ՌԴ Սանկտ Պետերբուրգի համար 80 միջնակարգ դպրոցի ուսուցչական ու աշակերտական խումբը դպրոցի տնօրեն Յուրի Կոզիրովի գլխավորությամբ հյուրընկալվել է մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Նրանք իրենց աշնանային արձակուրդը որոշել են անցկացնել Երևանում ու ՀՀ մարզերում, ծանոթանալ մեր երկրին ու պատմամշակութային ժառանգությանը: Ճանաչողական այցի սկզբում ռուս հյուրերն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել են Ծիծեռնակաբերդ, ուր ծաղիկներ են խոնարհել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին, եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում:
ՌԴ հյուսիսային մայրաքաղաքից ժամանած մանկավարժներն ու դպրոցականները ծաղիկներ են խոնարհել նաև «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանին: Երևանում անցկացվող օրերի ընթացքում հյուրերին բավական հագեցած ճանաչողական ու մշակութային ծրագիր է սպասվում: