«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, անդրադառնալով համաներման մասին լուրերին՝ ի վերջո, համաներում լինելու է, թե ոչ, ասաց. «Մենք որեւէ տեղեկություն չունենք: Նախագահի լիազորությունն է»:
-Պարո՛ն Քրմոյան, արդեն տեւական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ շուտով համաներում է հայտարարվելու: Ի վերջո, կլինի՞ համաներում, թե՞ ոչ: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:
-Մենք որեւէ տեղեկություն չունենք: Նախագահի լիազորությունն է: Արդարադատության նախարարությունը որեւէ գործառույթ չունի այդ ոլորտում:
-Որպես փոխնախարար՝ համաներման անհրաժեշտությունը Դուք տեսնո՞ւմ եք:
– Ճիշտն ասեմ, քանի որ նախագահի լիազորությունն է, ես կոռեկտ չեմ համարում այս պահին ասել՝ պետք է, թե ոչ: Եթե կարիք լինի, համապատասխան գնահատականներ կտրվեն, եւ համաներում կլինի: Եթե ոչ, ոչ, քանի որ ժամանակին այդ համաներումը փուլայինով եղել է: Ժամանակը կգա, եւ եթե անհրաժեշտությունը հանրապետության նախագահը տեսնի, այդ համաներումը կհայտարարվի:
-Դուք համաներման դրական կողմը ո՞րն եք համարում:
-Ես չէի ցանկանա համաներման կամ մյուս ինստիտուտների դրական կամ բացասական կողմի մասին խոսել, քանի որ մենք խոսում ենք պատիժ կրող անձանց մասին, քրեական հանցագործություն կատարած անձինք պատիժ են կրում, եւ օրենքը ինստիտուտներ է տալիս տարբեր տեսակի: Եվ բացառիկ ինստիտուտներից մեկն էլ հենց համաներումն է: Մենք մեր գործառույթների շրջանակներում խոսում ենք հետեւյալի մասին՝ բարելավել այդ ինստիտուտների գործունեությունը՝ պայմանական վաղակետ ազատում, դատապարտյալների ռեժիմը, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, որպեսզի դատապարտյալը, պատշաճ վարքագիծ դրսեւորելով քրեակատարողական հիմնարկում՝ օրենսդրությամբ նախատեսված տարբեր մեխանիզմների միջոցով խրախուսանք ստանա, այդ թվում՝ ռեժիմի փոփոխություն, ավելի պարզ ռեժիմի անցնի, պայմանական վաղակետ ինստիտուտից օգտվի կամ քրեակատարողական հիմնարկի ներսում որոշակի արտոնություններ ունենա, լրացուցիչ տեսակցություններ եւ այլն: Չէի ցանկանա խոսել համաներման ինստիտուտի դրական կամ բացասական կողմերի մասին. դա շատ տեսական հարց է: Երբ կլինի, կգնահատվի, գիտական վերլուծություն կկատարվի, այդ ժամանակ կխոսենք: Ես կարող եմ ասել, որ այդ ինստիտուտների բարելավման ուղղությամբ քրեական պատիժը կրող անձանց վարքագիծը տեսնելով՝ մենք աշխատանքներ ենք տանում:
-Համաներումը հասարակության շրջանում մտավախություն է առաջացրել: Կարծիքներ կան, որ հանցանք կատարած որոշ անձինք ազատության մեջ հայտնվելով՝ կարող են հասարակության համար վտանգ ներկայացնել: Դուք տեսնո՞ւմ եք այդ վտանգը:
-Պատիժը կատարող հիմնարկի եւ արդարադատության նախարարության ամենակարեւոր նպատակը մեխանիզմներ ստեղծել եւ պատշաճ գործունեություն իրականացնելն է, որպեսզի բացառենք անձի՝ կրկնահանցագործություն կատարելը: Եվ բոլոր ինստիտուտները, որոնց օգնությամբ դատապարտյալը կարող է սահմանված ժամկետից ազատվել, հաշվի են առնում նմանատիպ խնդիրները: Պայմանական վաղակետ ազատման դեպքում, օրինակ, դատարանը, անկախ հանձնաժողովն ու վարչակազմը ամենակարեւոր ցուցանիշը, որ դիտարկում են, այն է, թե արդյո՞ք տվյալ անձը ուղղվել է, եւ արդյո՞ք վտանգ կա, որ նա կրկնահանցագործություն կատարի: Եթե կա այդ վտանգը, պետք է, օրինակ, վաղաժամկետ ազատումը չկիրառվի: Ինչ վերաբերում է համաներմանը, այն վերլուծված, մշակված, համապատասխան իրավական ակտ է, որը հատուկ խմբի դատապարտյալներին է վերաբերելի:
-Պայմանական վաղաժամկետ ազատման մասով նախարարությունում նոր նախագիծ էր մշակվում, ի՞նչ փուլում է գործընթացը:
-Հարցը շատ կարեւոր է, եւ հաճախ է խոսվում այն մասին, որ ինստիտուտը բարեփոխվի: Մենք աշխատանքները գրեթե ավարտին ենք մոտեցրել, նախագիծը պատրաստ է, քննարկված է պետական գրեթե բոլոր մարմինների հետ, քաղհասարակության հետ: Վերջնական քննարկումներից հետո կներկայացվի: Հիմնական ուղղությունները՝ իրավական եւ դատական բարեփոխումների, մատնանշված են ՀՀ նախագահի կարգադրությունների մեջ: Առաջինը հստակ չափանիշների սահմանումն է, որով հնարավորություն կտրվի ե՛ւ կիրառող մարմնին, ե՛ւ դատապարտյալին տեսանելի դարձնել, թե ինչ պայմաններ ապահովելու դեպքում պայմանական վաղաժամկետ ազատելու շանսը կմեծանա:
Այսինքն՝ թե ինչ վարքագիծ պետք է դրսեւորի դատապարտյալը, որպեսզի ազատ արձակվի: Առաջինը չափերի չափանիշներն են, երկրորդը՝ պարզեցնել եւ հստակեցնել ընթացակարգը, օրինակ՝ մենք նախատեսում ենք դատապարտյալին հնարավորություն տալ փաստարկներ ներկայացնել, ելույթ ունենալ, իրենց կարծիքը ներկայացնել, փաստաբան ներգրավել, մասնակցել անկախ հանձնաժողովի նիստերին. Սա ընթացակարգն է: Եվ ինստիտուցիոնալ համակարգը հիմա եռաստիճան է՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմ, անկախ հանձնաժողով, դատարան: Մենք փորձելու ենք անել, որպեսզի դա լինի երկու օղակ: Ի վերջո, նոր նախագծով նախատեսում ենք, որպեսզի բոլոր դեպքերում դատական բողոքարկման հնարավորություն լինի: Եթե դատապարտյալը համամիտ չէ, նա պետք է բողոքարկի:
-Իսկ անկախ հանձնաժողովի անդամների մասով փոփոխություն կա՞ նախատեսված:
-Դեռեւս ոչ: Նախագծից կերեւա:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՖԵՅՔԵՐԻ
ArmLur.am լրատվականը հոկտեմբերի 19-ին հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կեղծ օգտատերերի դեմ դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչություն` պահանջելով նրանց պատասխանատվության ենթարկել թե՛ կուսակցության, թե՛ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մասին անձնական վիրավորանքներ հնչեցնելու համար: Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր. «Մենք պաշտոնապես դիմել ենք ոստիկանապետին` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի քանի կեղծ օգտատերերի անվան տակ հանդես եկող վիժվածքների պատասխանատվության ենթարկելու համար: Ես եւ պարոն Մելքումյանը հրավիրվել ենք ոստիկանության 6-րդ կամակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն, որտեղ ես անձամբ գրել եմ բացատրությունը, տվել եմ հաղորդում, եւ քրեական գործ է հարուցվելու»։ Պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ տարբեր կեղծանունների տակ թաքնված կեղծ օգտատերերը պիտի հասկանան, որ մարդկանց վիրավորելը, վարկաբեկելը հանգեցնելու է քրեական պատասխանատվության:
«Ժողովուրդ»-ին իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունը պատգամավորի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։ ՔԿ-ից երեկ մեզ հայտնեցին, որ նյութերը ստացվել են, օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:
Թե ինչ հույսեր կարելի է կապել իրավապահների հետ, դեռեւս վաղ է ասել, մանավանդ այն պարագայում, որ զրպարտությունն ապաքրեականացվել է: Եվ այն, որ տարբեր օղակներում, այդ թվում՝ քաղհասարակության շրջանում, արդեն տեւական ժամանակ է՝ այս հարցը բարձրացվում է, իսկ իրավապահ համակարգի ներկայացուցիչները միաբերան կրկնում են, որ խնդրի լուծումն իրենց վերահսկողության տակ չի կարող լինել, առավել քան մտահոգիչ է:
Առավել եւս, որ կեղծ օգտատերերը վերջին շրջանում ավելի ակտիվ գործունեություն են ծավալում սոցիալական տիրույթում: Եվ այն, որ դրանց դեմ պայքարն օրհասական խնդիր է դարձել, ակնհայտ է: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին «Ժողովուրդ»-ը հայտնել է, որ մի խումբ անհատ լրագրողներ եւ լրագրողական կազմակերպություններ, հասարակական ու քաղաքական գործիչներ դիմել են իրավապահներին, որպեսզի նախընտրական շրջանում ապահովվի իրենց անվտանգությունը, եւ ֆեյսբուքյան կեղծ հաշիվները, որոնցից իրենց վերաբերյալ վարկաբեկող եւ զրպարտող գրառումներ են կատարվում, բացվեն` հետագայում նման խնդիրներից խուսափելու համար: Հայտնել ենք նաեւ, որ խնդիրը պետական մակարդակով եւս քննարկվում է: Ըստ այդմ՝ հայրենի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ քննարկում են կեղծ օգտատերերին գաղտնազերծելու մեթոդները: Խնդիրը, սակայն, այն է, որ, այսպես կոչված, ֆեյքը իրական օգտատերից տարբերելը դժվար եւ ժամանակատար գործընթաց է:
Հուսանք այս հանգամանքը չի խանգարի, որպեսզի «Ֆեյսբուքում» հաստատված եւ այնտեղ զրպարտչական մեկնաբանություններ ու ստատուսներ գրող անդեմ ստահակները ջրի երես դուրս գան:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ
2016 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս քրեադատավարական օրենքի, ինչպես նաեւ կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու համար ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել են կարգապահական վարույթներ, եւ 30 ծառայող ենթարկվել է պատասխանատվության: ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով՝ 18 ծառայողի նկատմամբ կիրառվել է զգուշացում, 6 ծառայողի նկատմամբ՝ նկատողություն, 2 ծառայողի նկատմամբ՝ խիստ նկատողություն, 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է կոչումի իջեցում մեկ աստիճանով, եւս 2 ծառայողի նկատմամբ՝ պաշտոնի իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժերը:
ՀԱՄԱՏԵՂ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ
ԱՊՀ յոթ երկրների տարածքում սկսվել են հակաօդային պաշտպանության միավորված համակարգի մասշտաբային վարժանքներ: ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ մարզումներին ներգրավված են մասնակից երկրների ավելի քան 130 հրամանատարային կետ եւ կործանիչ ավիացիայի Սու-27, Միգ-29, Միգ-31, ռմբակոծիչ ավիացիայի Սու-24, Սու-34, հարձակողական ավիացիայի Սու-25, հեռավոր ավիացիայի Տու-22, Տու-160, Տու-95 մոտ 100 ինքնաթիռ, Կա-27, Մի-8 ուղղաթիռներ: Վարժանքների ժամանակ մշակվում են օդային տարածքի եւ պետական սահմանների խախտման, ինքնաթիռի առեւանգման, ինչպես նաեւ վթարի ենթարկվող օդանավերի անձնակազմերին օգնություն տրամադրելու դեպքում գործողությունները: Ինքնաթիռների անձնակազմերը նաեւ մարտավարական գործողություններ կիրականացնեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի օդային տարածքում: Ստուգումներին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ՀՕՊ ուժերը:
ԳԵՐԷԺԱՆ ՏՈՄՍԵՐՈՎ
«Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից: Ռուսական ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաեւ հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնելու մասին: Քաղաքացիական ավիացիայի վարչության բաժնի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանն ArmLur.am-ին հայտնել է, որ ավիաընկերության տոմսերի սակագները լինելու են սկսած 10.000 դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին: