Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացում, կրթության ոլորտի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ, նախարար Լևոն Մկրտչյանը նշել էր, որ բյուջեի մեծ մասը կծախսվի աշխատավարձերի վրա, հավելելով, որ պետք է փոխվի դպրոցական համակարգը, քանի որ կան քիչ աշակերտներ ունեցող դպրոցներ և պետք է անցում կատարվի էլեկտրոնային ուսուցման համակարգի:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց տնտեսագետ Զոյա Թադևոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց.« Ես չեմ գտնում, որ դա ճիշտ է: Եթե աշակերտները քիչ են, ուրեմն պետք է կանգնեցնել, եթե նա քաղաքական ուժի ներկայացուցիչ է, պետք է հնարավորինս ամեն ինչ անի, որպեսզի արտագաղթը կանխվի»:
Ըստ Զոյա Թադևոսյանի՝ տարեկան 50 հազար արտագաղթողի մեջ , առնվազն 10 հազարը դպրոցական տարիքի երեխաներ են:
«Պետք է պարտադիր կանխել, ամեն ինչ անել՝ արտագաղթը նվազեցնելու ուղղությամբ, որպեսզի ունենանք այդ աշակերտը, ուսանողը, քաղաքացին»,-ասաց նա:
Զոյա Թադևոսյանի կարծիքով՝ դա ճիշտ մեթոդ է, և հետո դա ուսուցիչ-աշակերտ , ուսանող- դասախոս հարաբերությունների մեջ ձևավորվում են քաղաքացի, մարդ , հոգեկան աշխարհ, ձևավորում են շրջապատի հետ առնչություն, մարդկային հարաբերություններ: Այս ամեն ինչը տեղի է ունենում կենդանի շփումների հիման վրա, իսկ այդ ռոբոտացման մեթոդը անընդունելի է:
«Այսօր այս հնարավորությունները զարգացած երկրներն ունեն և չեն օգտագործում: Եթե մեր վիճակը քաղաքական ուժերից վատ կառավարման հետևանքով գնալով ծանրանում է, դա չի նշանակում, որ մարդը այստեղ պետք է տուժի»,-եզրափակեց նա:
Լիդա Եղիազարյան