Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հաստատակամ է անապահովների և գյուղատնտեսության վերամշակող ճյուղի ընկերությունների համար գազի և էլեկտրաէնեգիայի սակագների վերանայման հարցում: «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում Կարեն Կարապետյանը նշեց, որ արդեն հանձնարարել է սոցիալապես անապահովներին տարանջատել սոցիալապես ապահովներից ու նրանց համար սահմանել սակագներ, բացի այդ, գյուղատնտեսության վերամշակող ձեռնարկատերերի համար ստեղծել բարենպաստ պայմաններ: «Մենք առաջարկել ենք սակագների մեթոդաբանությունը փոխել, տարանջատել սոցիալապես անապահովին սոցիալապես ապահովից: Կարող է նաև վերանայվեն տարբեր բիզնես ոլորտների համար սահմանված սակագները, մասնավորապես, վերամշակող գյուղատնտեսական ձեռնարկությունների համար` ստեղծելով բարենպաստ պայմաններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:
Հարցին` այսինքն սոցիալապես անապահովների` մինչև 200 Կվտ սպառողների համար սակագինը կվերանայվի, ինչպես առաջ էր, վարչապետը նշեց. «Կարող է և ավելին»:
Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում Կարեն Կարապետյանն առաջարկել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։
«Խոսքն ինչին է վերաբերում․ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական: Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար», նշել էր Կարապետյանը։