ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆԱԽՈՐԴ ԵՎ ՀԱՋՈՐԴ 25 ՏԱՐԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին լրացավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ հոբելյանը: Բազմազան տոնակատարությունների պակաս կարծես թե չզգացվեց: Այդուհանդերձ, նկատի ունենալով հասարակության լայն խավերին` բաղձալի այդ տոնը համառորեն չի վերածվում անսակարկելի արժեքի, ինչպիսին պիտի լիներ քառորդ դար գոյություն ունեցած անկախ պետականությունում: Այս հանգամանքը խորհելու եւ անցյալը վերաիմաստավորելու մեծագույն տեղ է թողնում` ապագան ճիշտ պատկերացնելու ու հնարավոր ճակատագրական վրիպումներից խուսափելու իմաստով:

Մինչդեռ ամեն ինչ շատ լավ էր սկսվել: 1990թ. Գերագույն խորհրդի ընտրություններում ՀՀՇ-ի հաջողություններն ու արդեն օգոստոսի 4-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԳԽ նախագահ ընտրվելը ապահովեցին իշխանափոխության անարյուն ընթացքը: Կոմկուսը համառ պայքարից հետո, սակայն, ի վերջո հարկադրված էր զիջել 70-ամյա իր իշխանությունը` նոր արժեքային համակարգի արմատավորման դռներ բացելով: Մեկ տարվա ընթացքում ՀՀՇ-ին լիովին հաջողվեց երկիրը հոգեբանորեն պատրաստել անկախ գոյությանը, ինչի վառ դրսեւորումն էր 1991թ. սեպտեմեբրի 21-ի անկախության հանրաքվեի ծանրակշիռ նվաճումը: Հանրաքվեից մեկ ամիս անց Հայաստանն անցկացրեց նաեւ նախագահական ազատ, արդար ու թափանցիկ մի եզակի ընտրություն` Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրելով Հանրապետության առաջին նախագահ կրկին բացարձակ մեծամասնության աջակցությամբ: Թվում էր` Հայաստանում ժողովրդավարական հասարակարգի հաստատման ու ամրապնդման քայլերի աներեւակայելի հաջողության հաղթարշավը շարունակվելու է: Սակայն նույն թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ վերջնական փլուզումը, Արցախյան պատերազմը, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի տոտալ շրջափակումը նկատելիորեն սպառեցին Հայաստանի` ժողովրդավարության խորացման ռեսուրսները: Եթե այդ ամենին գումարենք նոր իշխանությունների անփորձությունը, կադրային սովն ու սուբյեկտիվ նմանօրինակ մի շարք այլ գործոնները, պատկերն ամբողջական է դառնում:
1991թ. անկախությունը մեզ համար պատմական յուրահատուկ պարգեւ էր, որի կարոտը հայ ժողովուրդը զգացել էր մի քանի հարյուրամյակ շարունակ: Առաջին Հանրապետության երկուսուկես տարիները չհաշված՝ Հայաստանը վերջին անգամ անկախ պետականություն էր ունեցել 11-րդ դարում: Այս համատեքստում անգնահատելի է 1991թ. սխրանքը: Եվ որքան էլ ՀՀՇ-ն իր իշխանավարության շրջանում լրջագույն սխալներ գործեց, դա չի նսեմացնում այդ քաղաքական ուժի ողջախոհությունը 1988-91թթ.: Ցավալիորեն, սակայն, Հայաստանը զարգացման հանդարտ ընթացքից սկսեց շեղվել 1995-96թթ. ընտրաշրջաններից՝ ցայսօր խորացող ու արմատավորվող սարսափելի միտումներով: Իրականում Հայաստանի ներկայիս խնդիրները ամբողջովին կապված են ընտրական գործընթացի խեղաթյուրման հետ: Իշխանության ու ընդդիմության երկուստեք անզիջում, անհանդուրժող եւ անհամերաշխ կեցվածքը տարիների ընթացքում բերեց այն համոզմանը, որ 1996թ. նախագահական ընտրությունները իրենց տեսակի մեջ վերջին գաղափարական պայքարն էին: Թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Վազգեն Մանուկյանը միմյանց հետ ունեին մաքուր քաղաքական եւ սկզբունքային հակասություններ: Որքան էլ ժողովուրդը քվեարկում էր՝ իր սոցիալական դժգոհությունից ելնելով, իրական պայքարն ընթանում էր սովորական եւ համաշխարհային ազգի հայեցակարգերի միջեւ: Ի հետեւանս` գաղափարական առճակատումը վերաճեց ֆիզիկականի ու հանգեցրեց Հայաստանի անկախությունը իրականություն դարձրած երկու գործիչների ասպարեզից հեռացմանը: Նրանց փոխարեն քաղաքական դաշտի հանդեպ աստիճանաբար ազդեցություն հաստատեցին փողի կողքով անտարբեր անցնելու անկարող գործիչները, որոնք գաղափարների գոյությունն ընդունում էին լոկ հարստանալու պայմանով: Իսկ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ վերջնականապես ի չիք դարձավ քաղաքականության գաղափարական շղարշը` իր տեղը զիջելով նյութական արժեքներին եւ դրանք պարտադրելով նույնիսկ գաղափարական համոզմունքները գերապատվող գործիչներին: Այս առումով զարմանալի չէ, որ 20 տարի առաջ գաղափարի համար անձնազոհության պատրաստ գործիչն այսօր դարձել է իշխանության բարձրագույն ներկայացուցչի գրպանային խոսափողը: Արժեքային հարթակի այլասերումը անխուսափելիորեն պիտի հանգեցներ ներկայիս դրությանը:
Այս առումով ՀՀ անկախության 25-ամյակը պետք է հանդիսանա նախորդ շրջափուլի նորովի վերընկալման ու ապագայի հանդեպ պատասխանատվության ստանձման մեկնարկը: Ժամանակին անկախություն բերած գործիչները գուցե անխուսափելիորեն տրվեցին անձնական մոտիվներով պայմանավորված մրցավազքին` անտեսելով պատմության անիվի խափանման ճակատագրական նշանակությունը պետության եւ հասարակության զարգացման շահերի տեսանկյունից: Սակայն պահը վաղուց է հասունացել՝ այդ բացթողումը շտկելու համար: Ի վերջո, քառորդ դարը կարճ ժամանակ չէ մարդկության զարգացման ներկայիս տեմպերի համեմատությամբ նման տխուր իրավիճակում գտնվող պետություն ունենալու համար: Պատմությանը նետված հայացքը փաստում է, թե որքան մեծ նվաճումների կարող էր հասած լինել Հայաստանը, եթե իշխանության ու ընդդիմության միակ մտահոգությունն առնչվեր պետության բարեկեցիկ ապագային: Ըստ էության, այսօր որեւէ ջանք չպետք է խնայել, որպեսզի 25 տարի անց` Հայաստանի անկախության 50-ամյակը տոնելիս, կրկին չափսոսանք կորսված պատեհությունների համար: Այս հարցում հավասարապես պատասխանատու են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ հասարակությունը: Այդ պատասխանատվության առաջիկա քննությունը հանձնելու ենք 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եւ, Աստված մի արասցե, որ վերոնշյալ երեք թեւերը արհամարհեն պատմական պահը: Հայաստանի զարգացման շեղումը տեղի է ունեցել ընտրական գործընթացով, եւ շտկումն էլ պիտի լինի նույն հարթությունում: Արդ, պետական անկախության իրական մեծարումը դրսեւորվում է ազատ ու արդար ընտրությունների միջոցով, իսկ մնացածը սին խոսքեր են` միտված իշխանության ինքնանպատակ պահպանմանը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԿՈՒ ԲՈՒՀԵՐԸ ԿՄԻԱՑՎԵ՞Ն
Դեռեւս օգոստոսի 24-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ առաջիկայում ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը կառավարության նիստին է ներկայացնելու Շիրակի մարզի Գյումրի քաղաքի երկու բուհերի միավորման մասին որոշման նախագիծ: Ըստ այդմ, նախատեսվում է ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը միացնել Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական պետական ինստիտուտին եւ ստեղծել Շիրակի պետական համալսարան:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նշված բուհերի միավորման մասին որոշման նախագիծը Լ. Մկրտչյանը կներկայացնի այսօրվա կառավարության նիստին: Նշենք, որ նախարարությունը բուհերի միավորումը պատճառաբանում է ուսանողների թվի նվազմամբ: Բուհերի միավորումից հետո տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղին պատկանող շենքի մի մասը կմիացվի մանկավարժական ինստիտուտին, իսկ համալսարանին ամրակցված որոշ շենք, շինություններ կհանձնվեն պետական գույքի կառավարման վարչությանը: Սակայն նշված բուհերի միավորման մասին տեղեկությունը խիստ մտահոգել է տնտեսագիտական համալսարանի դասախոսական կազմին: Նրանք համոզված են, որ պետական գույքի կառավարման վարչությունը հող է նախապատրաստում իրեն հանձնվող համալսարանական գույքը հետագայում վաճառքի հանելու կամ վարձակալության տրամադրելու համար: Եվ չի բացառվում, որ հետագայում համալսարանական ներկայիս շինությունները դառնան հյուրանոց կամ սուպերմարկետ:
Ավելին՝ այս միավորումից հետո ԿԳՆ-ն, ըստ նախագծի, որոշել է նորաստեղծ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Սահակ Մինասյանին: Վերջինս, ինչպես հայտնի է, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է: Նա պատրաստվում էր առաջադրվել Գյումրու քաղաքապետի ընտրություններում, սակայն գործող իշխանությունը նրան դա թույլ չտվեց: ՏԻՄ ընտրություններում Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունն առաջադրելուց հետո ՀՀԿ-ն որոշեց ինչ-որ չափով շահել նաեւ Մինասյանի սիրտը: Եվ կարճ ժամանակ անց վերջինս նշանակվեց Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին այս ինստիտուտի ռեկտորի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել մանկավարժականի երկարամյա ռեկտոր, նախկին ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանը, որի որդուն սեպտեմբերի 20-ին առեղծվածային պայմաններում մահացած գտան հենց տան նկուղում:
Մեզ մնում է սպասել՝ հասկանալու, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ինչպես կարձագանքի, հանուն մի քանի ՀՀԿ-ականների, բուհերի միաձուլման այս գործընթացին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԻՆՉՈՒ ԵՆ ԶՈՐԱԿՈՉԵԼ

Գեւորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող՝ 2016թ. հունվարի 13-ին հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց: Այդ օրն ընդգրկված լինելով գումարտակի ներքին վերակարգում որպես օրապահ՝ Գ. Պետրոսյանը հրաժարվել է վերակարգն ընդունելուց եւ օրապահի կողապահարանի մոտ ծառայություն իրականացնելուց: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Գ. Պետրոսյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության տված էպիկրիզը, համաձայն որի՝ վերջինս պիտանի չէ զինծառայության խաղաղ ժամանակ, պիտանի է զինվորական ծառայության սահմանափակումով՝ պատերազմի ժամանակ: Դատարանում Գ. Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ասել է, որ այդ ժամանակ ինքը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, ի վիճակի չի եղել վերակարգն ընդունել: Նա ասել է, որ բանակ զորակոչվել է նյարդային խնդիրներով, ինքը չի պատկերացնում, թե «վերակարգ ընդունել» հասկացողությունն ինչ է նշանակում, քանի որ 2014թ. հուլիսի 7-ին զորակոչվել է բանակ, 3 ամիս հետո կալանավորվել է, 40 օր մնացել է ռազմական ոստիկանությունում, որտեղ ըստ կարգի՝ ծառայություն չի իրականացրել: Նա դատարանում ցուցմունք է տվել, որ ինքը զորամասում օրապահ տեսել է, սակայն նրա պարտականություններն իրեն հայտնի չեն, ինքը հոգեպես չի կարող 2 ժամ կանգնել օրապահի պահարանի մոտ: Դատարանը 2016թ. հունիսի 21-ին որոշել է Գ. Պետրոսյանի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն: ՀՀ ԱՆ կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ Գ. Պետրոսյանի մոտ հայտնաբերվել է անձի օրգանական խանգարում ախտորոշմամբ փսիխոթերապիա: Հանձնաժողովը նաեւ մեղսունակ է ճանաչել Գ. Պետրոսյանին: Սեպտեմբերի 15-ին դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Գ. Պետրոսյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս