ԲՀԿ-ում որևէ պաշտոն ստեղծելու անհրաժեշտություն չկա. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբեր ամսին արտահերթ համագումարի է նախապատրաստվում՝ ընտրելու ԲՀԿ  խորհրդի նախագահի, որը կլինի Գագիկ Ծառուկյանը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ, ով նշեց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը. «Լրագրողական գոնե նվազագույն պարտաճանաչությունը, իմ կարծիքով, ես սա ասում եմ նաև, որպես նախկին լրագրող, պահանջում է, որպեսզի նման «սենսացիոն լուրի» հեղինակը իրեն մի փոքր նեղություն տա և  կարդա ԲՀԿ կանոնադրությունը: 2006 թվականի համագումարով հաստատված ԲՀԿ կանոնադրության մեջ ի սկզբանե ամրագրված են եղել  և՛ ԲՀԿ նախագահի, և՛ ԲՀԿ քաղխորհրդի նախագահի պաշտոնները:

ԲՀԿ նախագահը և ԲՀԿ քաղխորհրդի նախագահը եղել է Գագիկ Ծառուկյանը, իսկ այժմ  ես եմ:

Որևէ պաշտոն ստեղծելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր կուսակցության հիմնադիր  համագումարում ընդունված կանոնադրության մեջ ամրագրված են և՛ ԲՀԿ նախագահի, և՛ ԲՀԿ քաղխորհրդի նախագահի պաշտոնները: Եվ եթե Գագիկ Ծառուկյանը որոշի վերադառնալ քաղաքականություն, ապա արդեն  թե՛ ԲՀԿ նախագահը, և՛ ԲՀԿ քաղխորհրդի նախագահը կլինի  Գագիկ Ծառուկյանը»:

Անդրադառնալով արտահերթ համագումարին` Զոհրաբյանը նշեց. «Ինչ վերաբերում է համագումարին, ապա պետք է նշեմ, որ ո՛չ հոկտեմբեր, ո՛չ նոյեմբեր ամիսներին ԲՀԿ որևէ համագումար նախատեսված չէ:  Առաջիկայում համագումար կազմակերպելու մասին լուրեր տարածողներին պետք է ասեմ, որ մեր քաղաքական թիմում դեռևս նման հարց չենք քննարկել»:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս