«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերությունում նորից աշխատավարձ չեն վճարում։ Նախորդ անգամ մենք հունիս ամսին էինք ահազանգ ստացել, որ հեռուստաընկերության աշխատակիցները մի քանի ամիս չեն ստացել իրենց փողը, և մեր հրապարակումից հետո, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հ3-ի ղեկավարությունը աշխատակիցներից ներողության խնդրելով՝ վճարել էր ամբողջ պարտքը։ Բայց մեզ փոխանցեցին, որ հուլիս ամսից սկսած՝ նորից իրենց չեն վճարում ամեն անգամ ասելով այսօր-վաղը կտանք, ՏԻՄ ընտրություններից հետո կտանք, բայց այդպես էլ չեն վճարում։
Մենք փորձեցինք պարզել, թե ինչու չեն վճարում, հեռուստաընկերության տնօրեն Արամ Հարությունյանը ասաց, որ նման բան չկա, իրենք աշխատավարձի պարտք չունեն։ Վերջինիս հետ մեր հեռախոսազրույցից հետո խմբագրություն զանգահարեց նաև ՕԵԿ մամուլի խոսնակ էդգար Առաքելյանը՝ նորից ժխտելով, թե իրենք աշխատավարձ չեն վճարում։ Իսկ մեր տեղեկություններով, հեռուստաընկերությունում աշխատավարձի ուշացմանն ընդդիմացող աշխատակիցներին հակադարձում են, թե կարող եք դուրս գալ աշխատանքից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։