝ շատ հեշտ է կողքից եզրահանգումներ անել, քննադատությամբ հանդես գալ, երբ դու պարզապես դիտորդ ես, երբ չես մասնակցում քաղաքական գործընթացին:
-Իսկ ըստ Ձեզ՝ որքանո՞վ էին թեկուզ որպես դիտորդ՝ նախկին նախագահի դիտարկումները տեղին, իսկ հնչեցրած քննադատությունը՝ օբյեկտիվ: Եվ, ի վերջո, ի՞նչ մեսիջ էր նա փորձում փոխանցել:
-Մեսսիջը մշտապես ուղղված է եղել իշխանություններին այն առումով, որ երեւի թե իշխանությունները ինչ-որ հարցերում թերանում են: Բայց իրավիճակն այնպիսին է, որ իշխանությունը շատ ավելի լավ գիտի ե՛ւ ներսի, ե՛ւ դրսի բոլոր խնդիրները: Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունները, նաեւ նոր ընտրությունները կարող են շատ բան փոխել մեր կյանքում, եւ համոզված եմ, որ իշխանությունները նախընտրական, ընտրական ճանապարհը անցնելու կամքը ունեն եւ այնպես անելու, որպեսզի ժողովրդի մոտ այդ վստահության դեֆիցիտը պակասի:
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյան
-Պարո՛ն Սաֆարյան, ո՞րն էր, ըստ Ձեզ, Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի հիմնական մեսիջը եւ առավելապես ում էր այն ուղղված:
-Քոչարյանի թեզերը միայն եւ միայն ներքին հանրությանը չեն ուղղված, արտաքին հանրությանն էլ են ուղղված: Քոչարյանը պատահական չէ խնդիրների երեք բլոկ առանձնացնում: Առաջին բլոկում փորձում է հիմնավորել, թե իր կառավարման շրջանում այսպիսի դեղին քարտ Ադրբեջանը ցույց չէր տվել եւ այսպիսի վատ կառավարում չի իրականացվել. երկիրը մեկուսացվում է, դուրս է թռնում տարբեր ծրագրերից, երկրում հասարակությունը գնալով ավելի զայրացած է դառնում: Իհարկե, Քոչարյանը ստում է, որովհետեւ որոշ հարցերում ինքը նույնիսկ ռեկորդակիր է: Երկրորդ բլոկում ղարաբաղյան խնդիրն է, որտեղ կրկին հասցեատերերը երկուսն են` դուրսը եւ ներսը: Դրսին հասկացնում է, որ ինքը այն ղեկավարն է, որը շահագրգռված է ստատուս քվոյի փոփոխության հարցում: Քոչարյանը փորձում է հիշեցնել ամերիկյան նախաձեռնությամբ տարված պրոցեսը՝ հասկացնելով, որ ինքը միանգամայն տարբերվում է Սերժ Սարգսյանից: Երրորդ բլոկում անդրադառնալով Սասնա ծռերին՝ նա խոսում է այն մասին, որ, ըստ էության, իշխանություններն ի զորու չէին երկիրը կառավարել, եւ հասարակությունը նրանց դեղին քարտ է ցույց տվել, հետեւաբար հաջորդը կլինի կարմիր քարտը, եւ որպեսզի դա տեղի չունենա, ինքը կրկին, կարծեք թե, ինքնառաջադրում է իրեն:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
«ՇԵՆ ՀՈԼԴԻՆԳԻ» ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ
«Շեն Հոլդինգը», որի սեփականատերն է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության խորհրդի անդամ Սամվել Բեգլարյանը, այս օրերին հայտնվել է պետական եկամուտների ուշադրության կենտրոնում: Պատճառը եղել է այն, որ 2015 թվականի ընթացքում ընկերությունը համապատասխան ապրանքներ է հայտարարագրել, որոնց ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգվել է մինչեւ 2015 թվականի հուլիսը: Սակայն նշված ժամանակահատվածում վճարում չի կատարվել, եւ արդյունքում շուրջ 4 անգամ ՊԵԿ-ը նշված ընկերությանը տուգանել է: Տուգանքի ընդհանուր չափը կազմում է 100 հազար դրամ:
ՇԱՔԱՐԱՎԱԶԸ՝ ԽԱԽՏՈՒՄՈՎ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բաց ընթացակարգով ձեռք է բերել շաքարավազի անհատական փաթեթավորման ծառայություններ: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել ՊՆ-ի գնման գործընթացին: Բանն այն է, որ նախարարության կարիքների համար հայտարարված բաց ընթացակարգի հրավերի «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի գնահատման կարգով սահմանված համանման համարվող տնտեսական գործունեության տեսակը չի համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջներին: Ըստ այդմ, գնման գործընթացը չի կազմակերպվել մրցակցային, թափանցիկ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով: Նկատեցի՞ք` ՊՆ-ում այսքան աղմուկից, բացահայտումներից ու ձերբակալություններից հետո դեռ խախտումներով գնումների գործընթաց է կազմակերպվում:
ԿՐԿԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով տնտեսական հարաբերությունների համար նախատեսված է 115 միլիարդ 335 միլիոն 164 հազար դրամ, որից 72 միլիարդ 947 միլիոն 672 հազար դրամն արդեն ծախսվել է: Մասնավորապես, նշված գումարից 55 միլիարդ 710 միլիոն 580 հազար դրամը նախատեսված է հատկացնել տրանսպորտի ոլորտին: Այդ գումարից էլ 30 միլիարդ դրամն է արդեն իսկ ծախսվել: Անտառային տնտեսության, ձկնորսության եւ որսորդության համար նախատեսվել է 33 միլիարդ 183 միլիոն 599 հազար դրամ, որից 31 միլիարդ 88 միլիոն 304 հազար դրամը երեկվա դրությամբ ծախսվել է: Մի խոսքով, պետական գերատեսչությունները, ՊՈԱԿ-ները եւ մնացած հիմնարկ ձեռնարկությունները շարունակում են անկաշկանդ ծախսել բյուջետային միջոցները, սակայն Հայաստանի բնակչության կյանքը ոչնչով չի բարելավվում: