Երեկ տեղի ունեցած Վանաձորի քաղաքապետի ընտրությունները փաստեցին այն, ինչը կանխատեսել էինք դեռեւս անցած շաբաթ՝ ավագանու ընտրությունների արդյունքների՝ հայտնի դառնալուց հետո: Փաստացի, Վանաձորի նորընտիր 33 հոգանոց ավագանու կազմում ՀՀԿ-ն եւ նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ունեին 15 հոգի, ու ի դեմս Մամիկոն Ասլանյանի՝ իրենց քաղաքապետն ունենալու համար նրանց երկու ձայն էր պակասում: Հիշեցնենք, որ Վանաձորի նորընտիր ավագանու կազմում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի 10 անդամ, «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ) 5 եւ ԲՀԿ-ն 3 անդամ: Քաղաքապետի ընտրությունների արդյունքով Մամիկոն Ասլանյանը ստացավ 19 քվե, Քրիստ Մարուքյանը՝ 14: Այսինքն, ՀՀԿ-ին հաջողվել էր հակառակորդ ավագանիներից անհրաժեշտ 2-ի փոխարեն 4-ին «գողանալ»:
Մինչ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան»-ի նախագահ Էդմոն Մարուքյանը եւ վերջինիս հետ համագործակցութան հուշագիր ստորագրած «Հայկական վերածնունդը» ներկայացնող ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ամեն կերպ փորձում էին ուղիներ գտնել՝ քվեարկության ընթացքը վերահսկելու համար: Ակնհայտ էր, որ նրանք ավագանու որոշ անդամների «ազնվության» հետ կապված կասկածներ ունեին: Ընդամենը հաշված րոպեներ անց պարզ դարձավ, թե Էդմոն Մարուքյանն ինչից էր այդքան «վախենում»:
Իհարկե, այս պահին շատ դժվար է ասել, թե Վանաձորի ավագանու՝ ճամբար փոխած անդամներն ովքեր են: Սակայն, մեկ բան ակնհայտ է, այդ հանգամանքը շատ հեշտությամբ կարելի է պարզել: Բանն այն է, որ «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն եւ «վերածնված» ՕԵԿ-ն իրենց 18 ավագանիներով կարող են Մամիկոն Ասլանյանին զրկել Վանաձորը կառավարելու հնարավորությունից: Նորընտիր քաղաքապետը փաստացի կարող է զրկվել Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմը, բյուջեն եւ մնացած կարեւորագույն որոշումները կայացնելու հնարավորությունից: Այսինքն՝ շատ արագ եւ առանց ավելորդ ջանքերի կարելի է պարզել, թե ովքեր են այդ չորս «քցողները»: Ի վերջո, ավագանու մնացած բոլոր որոշումները պետք է կայացվեն բաց քվեարկությամբ: Իհարկե, ավագանին կարող է որոշել նաեւ գաղտնի քվեարկությամբ որոշումներ կայացնել, բայց մինչ այդ պետք է համապատասխան որոշումը կայացնի: Այսինքն՝ «քցողները» առնվազն պետք է գաղտնի քվեարկությանը բացահայտ կողմ քվեարկեն:
Իսկ «դավաճաններին» պարզելուց հետո անհրաժեշտ կլինի լուծել Վանաձորի ավագանու մանդատից նրանց զրկելու խնդիրը: Իսկ եթե դա չհաջողվի անել, ապա կնշանակի՝ տվյալ դեպքում ոչ թե անհատական «դավաճանության» երևույթի հետ գործ ունենք, այլ «Լուսավոր Հայաստանի» հետ հուշագիր ստորագրած քաղաքական ուժերի կողմից նախապես ծրագրված դավաճանության, ինչը նրանց հարազատ գործելաոճն է եւ վերջին տասնամյակում անցած ուղու անբաժանելի մասը:
Ի դեպ, անհատական մակարդակում «դավաճանության» դեպքում, անկախ նրանից, թե հուշագիրը ստորագրած կուսակցություններից որ մեկի անդամն են նրանք, իրավիճակը շատ հստակ լուծում ունի՝ հանրային ճնշմամբ նրանց պարտադրվում է ինքնաբացարկ ներկայացնել: Ի վերջո, հասկանալի է չէ՞, որ եթե համապատասխան կուսակցությունները դավաճանությանը մասնակցություն չեն ունեցել, ապա իրենց կուսակցականի կյանքը կարող են դժոխքի վերածել: Դրանից հետո ամեն ինչ կարող է սկսվել նորից. Մամիկոն Ասլանյանը պարզապես կզրկվի կառավարելու հնարավորությունից: Նա կարող է առավելագույնը մեկ տարի մնալ քաղաքապետ, որից հետո հուշագիր ստորագրածները կարող են նրան անվստահություն հայտնել («Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17.1 հոդվածը նման հնարավորություն տալիս է):
Հարկ է նշել, որ Գյումրիում եւս եթե ավագանու 16 անդամ ունեցող ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն (ՕԵԿ) եւ «Գաղափարակից լիբերալների ալյանսը» (ԳԱԼԱ) իսկապես ցանկանում են իշխանություն ունենալ, ապա նրանց ոչինչ չի խանգարում Բալասանյանի կառավարումը «դժոխքի» վերածել: Բավական է նշել, որ ավագանու արտահերթ նիստ հրավիրելու համար ընդամենը մեկ երրորդի՝ 11 ավագանու ստորագրությունն է հարկավոր՝ ՏԻՄ օրենք հոդված 15: Այսինքն՝ եթե վերը նշված եռյակը այդ մարտավարությամբ գործի, ապա Գյումրիի ավագանու ՀՀԿ-ական անդամները պարզապես պարտադրված կլինեն երկրից չբացակայել՝ անհրաժեշտ մեծամասնությունն ապահովելու համար: Սակայն այդ դեպքում հարցերի հարցն այն է, թե նշված քաղաքական ուժերը իրականում որքանով են ցանկանում իշխանությունների համար իրական խոչընդոտներ ստեղծել: Այս պահին առկա փաստերը վկայում են, որ նրանց նպատակը ոչ թե իշխանությունների համար իրական խոչընդոտներ ստեղծելն է, այլ այնպես անել, որ ընտրողները գլխի չընկնեն իրենց իրական մտադրությունների՝ իշխանություններին սպասարկելու գործառույթ ստանձնելու մասին: Մասնավորապես, երեկ Գյումրիում ակնհայտ էր, որ վերը նշված երեք քաղաքական ուժերը, բոյկոտելով ավագանու առաջին նսիտը, նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին մեծ լավություն են արել՝ հնարավորություն տալով առանց խոչընդոտի իր ուզած ձեւով ստանձնել քաղաքապետի պաշտոնը:
Հ. Գ. Երեկ ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ «Հայկական վերածնունդ»-ը փորձում էին ապացուցել, որ իրենք պահպանել են հուշագրի սկզբունքները:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ