Սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում դանակահարություն է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տեղի ունեցածի հետեւանքով տուժել է համայնքի երկու բնակիչ: Մեր տեղեկություններով` տուժածներից մեկը 52-ամյա Սերժիկ Հակոբյանն է, իսկ մյուսը՝ 17-ամյա Հովնան Դաշչյանը: Նորակերտ համայնքի ղեկավար Շահեն Կարապետյանը «Ժողովուրդ-ին հայտնեց, որ բնակիչները մարմնական վնասվածքները ստացել են Ս. Հակոբյանի տան առջեւ տեղի ունեցած վիճաբանությունից հետո:
Միջադեպին մասնակցել է եւս երկու հոգի՝ մեկը Հակոբյանի ազգականն է, մյուսը՝ անչափահաս տուժող Դաշչյանի:
Համայնքապետի փոխանցմամբ՝ տուժողները հարեւաններ են, իսկ թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, դեռեւս հայտնի չէ: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու հատկանիշներով: Առերեւույթ հանցագործություն կատարած անձը՝ 29-ամյա Հովհաննես Եսայանը, ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն: