ՀՀԿ-ն տեսանյութերով ու պաստառներով վարկաբեկո ՞ւմ է մյուս ուժերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԻՄ ընտրությունների նախորդ օրը` հոկտեմբերի 1-ին, համացանցով տարածվեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի՝ հայտնի «կաթի փոշու» գողության մասին պատմող տեսանյութը: Հիշեցնենք, որ կաթի փոշին Գյումրի օգնություն էր փոխանցվել 1988թ. երկրաշարժին հաջորդած օրերին: Տեսանյութում, մասնավորապես, ներկայացվում էր, թե պատգամավորը գյումրեցիներին դրսից ուղարկված օգնությունն ինչպես է իրացրել, ապա՝ կալանավորվել:

Տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո համառ լուրեր շրջանառվեցին այն մասին, որ այն Հայաստանի հանրապետական կուսակցության ձեռագիրն է: Ըստ այդ լուրերի` ՀՀԿ-ն փորձ է արել այդկերպ վարկաբեկել Գյումրիում առաջադրված մյուս թեկնածուներին, եւ չի բացառվում, որ «Գյումրեցու ոգի» կուսակցությանն ուղղորդած լինի հենց ՀՀԿ-ն:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սուքիաս Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, Ձեր կուսակցությունը այլ քաղաքական ուժերի մասին նյութերի կամ պաստառների հրապարակումով է զբաղվում:

-Ե՛ւ Հանրապետական կուսակցությունը, ե՛ւ ես անձամբ ընդհանրապես քարոզարշավի շրջանակներում չենք զբաղվել այլ քաղաքական ուժերի հետ կապված ինչ-որ նյութեր հրապարակելու, պաստառներ պատրաստելու գործերով: Պաստառների՞ հարցում էլ են մեզ մեղադրում, բայց մենք զբաղվել ենք մեր աշխատանքով:

-Ինչպես հայտնի է` իրավապահները քննություն են անցկացնում պաստառի պատմության լրիվ, օբյեկտիվ հանգամանքները պարզելու ուղղությամբ: Բանն այն է, որ ոչ պաշտոնական վարկածներից մեկն այն է, որ տեղի ունեցածի դրդապատճառը եղել է «զառերով պաստառը», որն ուղղված է եղել Վարդեւան Գրիգորյանին: Մտավախություն չունե՞ք, որ իրավապահների բացահայտումները կարող են Ձեր հետքերի վրա բերել:

-Մենք պաստառի հետ որեւէ կապ չունենք: Եվ դա, առհասարակ, պետք է հիմնավորվի:

-Բայց միեւնույն է՝ «զառերի» հայտնի պաստառը հանրության մոտ կասկածների տեղիք էր տվել: Դուք միտում չե՞ք տեսնում կատարվածում:

-Դրանք պարզապես նախընտրական տեխնոլոգիաներ են, որոնք կիրառվում են: Բայց կրկնում եմ` Հանրապետական կուսակցությունը եւ ես անձամբ մեր առջեւ նման խնդիրներ չենք դրել, ոչ էլ մասնակցել ենք այդ խնդիրների իրագործմանը:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս