«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Կտրուկ, անսպասելի հարցերի ու բաց, անկաշկանդ պատասխանների միջոցով ընթերցողներն ավելի մոտիկից կծանոթանան հանրության կողմից արդեն ճանաչված անձանց էությանը, նրանց մարդկային որակներին, բնավորության առանձնահատուկ գծերին: Մեր հերթական զրուցակիցը հայկական շոու-բիզնեսի ամենաէպատաժային կերպարներից մեկն է` երգչուհի Ջուսը:
-Օրվա Ձեր ամենասիրելի հատվածը:
-Երբ ես եւ ամուսինս գնում ենք ինչ-որ գեղեցիկ տեղ` ընթրելու:
-Դեպքեր, երբ Ձեր անունը Ձեզ օգնում է:
-Օրինակ` երբեմն, երբ ճանապարհային ոստիկանները կանգնեցնում են մեքենաս, տեսնում են` ղեկին ես եմ, բաց են թողնում: Տարբեր խանութներում ինձ համար զեղչեր են անում, երբեմն նույնիսկ ապրանքն անվճար են տալիս, հաճախ նաեւ ինձ հյուրասիրություններ են անում: Այս ամենն, իհարկե, շատ հաճելի է:
-Ժամանակը չի հերիքում, որ…
-Ընդհանրապես չի հերիքում (ծիծաղում է): Ժամանակը չի հերիքում, որ ավելի շատ աշխատանքներ ներկայացնեմ իմ հանդիսատեսին: Օրն այնքան կարճ է, որ չեմ հասցնում ուզածիս պես այն տնօրինել:
-Կցանկանայիք լինել անտեսանելի՞, թե՞ ունենալ կախարդական փայտիկ:
-Միանշանակ` ունենալ կախարդական փայտիկ: Դրա միջոցով ես կգնայի տարբեր երկրներ, կմասնակցեի մի շարք փարթիների ու միջոցառումների (ծիծաղում է):
-Բույր, որ յուրահատուկ հիշողություններ է արթնացնում:
-Մանդարինի հոտը. այն միանգամից բարձրացնում է տրամադրությունս եւ ասոցացվում է Ամանորի հետ:
-Դեպք, իրադարձություն, որը 360 աստիճանով փոխեց Ձեր կյանքը:
-Ամուսնությունը: Դրանից հետո աշխարհայացքս փոխվել է. սկսել եմ ուրիշ ձեւով նայել իրերին. առաջվա «երեխայական» մոտեցումները չկան: Կարգավիճակի փոփոխությունն անդրադարձել է նաեւ իմ ստեղծագործական կյանքի վրա: Օրինակ` վերջերս թողարկեցի նոր տեսահոլովակ` «Հայաստան» երգի հիման վրա: Կարծում եմ` ոչ ոք ինձնից նման բան չէր սպասում:
-Հպարտանում եք, որ ունեք…
-Անսպառ էներգիա, որի արդյունքում նաեւ հետաքրքիր երգեր են ծնվում:
-Փորձում եք չշփվել այնպիսի մարդկանց հետ, որոնք…
-Որոնք մռայլ են, «նամռոտ» եւ նեգատիվ էներգիա են փոխանցում:
-Հնարամիտ եք, հավասարակշռված, թե համառ:
-Երեքը մեկում:
-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-«Ռեինկարնացիա» խմբի տեսահոլովակում նկարահանվելուց հետո շատերը կարծում էին, թե տղա եմ եւ նման խոսակցություններ էին տարածում (ծիծաղում է):
-Վտանգ, որից հազիվ եք փրկվել:
-Մի անգամ տաքսիով վթարի եմ ենթարկվել: Գլուխս ուժեղ խփեցի նստարանին, դեռ լավ է, որ լուրջ վնասվածքներ չստացա: Այդ ժամանակ շտապում էի ձայնագրության: Պատկերացրեք, որ այդ վիճակում, միեւնույն է, ձայնագրվեցի, եւ ամեն բան հաջող անցավ:
-Վայր, որտեղ հանգստանում եք:
-Բնության գիրկը:
-Սիրելի գիրքը:
-«Քամուց քշվածները» (Մարգարետ Միտչել):
-Ձեր քայլերը, երբ փորձում են Ձեզ հարվածել:
-Ուղղակի ծիծաղում եմ: Ինձ ինչքան հարվածում են, ավելի եմ ուժեղանում: Պատահել է, որ հարվածողը եղել է հարազատ մարդ, նա ինձ վերագրել է խոսքեր, որոնց հեղինակը ես չեմ եղել: Նա, ով, ի դեպ, մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչ է, նախընտրել է հավատալ մեկ ուրիշին եւ ոչ ինձ: Ես դա համարում եմ դավաճանություն:
-Աստծուն հավատալ-չհավատալու Ձեր «պատճառը»:
-Մենք լավ ենք իրար հասկանում: Ավելին` բազմիցս զգացել եմ, որ ունեմ պահապան հրեշտակ:
-Սիրելի ֆիլմերի ժանրը:
-Ֆանտաստիկա եմ սիրում, նաեւ սարսափ ֆիլմեր:
-Ամենաթանկը, որ ունեք:
-Մայրս:
-Ձեր սպասելիքները կյանքից:
-Ուզում եմ երեխաներ ունենալ եւ կարիերայում աճ արձանագրել:
«ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԴԵՄ ԵՄ ԳՆԱՑԵԼ ԻՄ ՍԿԶԲՈՒՆՔԻՆ»
Երաժիշտ, երգահան Արա Գեւորգյանն աշխատում է միանգամից մի քանի նախագծերի վրա. դրանցից մեկը կոչվում է «Սիրեցեք զմիմեանս», որի շրջանակում աշխարհի մի շարք երգիչներ Հայաստանից խաղաղության կոչ են անելու:
Երգահանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ համանուն ստեղծագործությունը, որն իրենց ազգային երաժշտական գործիքներով ներկայացնելու են 14 ազգի ներկայացուցիչներ, ունենալու է նաեւ մեկ այլ տարբերակ` երգի ու տեսահոլովակի տեսքով: Երգիչները ելույթ են ունենալու իրենց ազգային խորհրդանիշ-կառույցի մոտ, օրինակ` չինացին` Չինական պատի, հնդիկը` Թաջ Մահալի, ֆրանսիացին` Էյֆելյան աշտարակի եւ այլն: Իսկ արդեն տեսահոլովակի վերջնամասը նկարահանվելու է Հայաստանում` Խոր Վիրապ վանքի մոտ: «Բոլորը պետք է իմանան, որ մենք օկուպանտ չենք, զավթիչ չենք եւ մենք կպարտադրենք խաղաղություն»,-շեշտեց Արա Գեւորգյանը:
Նա տեղեկացրեց, որ աշխատում է նաեւ մեկ այլ նախագծի վրա, որը կոչվում է «Մի՛ կրակեք երեխաների վրա»: Երգահանը ներկայացնելու է Կոմիտասի «Օրոր» ստեղծագործությունը` սեփական մշակմամբ. «Այդ գործը նվիրվելու է աշխարհի բոլոր երեխաներին, որոնք զոհ են գնում պատերազմին կամ տուժում են այդ երեւույթից: Կոմիտասը կներկայացվի ժամանակակից ռիթմերով: Առհասարակ, երբ ես գործիքավորում եմ որեւէ ստեղծագործություն, անպայման պահպանում եմ մեղեդին, դրա հուզականությունը, համն ու հոտը, միեւնույն ժամանակ` այդ գործին «հագցնում եմ» ժամանակակից հագուստ: Սակայն այս պարագայում ես իմ ստեղծագործական կյանքի ընթացքում առաջին անգամ դեմ եմ գնացել իմ սկզբունքին. Կոմիտասի «Օրորը» մեղմիկ, քնքուշ օրորոցային է, բայց ես դրան «հագցրել եմ» զարհուրելի հագուստ, որն իր մեջ պարունակում է տագնապ, վախ եւ դրանով հանդերձ բավական ազդեցիկ է: Մտադիր ենք նկարահանել նաեւ համապատասխան տեսահոլովակ, որը կփոխանցի պատերազմական պատկերը: Այդպիսով` մենք կբարձրացնենք մեր ձայնը` ընդդեմ պատերազմների»,-մեկնաբանեց Արա Գեւորգյանը:
Նա նաեւ հավելեց, որ նոյեմբերի 4-ին Սիդնեյում տեղի է ունենալու իր համերգը, որին ներկա են լինելու դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ու 15 հայ երաժիշտներ:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՄԱՆՍՈՒՐՅԱՆԱԿԱՆ ԵՐԵԿՈ
«Բարեկամ» մշակույթի, արվեստի եւ սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ն եւ «Պրոֆ պրոդաքշն»-ը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նոյեմբերի 18-ին, Գյումրու «Սեւ բերդ» ամրոցում կներկայացնեն ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Կհնչեն հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Գիշերերգ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երեւանի պետական կամերային երգչախումբը, Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը: Երեկոյին հանդես կգան մենակատարներ` երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, Հենրիետտա Հարությունովան, Հովհաննես Գրիգորյանը, Յանա Դարյանը, Արթուր Ավանեսովը:
ՀԱՅ ՈՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ
Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը լույս է ընծայել Անդրանիկ Ծառուկյանի «Մանկություն չունեցող մարդիկ» գրքի թուրքերեն թարգմանությունը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1955թ.-ին, Բեյրութում եւ պատմում է ցեղասպանության տարիներին Դեր Զորի ճանապարհով Հալեպ հասած մանկահասակ հայ որբերի՝ նոր գաղթավայրում ապրած դժվարությունների մասին:
«Իրենց հասակից մեծ գործեր ձեռնարկող եւ կյանքից իրենց հասանելիք ամենամեծ բաժինը պոկել աշխատող այդ որբերի մոտ չքավորության ու ոչ ոք չունենալու զգացողությունը հասնում էր մինչեւ ոսկրածուծ, սակայն դա նրանց չէր խանգարում ապրել մի աշխարհում, որի օրենքները հենց նրանք էին սահմանել»,-գրքի նկարագրության մեջ այսպես է ներկայացրել Ծառուկյանի ստեղծագործությունն «Արաս» հրատարակչությունը:
ԴԵՓԸ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կնկարահանվի Հարի Փոթերի մասին պատմող նոր ֆիլմում: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը` հղում անելով Warner Bros ստուդիայի ներկայացուցչին: Թե կոնկրետ ինչ դեր է նրան վստահվել, դեռեւս գաղտնի է պահվում:
«Ֆանտաստիկ արարածները եւ որտեղ են նրանք բնակվում» ֆիլմում Դեփը կներկայանա էպիզոդիկ դերով, սակայն ֆիլմաշարի շարունակության մեջ նրա դերն ավելի մեծ կլինի:
Նշենք, որ ֆիլմի առաջին մասի պրեմիերան կկայանա այս տարվա նոյեմբերի 18-ին, երկրորդինը` 2018-ին: