ԱՄԵՆԱՎԱՏ ԱՐԴՅՈՒՆՔԸ` ՅՈԹ ՏԱՐՎԱ ԿՏՐՎԱԾՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը վերջին յոթ տարվա մեջ ամենացածրն է եղել` 1,6 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2016թ. սեպտեմբերին (2016թ. հոկտեմբերի 20-ի դրությամբ)» տեղեկագրից:

Փաստորեն, մինչ այս տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը արձանագրվել էր 2009-ի աշնանը: Մասնավորապես, այդ տարի նույն ինն ամիսների արդյունքներով արձանագրվել էր 18,3 տոկոսի անկում: Իսկ հաջորդ` 2010 թվականին արդեն հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում 2,8 տոկոսի տնտեսական աճ էր արձանագրվել: 2012-ին տնտեսական աճի ցուցանիշը եղել է 7,6 տոկոս, 2013-ին` 3,2, 2014-ին` 4,3 եւ 2015-ին` 3,7 տոկոս (2011-ի տնտեսական ակտիվության ցուցանիշը ԱՎԾ-ն հրապարակել է միայն մեկ ամսվա կտրվածքով):
Հաջորդ աննախադեպ անկումը, որն այս ինն ամիսների արդյունքներով արձանագրվել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների նվազումն է, որը կազմել է 2,6 տոկոս: Սա նշանակում է, որ այս տարվա ինն ամիսներին Հայաստանում ավելի քիչ գյուղմթերք է աճեցվել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Հարկ է նկատել, որ, օրինակ, 2009-ին, երբ միջազգային տնտեսական ճգնաժամի արդյունքում Հայաստանում տնտեսական անկումը, ինչպես արդեն նշել ենք, ավելի քան 18 տոկոս է կազմել, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի անկումն ընդամենը 1,3 տոկոս է եղել: Այսինքն՝ ներկա պայմաններում եթե նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ գյուղմթերքի արտադրության ծավալները նվազել են, ապա դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությանն առաջիկայում աղետ է սպասում: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն ինն ամիսների կտրվածքով աճել են 7,1 տոկոս: Սակայն, եթե արդյունաբերության տվյալներից հանվեն հանքարդյունաբերության կամ ավելի կոնկրետ պղնձի խտանյութի արդյունահանման տվյալները, որոնք մոտ 35 տոկոսով աճել են, ապա արդյունաբերությունում շատ տխուր պատկեր կստացվի:
Շինարարության ծավալները եւս գնալով ավելի են նվազում: Այս տարվա ինն ամիսների արդյունքներով շինարարության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 9,3 տոկոսով: Նախորդ ժամանակահատվածում` ութ ամիսների կտրվածքով, շինարարության ծավալների անկումը կազմել էր 7,5 տոկոս: Առեւտրի շրջանառությունն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին շարունակել է անցած տարվա համեմատ անկում արձանագրել: Առեւտրի շրջանառությունը գումարային արտահայտությամբ կազմել է 1 միլիարդ 400 մլն դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի բնակչությունն այս տարվա ինն ամիսների արդյունքներով անցած տարվա համեմատ 1,4 մլրդ դրամով աղքատացել է:
Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ինն ամիսների արդյունքներով էլեկտրական էներգիայի արտադրության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 6,5 տոկոսով: Նախորդ ժամանակահատվածում` ութ ամիսների արդյունքներով էլէներգիայի արտադրության ծավալները, անցած տարվա համեմատ, նվազել էին 5,9 տոկոսով: Այսինքն՝ այն փաստը, որ Հայաստանում գնալով ավելի քիչ էլեկտրական էներգիա է սպառվում, մեղմ ասած, լավ օրից չէ: Հասկանալի է, չէ, որ եթե արդյունաբերությունն աճում է, այդ ոլորտի կողմից էլէներգիայի սպառումն ավելանում է, եթե բնակչությունը հարստանում է ու տեխնիկայի քանակն ավելանում է, ապա կրկին էլէներգիայի սպառումն ավելանում է: Իսկ երբ էլէներգիայի սպառումն անկում է ապրում, դա ուղղակի փաստում է, որ երկրի տնտեսությունը եւս անկում է ապրում, անկախ նրանից, թե պաշտոնական վիճակագիրները որքան են ջանում գոնե չնչին աճ «նկարելու» համար:
Ի դեպ, ինչպես նախորդ ժամանակահատվածում ինն ամիսների կտրվածքով եւս արտահանման ծավալներն, անցած տարվա համեմատ, աճել են, այս անգամ այդ ցուցանիշը կազմել է 19,6 տոկոս: Հիշեցնենք, որ արտահանման ծավալների՝ այս տարի արձանագրված աճը պայմանավորված է անցած տարվա անկմամբ: Անցած տարվա սկզբից հատկապես դեպի Ռուսաստան արտահանման ծավալները կտրուկ նվազել էին, սակայն տարվա վերջից սկսած այդ ցուցանիշը վերականգնվեց, ինչով պայմանավորված էլ այս տարի արտահանման երկնիշ աճ է արձանագրվում:
Հանուն արդարության հարկ է նկատել, որ ինն ամսվա կտրվածքով վիճակագրական վերը բերված արդյունքները գործնականում արտացոլում են նախորդ կառավարության գործունեությունը: Իսկ ներկայիս` Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեությունը, ըստ պաշտոնական վիճակագրության, հնարավոր կլինի գնահատել մեկ ամսից` հոկտեմբերի արդյունքներով:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԿՏՈՒԳԱՆԵՆ, ՉԵՆ ԱԶԱՏԱԶՐԿԻ
Երեկ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության եւ արդյունքների ամփոփման գործընթացը պետք է համացանցով օնլայն հեռարձակվեն, ընտրողների ստորագրած ցուցակները քվեարկությունից հետո պետք է սկանավորվեն եւ ԿԸՀ-ի կայքում հրապարակվեն, ինչպես նաեւ ընտրողները, վստահված անձինք եւ ընտրական հանձնաժողովի անդամները իրավունք կունենան ուրիշի փոխարեն քվեարկության մասին դիմումներ ներկայացնեն, որոնք պարտադիր պետք է ուսումնասիրվեն եւ իրավական գնահատականի արժանանան: Հատկապես վերջին նորամուծության շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել, քանի որ սկզբնական տարբերակով նախատեսվում էր, որ ուրիշի փոխարեն քվեարկության ներկայացված փաստի չհաստատվելու դեպքում դիմումատուները քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն` երկուսից-հինգ տարի ազատազրկման ձեւով: Սակայն, ի վերջո, այդ մոտեցումը որոշակի փոփոխության ենթարկվեց, եւ երեկ ընդունված տարբերակով երկուսից հինգ տարվա ազատազրկումը նախատեսվում է միայն դիտավորյալ կեղծ տվյալ հաղորդողների դեպքում: Իսկ, այսպես կոչված, անփութությամբ նման դիմում ներկայացնողների դեպքում նախատեսվեց վարչական տույժ` 200 հազարից 800 հազար դրամի չափով: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ վերը նշված մոտեցումն ամեն դեպքում կսաստի բոլոր պոտենցիալ դիմումատուներին, որպեսզի նրանք տասը չափեն, մեկը կտրեն:

 

 

ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ, ԲԱՅՑ…
«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ կառավարությունը դեմ է արտահայտվել ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Լյովա Խաչատրյանի եւ Վահան Կարապետյանի` «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Երեկ ԱԺ-ում Լյովա Խաչատրյանը վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե նրա գլխավորած կառավարությունն ինչպես է աշխատելու ոչ իշխանական պատգամավորի հետ: «Համագործակցելու ենք: Փորձում ենք բալանսավորել լիազորությունները, պատասխանատվությունները եւ պարտականությունները»,- պատասխանեց վարչապետը: Այլ կերպ ասած՝ ոչինչ էլ չի փոխվելու:

 

 

ՄԱՐՏԿՈՑՆԵՐԸ՝ ԱՃՈՒՐԴՈՎ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը վաճառքի է հանել հեռախոսի մարտկոցներ: Դրանք գտնվում են Երեւանում եւ այս պահի դրությամբ գնային առաջարկ չունեն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ «Gresso Li-ion» մարտկոցները չինական արտադրության են, 3 հատ են եւ վաճառվում են մեկ ամբողջական լոտով: Նշենք, որ աճուրդի հանված երեք մարտկոցների մեկնարկային գինը կազմում է 364 դրամ: Չնայած սրան՝ առաջարկի քայլի արժեքը 500 դրամ է: Տեսնես՝ ումից է ԴԱՀԿ-ն այդ մարտկոցները խլել:

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ
ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան՝ մինչ գագաթնաժողովի մեկնարկը, այցելել է քաղաքի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ կարճատեւ հանդիպում է ունեցել եկեղեցական վարչության անդամ «Անի» հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել համայնքային առօրյայի, խնդիրների, ծրագրերի, հայրենիքի հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունների շուրջ, նաեւ պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
 

 

ԻՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԱՅՆՏԵՂ
Աշխատանքային այցով Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին, որը վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարները: «Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են Եվրոպական խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները, անդրադարձել փախստականների ճգնաժամի շուրջ վերջին զարգացումներին, ԵՄ տնտեսական, ինչպես նաեւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին: Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին:

 

 

ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ
«Երկու կարեւոր աճի հնարավորություններ կան ՀՀ-ի համար: Առաջինը՝ փոքր եւ միջին բիզնեսի զարգացումն է: Եվրամիությունում ՓՄՁ-ները զբաղվածության 60-ից 70 տոկոսն են կազմում, իսկ ՀՀ-ում՝ միայն 30 տոկոսը։ Այս առումով Հայաստանը հետ է մնում Մոլդովայից, Վրաստանից, նույնիսկ Բելառուսից: Ուստի պատահական չէ, որ ԵՄ-ն ծրագիր է սկսում ՓՄՁ-ների աջակցության համար, որ նրանց համար հեշտանա ֆինանսական աջակցություն որոնելը: Հայաստանում ՓՄՁ-ները ուշադրության կարիք ունեն»,- երեկ ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Որպես երկրորդ գործոն նա նշել է արտաքին ներդրումները. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն այն գործոններից է, որը դեր է խաղում արտաքին ներդրումների համար, բայց մենք հավատում ենք, որ պոտենցիալն իրականում շատ ավելի մեծ է»,- կարծիք է հայտնել դեսպանը:

 

 

ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ
«Եթե ինչ-որ պետություն պատրաստվում է պատերազմ սկսել, նա երբեւիցե չի ասելու, թե որ օրը եւ որ ժամին է դա պատրաստվում իրականացնել: Ռազմական գործողությունների հավանականությունը երբեւէ պետք չէ բացառել, բայց դա չի նշանակում, որ հավանականությունը մեծ է: Ադրբեջանն արդեն իսկ ապրիլին փորձեց լայնածավալ գործողությունների միջոցով հասնել իր նպատակներին, սակայն դա չի ստացվել, կրել է բավականին մեծ կորուստներ, եւ հիմա դժվար է շուտափույթ ապաքինվելը»,- անդրադառնալով պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությանը՝ Armlur.am-ին ասել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:




Լրահոս