Երևանում մեկնարկել է Ինտերնետ կառավարման հայկական երկրորդ համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 5-ին մասնակցեց Ինտերնետ կառավարման հայկական երկրորդ համաժողովին։

Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ նախարարը նշեց, որ Ինտերնետ կառավարման հայկական համաժողովը պետական, հասարակական և մասնավոր կազմակերպությունների արդյունավետ համագործակցության լավ օրինակ է:

«Վստահ եմ, որ այս համաժողովի շրջանակներում մեկտեղված Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներուժը լայն հնարավորություններ կտա նոր գործնական կապեր ստեղծել, դրանք ամրապնդել և հաստատել, նոր դռներ բացել միջազգային առաջադեմ փորձը ներգրավելու համար։ ՀՀ կառավարությունը ԱՅ-Թի ոլորտի հետագա զարգացումը հռչակել է երկրի տնտեսության գերակա ուղղություններից մեկը և այս ոլորտի առանցքային բարեփոխման համար ներդնելու է բոլոր ջանքերը»,- նշեց Վ. Մարտիրոսյանը։
Համաժողովը կազմակերպվել է «Հայաստանի Հանրապետության Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ինչպես նաև «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Մասնակիցների թվում են «ICANN» կազմակերպության փոխնախագահ Միխայիլ Յակուշևը, Ինտերնետ հանրության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկը, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։

«ICANN» կազմակերպության փոխնախագահ Միխայիլ Յակուշևն ընդգծեց, որ Հայաստանը առաջատար երկրներից է ինտերնետ կառավարման ոլորտում և հույս հայտնեց, որ հայ հետազոտողները, մասնագետներն ու գործարարներն ավելի ակտիվ կներգրավվեն այս ոլորտում: «Անցած տարվա մեր գործունեությունը շատ բարեհաջող էր, ակնկալում ենք, որ այս տարի ևս այն կունենա դրական արդյունքներ»,- նշեց Մ. Յակուշևը:

Ինտերնետ հանրության եվրոպական բյուրոյի տնօրեն Ֆրեդերիկ Դոնկի խոսքով` պետք է առաջ մղել ինտերնետի ներթափանցումը հասարակության բոլոր շերտեր:
Անդրադառնալով համաժողովի օրակարգին և քննարկմանը ներկայացված թեմաներին՝ «Հայաստանի ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը նշեց, որ դրանք ընտրվել են ինտերնետ հանրության կողմից՝ եռամսյա քննարկումների արդյունքում։
Թեմաները բազմազան ու տարաբնույթ են։ Երկօրյա համաժողովի ընթացքում կներկայացվեն զեկույցներ «ՏՏ աշխատաշուկայի մարտահրավերները» , «Սոցիալական ցանցերը՝ որպես բիզնես գործիք», «Անձնական տվյալների պաշտպանության կիրառումն առօրյայում» և այլ թեմաներով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս