Այս տարվա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած բախումների առիթով հարուցված քրեական գործի ընթացքը կարծես թե աշխուժանում է: Արդեն «ուռկանում» են հայտնվում նաեւ «խոշոր ձկները»:
«Ժողովուրդ»-ին, սակայն, հաջողվեց որոշ մանրամասներ իմանալ տարվող քննության ընթացից: Մեր տեղեկություններով՝ վերջերս ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել Սարի թաղի գործով գլխավոր դերակատարին՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին: Սա արդեն հետաքրքիր իրադարձություն է, քանի որ Արշակ Հակոբյանը մինչ այս եղել է, կարելի է ասել, անձեռնմխելի անձ, որին իր անմիջական ղեկավարը հովանավորել է ամենատարբեր իրավիճակներից «մաքուր» դուրս գալու համար:
Բայց այս անգամ Արշակ Հակոբյանը ստիպված է եղել քննիչներին մանրամասն բացատրել, թե ինչու էր հայտնվել դեպքի օրը այդ վայրում, ինչ էր անում, ում էր ուղղորդում եւ այլն: Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ հատուկ քննչական ծառայություն է հյուրընկալվել նաեւ Սարի թաղի գործող անձանցից մեկը՝ ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանի եղբայր, ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը։ Հիշեցնենք՝ Երանոսյանն այդ օրը լուսաձայնային նռնակը ձեռքին ակտիվ մարտնչում էր ՀՀ քաղաքացիների դեմ:
Քննիչները մանրամասն հետաքրքրվել են, թե դեպքի օրը որտեղ է կանգնած եղել Լեռնիկ Երանոսյանը, ինչու էր գնացել այնտեղ, որտեղից էր ստացել ձեռքի նռնակը, ո՞ւմ հրահանգով է գործել, արդյո՞ք հասցրել է նետել ձեռքի նռնակը, եւ ո՞ր ուղղությամբ է այն եղել: Թե ինչ է պատասխանել Երանոսյանը, «ժողովուրդ»-ին առայժմ պարզել չհաջողվեց:
Միայն իմացանք, որ ՀՔԾ-ում են եղել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը (նասկի), քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբորորդին, Տիգրան Մելոյանը եւ էլի շատ ակտիվ դեմքեր:
Ըստ ամենայնի, նշվածները գործում առայժմ ներգրավված են որպես վկաներ, իսկ թե հետագայում նրանց կարգավիճակն ինչ փոփոխության կենթարկվի, դեռ վաղ է ասել: Ամեն դեպքում ՀՀ հատուկ քննչական ծառայության այս համարձակությունը ողջունելի է, որ նրանք, ի վերջո, հասան բարձրաստիճան դերակատարների հարցաքննությանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան