«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-Ը «ՔՑԵ՞Լ» Է ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ապահովագրական ընկերությունների թիվը ավելի փոքր է, քան առեւտրային բանկերինը: Սակայն ապահովագրական ընկերությունների հետ առնչվող քաղաքացիների թիվը բանկերի հետ առնչվողներից քիչ չէ: Իսկ դժգոհությունների թիվը՝ շատ ավելի մեծ: «Ժողովուրդ»-ը ՀՀ քաղաքացիներից հերթական դժգոհությունն է ստացել ապահովագրական ընկերության գործելաոճի հետ կապված:

Այս անգամ «Ժողովուրդ»-ին է դիմել Երեւան քաղաքի բնակչուհի Գայանե Կիրակոսյանը (անունը փոխված է), որը դժգոհում է «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերությունից: Վերջինս պատմել է, որ հուլիսի 14-ին ինքը ճամփորդության նպատակով մեկնել է Ավստրիա եւ երեւանյան տուրիստական գործակալություններից մեկի միջոցով բժշկական ապահովագրությունը ձեռք է բերել «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերությունից: Սակայն օգոստոսի 3-ին Ավստրիայի Շտայր քաղաքում Գ. Կ.-ի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, եւ բուժման նպատակով նա պառկել է տեղի հիվանդանոցներից մեկում:
«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին տեղեկացրեց նաեւ, որ ավստրիական հիվանդանոցում գտնվելու ընթացքում ինքը տեւական ժամանակ փորձել է կապ հաստատել «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ, որպեսզի տեղեկացնի հիվանդանոցում պառկելու մասին, սակայն իր բոլոր հեռախոսազանգերն անպատասխան են մնացել: Անելանելի դրության մեջ հայտնված քաղաքացին ստիպված կապ է հաստատել նույն ընկերության, սակայն Մոսկվայում գտնվող մասնաճյուղի հետ: Տեղի աշխատակիցը՝ Սվետան (այդպես է ներկայացել) խնդրել է նշել ապահովագրական վկայականի համարը, սակայն այն ստանալուց հետո հայտարարել է, որ նման համար ընկերության բազայում գրանցված չկա:
«Պարզվեց, որ իմ տվյալները գրանցված չեն ընկերության բազայում: Փաստորեն՝ ապահովագրական ընկերությունը ինձ ճամփորդելու նպատակով բժշկական ապահովագրության գրքույկ է տրամադրել, բայց իր տվյալների բազայում չի գրանցել: Ես կարող եմ չէ՞ մտածել, որ դա իրենք գրպանել են»,- վրդովված նկատեց տիկին Գայանեն:
Քաղաքացու ներկայացմամբ՝ ի վերջո, բավականին մեծ դժվարությամբ (քանի որ հեռախոսազանգերին չեն պատասխանել) իրեն հաջողվել է կապ հաստատել նաեւ «Արմենիա ինշուրանս»-ի հայաստանյան ընկերության հետ, որի օպերատորներից մեկը անտարբեր տոնով խորհուրդ է տվել քաղաքացուն սեփական միջոցներով հիվանդանոցային ծախսերը վճարել, ապա՝ խոստացել, որ Հայաստան վերադառնալուն պես ընկերությունը կփոխհատուցի այդ ծախսերը: «Իսկ երբ հետաքրքրվեցի, թե ինչն է պատճառը, որ իմ տվյալները բազայում գրանցված չեն, ինքը պատճառաբանեց, որ համակարգչային խնդիր է տեղի ունեցել»,- պատմեց քաղաքացին:
Հետեւելով ընկերության աշխատակցի խորհրդին՝ Գայանե Կիրակոսյանը ավստրիական հիվանդանոցին է տրամադրել իր ապահովագրական գրքույկը, անձնագրի պատճեն: Սակայն տվյալ հիվանդանոցը ծախսերի մասին ծանուցումը Ավստրիայից ՀՀ է ուղարկել օգոստոսի 18-ին՝ 418 եվրոյի չափով: Նշենք, որ ապահովագրական ընկերությունից խաբված քաղաքացին Ավստրիայից Հայաստան է վերադարձել օգոստոսի 12-ին, ապա՝ առողջական խնդիրներով կրկին երկրից մեկնել է:
Ավստրիայից ստանալով ծախսերի վերաբերյալ ծանուցումը՝ Գայանեի ամուսինը (քանի որ Գայանեն երկրում չի եղել) այն ներկայացրել է ապահովագրական ընկերություն, որտեղ աշխատակիցները պահանջել են միայն Գայանեի ներկայությունը կամ նրա կողմից հարազատին տրված լիազորագիրը: Ընկերության աշխատակիցները Գայանեի ամուսնուն փոխանցել են նաեւ, որ նա պետք է 10 օրվա մեջ ներկայանա ապահովագրական ընկերություն՝ նշելով, թե հակառակ դեպքում իրենք չեն կարող ընդունել փաստաթղթերը: Տիկին Գայանեն Հայաստան կարողացել է վերադառնալ միայն օգոստոսի 31-ին, ինչից հետո անմիջապես այցելել է ապահովագրական ընկերություն: Այստեղ, սակայն, նրա նկատմամբ կոպիտ վերաբերմունք են ցուցաբերել եւ հայտարարել, որ ուշացել է: Ընկերության աշխատակիցներն ասել են, որ այլեւս չեն կարող ո՛չ լսել, ո՛չ էլ առավել եւս՝ օգնել նրան:
Եվ հիմա՝ անելանելի դրության մեջ հայտնված քաղաքացին պահանջում է, որպեսզի ապահովագրական ընկերությունը, ի վերջո, կատարի իր պարտավորությունները եւ փոխհատուցի ավստրիական հիվանդանոցի ծախսերը, որոնք ինքն է վճարել ընկերության փոխարեն:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ «Արմենիա ինշուրանս»-ի գլխավոր տնօրեն Գուրգեն Հարությունյանի հետ, սակայն ընկերության օպերատորը, որի հետ մեծ դժվարությամբ կապ հաստատեցինք, խիստ անտարբեր տոնով փոխանցեց, որ տնօրինությունը նման հարցերով չի զբաղվում: Եթե տնօրինությանը նման հարցերը չեն հետաքրքրում, ապա ամենեւին էլ զարմանալի չէ, որ քաղաքացիների դժգոհությունները հաճախ հենց այս ընկերության հետ են կապված: Գուցե ընկերության տնօրինությունը տեղյակ չէ՞ իր աշխատակիցների թերի աշխատանքի մասին:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ը քաղաքացու բողոքը գրավոր ուղարկել է ապահովագրական ընկերություն: Երեկ ողջ օրվա ընթացքում, սակայն, մենք այդպես էլ ընկերությունից արձագանք չստացանք: Ինչեւէ. ներկայումս «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հրաժարվում է իր հաճախորդին տրամադրել 418 եվրոյի չափ փոխհատուցումը` անկախ նրանից, որ պայմանագիր ունի նրա հետ:
Արդյոք պետությունը վերահսկո՞ւմ է ապահովագրական ընկերությունների նման գործելաոճը:
Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ: Վերջինս լսելով քաղաքացու բողոքը՝ փոխանցեց, որ նա հանգիստ կարող է դատարան դիմել ընդդեմ ապահովագրական ընկերության եւ այդպես կարգավորել խնդիրը:
Ի դեպ, նշենք, որ ապահովագրական ընկերությունները լիցենզիա ստանում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, հետեւաբար հենց այս կառույցն էլ վերահսկողություն է իրականացնում նրանց գործունեության նկատմամբ: «Ժողովուրդ»-ին ԿԲ-ից փոխանցեցին, որ ԿԲ-ն վերահսկողություն սահմանում է ապահովագրական ընկերութունների նկատմամբ, եւ խոստացան ուսումնասիրել քաղաքացու բողոքը: Ավելի ուշ տեղեկացանք, որ ԿԲ-ից տիկին Գայանեին խորհուրդ են տվել դիմել ֆինանսական հաշտարարի գրասենյակ: «Ժողովուրդ»-ը կհետեւի իրադարձությունների հետագա ընթացքին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս